26/12/2016 ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

 

 

 

 

 

Հանրությունը դեռ չի հասցրել լիովին ընկալել ու քննադատել առնվազն ևս երկու տարի կռացած երթևեկելու, ամենօրյա տրանսպորտային խցանումների մեջ հայտնվելու, հին վերելակներով ահաբեկված տեղաշարժվելու և քաղաքային իշխանության ներկայացրած այլ «հեռանկարները», իսկ  գործող իշխանությունն արդեն նախաձեռնել է հերթական  «բարեփոխումը»` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Նախագիծն արդեն իսկ արժանացել է հանրային և փորձագիտական լուրջ քննադատության և ընդդիմադրության, հատկապես՝ անթույլատրելի են համարվում Մշակույթի, Սփյուռքի և Գյուղատնտեսության նախարարությունների լուծարումը (կրճատումը/վերակազմավորումը):

 

«Օպտիմալացման» անվան ներքո հազարավոր մարդկանց աշխատանքից զրկելով, թողնելով գործազուրկի կարգավիճակում և ավելի ծանրացնելով առանց այն էլ երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը՝ գործող իշխանությունները սույն նախաձեռնությամբ, ըստ էության, նաև թուլացնում են հայ ժողովրդի դիմադրողականությունը:   

 

«Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են» սահմանադրական նորմը գործող իշխանությունը յուրովի է ընկալել: Աշխարհին հիմնականում մշակութային ժառանգությամբ ներկայացող մեր ազգի այցեքարտը զորեղացնելու, հայկական մշակութային բազմաշերտ ժառանգությունը մեր երկրում և նրա սահմաններից դուրս պահպանելու ու վերականգնելու առաջնահերթությունները սպասարկելուն կոչված Մշակույթի նախարարության հնարավորություններն ու իրավասություններն արդյունավետորեն համալրելու փոխարեն` գործող իշխանությունը հանդես է գալիս օտարահաճո նախաձեռնությամբ` փաստացի տարալուծելով համազգային նշանակության Մշակույթի նախարարությունը:

 

Իրեն «հեղափոխական» կոչող կառավարությունը պարտավոր էր հեղինակել մշակութային քաղաքականության հայեցակարգ և աշխարհին ազդարարել հայ մշակույթի համաշխարհային նշանակությունը, մինչդեռ  լծվել են մշակույթի մեկ ու ամբողջական համակարգված պետական կառույցի կազմաքանդմանը: Մշակույթի բազմաճյուղ ոլորտները` կինոն, գրականությունը, թանգարանները, պատկերասրահները, պատմամշակութային հուշարձանները, գրադարանները, թատրոնը, երգարվեստը, նկարչությունը, քանդակագործությունը պետական ամբողջական և ամենօրյա հոգածության ներքո պետք է գտնվեն, ինչի այլընտրանքը` սեփական պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը ժողովրդից օտարացնելն է:    

 

Մեր հայրենակիցների թիվն աշխարհում մի քանի անգամ ավելին է, քան մեր երկրում: Իրեն «հեղափոխխական» կոչող և հայրենադարձության մասին խոսող կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների վերադարձի պետական ծրագրի մշակումն ու հանրայնացումը, ապա և` Հայրենիք վերադարձել ցանկացողների կազմակերպչական բազմատեսակ հարցերին արդյունավետ և արագընթաց լուծումներ տալը: Այս ամենը նույնպես պետք է կատարվի պետական մեկ ու ամբողջական համակարգված կառույցի միջոցով, մինչդեռ հանրությունն ականատեսն է հակառակ պատկերի` Սփյուռքի նախարարության լուծարմանը:

 

Խիստ դատապարտելի է նաև այսօրվա գործող իշխանության կողմից նախորդ իշխանություններին կրկնելու հերթական դրսևորումը, երբ առանց պատշաճ իրազեկման և հանրային լայն քննարկման սկսում են կյանքի կոչել քննադատության չդիմացող իրենց նախաձեռնությունը, ինչի իրագործման դեպքում նաև` հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից: 

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նաև նախատեսվող` Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների լուծարումը և դրանք մաս-մաս ու այլ կարգավիճակով պետական ուրիշ կառույցների կազմում ներառելը փաստացի համարժեք է անհաղթ հայկական մշակույթի հզոր ու բազմաշերտ արժեքները հայ ժողովրդից օտարելու և Սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցների կապը Հայրենիքի հետ թուլացնելու հանցավոր փորձի: Օպտիմալացումը որպես արդարացում և նախընտրական խոստման կատարում ներկայացնող (բազմաթիվ այլ խոստումների արհամարհման պարագայում) գործող իշխանությունները պարտավոր են չեղարկել սույն օրենքի նախագիծը` հետայսու հեռու մնալով քաղաքականությունից ու տնտեսությունից վեր գտնվող հայ մշակույթի վերաբերյալ բացասական որևէ ազդեցություն գործելու փորձից: Քաղաքակիրթ երկրներում՝ զարգացած մշակույթն ու կրթությունն են մրցունակ քաղաքականության և տնտեսության հիմքն ու երաշխավորը:

 

 

Արամ  Ենոքյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության Ժողովի անդամ

 

26 դեկտեմբերի 2018թ.

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝