11/03/2019 Հայտարարություն

Հայտարարություն

 

 

 

 

Չունենալով տնտեսական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգ և երկրի զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագիր, չունենալով առաջարվող հարկային բեռի ավելացման վերաբերյալ սոցիալ-տնտեսական և ֆինանսական ազդեցության գնահատական, առաջնորդվելով օրեցօր խորացող խնդիրներին ըստ իրավիճակի անձեռնասուն լուծում տալու հոգեբանությամբ` «Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին:

 

Այսպես կոչված «հեղափոխական» իշխանության քայլերի դեմ չդադարող բողոքի գործողություններն այսօր ավելացան ևս մի քանիսով:

 

 

 

 

Կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին.

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանց արդարացի բողոքն ուղղված է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեմ, որով նաև սահմանվում են` գրավատների և փոխանակման կետերի համար բազմակի անգամ ավելացնել պետական տուրքը` համապատասխանաբար 100.000 դրամը դարձնելով 6 միլիոն, իսկ 50.000 դրամը` 3 միլիոն դրամ:

 

 

 

 

 

«Հեղափոխական» կառավարությունը հերթական անգամ հաշվի չի առնում օրենքի նախագծի ընդունման բացասական հետևանքները, ի մասնավորի` աշխատող և իրենց ընտանիքները պահող մարդկանց գործազուրկի կարգավիճակում հայտնվելը, մինչդեռ այդ օրինագծով հազարավոր մարդիկ կզրկվեն իրենց ապրուստի միջոցներից: 

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները ևս մաս են կազմում այս շարժմանը և սատարում են գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների արդար բողոքին:

 

Գազավորված ըմպելիք արտադրողները բողոքում էին հարկային բեռի, մասնավորապես` ակցիզային հարկի բարձրացման դեմ: Նրանք բարձրաձայնում էին, որ հարկային նման փոփոխության հետևանքով ազգային տնտեսության մրցունակություն և ներդրումային գրավչության չի կարող ապահովվել: 

 

 

 

Նախապես, ամբողջությամբ չքննարկված, առանց անհրաժեշտ պատշաճ հիմնավորումների նման փոփոխություններն իրականացնելը ստեղծում է լրացուցիչ սոցիալական լարվածություն:

 

Կենսական պահանջ է խնդիրներին մոտենալ լրջությամբ և անհրաժեշտ մասնագիտական մոտեցմամբ: Միևնույն ժամանակ հաշվի առնել, որ այս գարնանը «թավիշը»  նորաձև չէ:

 

 

 «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

11 մարտի 2019թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝