21/01/2019 Թավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով

Թավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով

 

 

 

 

 

 

Հանրային իշխանությունների ներկայացուցիչների վարձատրությունը հանրային գումարներից` պետական բյուջեից չի կարող լինել կամայական և առանց   oրենքով նախատեսված հիմքի: Ներկայիս գործադիր իշխանության ղեկավար` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իբրև Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ նրա կողմից նշանակված մարզպետները և նրա կողմից ըստ էության նշանակված Երևանի քաղաքապետը կատարել են գործողություններ, որոնք բնութագրվում են որպես կոռուպցիոն գործարքներ:

 

 

 

Թավշյա կոռուպցիայի երկու դեպքերի նկարագրությունը, որոնցից մեկը առընչվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված գործողությանը` քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրելուն, իսկ երկրորդը մարզպետների կողմից իրենց և իրենց աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրությանը վկայություն է Հայստանում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով:

 

 

 

 

 

 

 

Հայկ Մարությանի դեպքում դեռ պարզ չէ նա ում է պարգևատրել, որքան և ինչ սկզբունքով (Հայկ Մարությանը պարգևատրված անձանց անունները, նրանց տրված գումարի չափը գաղտնի է պահում): Հայկ Մարությանի կողմից կատարված գործողության իրավակարգավորումը պետք է տեղի ունենար Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքով և  Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով, մինչդեռ այս ընթացակարգերի պահպանման վերաբերյալ Հայկ Մարությանը ապացույց չի ներկայացրել: Նրա կողմից կատարված պարգևատրումների վերաբերյալ օրենքով նախատեսված ինչ չափանիշ  է կիրառվել պարզ չէ:

 

 

 

 

 

 

 

Երկրորդ դեպքում` մարզպետների գործողությունները որպեսզի կրեն օրինական բնույթ. նրանք պետք է` պետական պաշտոն զբաղեցնող անձին (հանրային ծառայողին) պետական բյուջեից` այսինքն հանրային միջոցներից տրամադրեն պարգևատրում օրենքով նախատասված հիմքով: Տվյալ դեպքում մարզպետները պետք է ղեկավարվեին  Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, որը սահմանում է հետևյալը. Պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի)  գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Մինչդեռ պարգևատրում ստացած անձանց ծառայողական գործունեության  կատարողականի գնահատականը, նրանց կողմից հատուկ առաջադրանքներ և որակյալ գործունեության արդյունքը արձանագրված չէ:

 

 

 

 

 

 

Համաձայն` Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Մարզպետների կողմից թավշյա կոռուպցիայի հետևանքով պարգևատրում են ստացել անձինք, ովքեր հանրային ծառայության մեջ են եղել մեկ կամ երկու ամիս, այսինք պակաս քան կես տարի` ինչը պահանջում է օրենքը:

 

 

Օրինականության սկզբունքի ոտնահարմամբ հանրային գումարների կառավարումը, և նախորդ իշխանության ժամանակ, և այսօր  արձանագրում է չարաշահումներ, որը բնութագրվում է, հանրային միջոցների յուրացում` կոռուպցիա, պետության կառավարման բարձր օղակներում:

 

 

 

Ցավալի է, սակայն փաստ, 2018  թվականի ապրիլյան Մեծ Համահայկական ընդվզումից հետո էլ կոռուպցիան Հայաստանում շարունակում մնալ պետական կառավարման բարձր մակարդակում:

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կառավարման շուրջ 9 ամսյա գործունեությունը և մեղադրում նրան  Հայաստանում գործող շուրջ քառորդդարյա բռնապետական համակարգի շարունակականությունը ապահովելու հանցագործության մեջ, որը տեղի է ունենում նաև պետական կառավարման բարձր մարմիններում կոռուպցիոն գործարքների իրականցման միջոցով:

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

21 հունվարի 2019թ.

Երևան

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝