27/03/2019 «Երկիր Ծիրանին» զգուշացնում է Նիկոլա-Թագուհիական մամուլին

«Երկիր Ծիրանին»

զգուշացնում է Նիկոլա-Թագուհիական մամուլին

 

 

 

 

2019 թվականի մարտի 27-ին «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել առ այն, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ և բողոքի ակցիաների մասնակից Սամվել Մովսիսյանը, հավանաբար, ՀՀ-ում գործող «որոշակի շրջանակներից ուղղորդվող ունիվերսալ ցուցարարների խմբից է», և որ այդ խումբը «խնդիր ունի տարատեսակ թեմաներով բողոքի ցույցեր կազմակերպել ու էկրաններից քննադատել իշխանություններին` նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա երկրում…»:

 

 

Արձանագրենք սույն լրատվամիջոցի և բոլոր հետաքրքրվողների համար, որ Սամվել Մովսիսյանը, իրապես, «Երկիր Ծիրանի» կուսակցության գործուն անդամներից է, ով մշտապես պայքարել է բոլոր տեսակի անարդարությունների դեմ և մասնակցել է Համահայկական Մեծ Ընդվզման բոլոր գործողություններին, որոնք դեռևս 2017 թվականի կեսերից նախաձեռնել և կենսակոչում էր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

 

Սամվել Մովսիսյանը, ունենալով տարադրամի փոխանակման կետ, այսօր ևս շարունակում է իր արդարացի բողոքի ձայնը բարձրացնել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի համար բազմակի անգամ ավելացվող պետական տուրքի դեմ:

 

 

 

 

 

Ցավալի է, որ լրատվամիջոցը, փոխարենն ակտիվորեն լուսաբանելու վերոնշյալ նախագծի դեմ ընդվզող հարյուրավոր քաղաքացիների բողոքի գործողությունն ու դրդապատճառները և իր խմբագիր-պատգամավորի միջոցով Ազգային ժողովում ընդդիմանալու «Թավշյա» կառավարության այդ նախաձեռնության դեմ` լծվել է բողոքի գործողության «Երկիր Ծիրանի»-ի գործուն մասնակցին պիտակավորելու անբարո աշխատանքին:

 

Ի գիտություն սույն լրատվամիջոցի և վերոնշյալ նյութի հեղինակի` հարկ ենք համարում հայտնել, որ կեղծ և զրպարտչական լուրերի տարածման համար ներկայիս իշխանական մամուլը շարունակում է դրսևորել իր նախորդի վարքագիծը` չի հանդուրժում այլ կարծիք և ընդդիմախոսություն:

 

Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությանը, ապա այո` և՛ մինչ «Թավշյա տեղափոխությունը» մենք չենք հանդուրժել Նարիմանով Սերժին ու օրենսդիր Շմայսին, և՛ այսօր չենք պատրաստվում հանդուրժել  նրանց կողմից ընդունված օրենքների Նիկոլա-Թագուհիական արդիականացմանը: Թագուհիական մեկնաբանությունը` «որոշակի շրջանակներից ուղղորդվողների» մասին, մատնում է սույն կեղծ լուրի հեղինակի աշխատաոճը` երբ այն իշխանություն չէր, «որոշակի շրջանակներից ուղղորդվողների» պատվերով էր քննադատում իշխանությանը:  Նման կեղծ զրպարտչական նյութ տպագրելը կարելի է գնահատել որպես հիվանդի հոգեբանություն` ով ինչպես աշխատել է, այդպես էլ գնահատում է այլոց աշխատանքը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր-պատգամավորին զգուշացնում ենք, որ իրենց առջև կանգնած են իրենց առաջնորդի սպառնալիքներից չվախեցող, ասֆալտին պառկեցնելու թատրոնը և Նիկոլ Վովաևիչի թամադայությամբ կառավարություն-խորհրդարան տրագիկոմեդիայի խաղարկության թատերաշրջանը մերժող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` իր գործուն և ազնիվ անդամների հետ:

 

Բոլոր իշխանական լրատվամիջոցներին իրազեկում ենք, որ համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի` Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության տարբեր ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջամտությունը կուսակցությունների գործունեությանը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի` Կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը` պատժվում է:

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

27 մարտի 2019թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝