Շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հայերիս բնօրրանը` Հայկական բարձրավանդակը և նրա հարակից տարածքները, միշտ եղել են ոչ միայն մեր թշնամիների, այլև աշխարհի գերտերությունների շահերի համար տիրելու թիրախ: Այդ պատճառով էլ հայ ազգը մշտապես բանակ ունենալու անհրաժեշտություն է զգացել: Ցավոք` միշտ չէ, որ նա ունեցել է իր զինված ուժերը: Տևական ժամանակ հայոց պետականության չգոյության պայմաններում, հայոց զինվորականությունը ստիպված ծառայել է oտար երկրների զինված ուժերի շարքերում: Մենք դարեր շարունակ զրկված լինելով սեփական բանակ ունենալու հնարավորությունից, կորցրել ենք մեր բնականոն զարգացումը ապահովող` մեզ պատկանող մեր կենսական նշանակության հողերից և ենթարկվել ցեղասպանության:
Մենք գիտենք մեր կորուստները…
Շուրջ 450 հազար քառակուսի կիլոմետր ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ, այսօր հայ ազգը իր ինքնությունը պահպանում է ընդամենը 42
հազար քառակուսի կիլոմետր ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԻ վրա:
Արդի հայկական պետականության վերականգման արշալույսին` Արցախյան հերոսամարտին զուգընթաց, հայոց բանակի ստեղծման բարդ ու դժվարին, միևնույն ժամանակ կազմակերպված կարևոր գործընթացն ի շնորհիվ մեր ռազմական և քաղաքական գործիչների հեռատեսության, մեր ազգի զինվորների անգին կյանքերի և արյամբ` ստեղծվեց Հայոց մարտունակ բանակը:
Մեր արդի բանակը, որպես պետական կայացած ինստիտուտ, իր կարևոր քննությունը լավագույնս հանձնեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ:
Հայո՛ց բանակ, աշխարհը գիտի քո հնամենի ուժի մասին:
Դու քո փառունակ ուժը ի ցույց ես դրել դեռ Գավգամելայի դաշտավայրում:
Հայո՛ց բանակ, մեր դարավոր անկումից հետո դու առաջին անգամ զիջելու փոխարեն թշնամուց հետ վերադարձրեցիր մեր հայկական հողը:Հայո՛ց բանակ, քո հարվածից այլևս թուրք-ադրբեջանական տիրապետությունը երբեք ոտքի չի կանգնելու:
Սպասվող ճակատամարտերում քո տարած հաղթանակը ունենալու է հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն և դասվելու է պատմության մեծագույնների շարքին:
Մենք լավ ենք ճանաչում մեր թշնամիներին:
Մենք զգոն ենք, բայց ոչ լարված:
Մենք հանգիստ ենք, բայց ոչ թմրած:
Մենք արթուն ենք և մարտական տրամադրված:
Սիրում եմ քեզ Հայո՛ց Բանակ և շնորհավորում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյան
28 հունվարի 2019թ.
Երևան
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝