19.11.2018 ԶԵՆՔՈՎ ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ԶԵՆՔՈՎ ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

 

 

Մոսկվայում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես մոր ու կնոջ խոսք, մասնավորապես նաև ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։

 

 

Ցավում եմ, որ տիկինը կարևորություն չի տալիս ու անգամ տեղյակ չէ՝ ինչպես և ինչու է ծագել կոնֆլիկտը։ Իհարկե, ցավալի է մարդկային կորուստը թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ խաղաղ պայմաններում։ Մենք՝ հայ կանայքս ու մայրերս, կողմ ենք խաղաղությանը, ոչ մի մայր չի ցանկանում պատերազմ, մոր համար ամենադաժան փորձությունը զավակի կորուստն է: Այսօր մեր զավակները սահմանին են ու մահվան դեմ հանդիման պահում են սահմանը: Մեր հայրերն ու ամուսինները կենաց-մահու կռիվ են տվել հանուն հայկական հողերի ազատագրման ու վերամիավորման, և այդ «չգիտես որտեղից ծագած կոնֆլիկտը», ինչպես տիկինն է ասում, մեզ համար շատ գիտակցված, ազգապահպանության և հայրենապահպանության առաքելություն է արդի Հայկական պետականության ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կենսական պահանջ յուրաքանչյուր հայի համար: Եվ հենց այդ պահանջը համախմբեց իր շուրջ ողջ հայությանը, ստիպեց զենք վերցնել ու ազատագրել մեր Հայրենիքի սուրբ հողերը։ Դուք չեք կարող և իրավունք չունեք հազարավոր զոհերի գնով, արյամբ ազատագրված հողերի համար պայքարը համարել «չգիտեմ որտեղից ծագած կոնֆլիկտ»:

 

Հաջորդ հայտարարությունը։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն է՝ վախվորած և անհանգիստ»: Չգիտեմ՝ տիկին Աննան որտեղ է տեսել ադրբեջանցի զինվորների դեմքի արտահայտությունը, բայց չեմ կարծում, որ մահացած զինվորի դին գլխատելը կամ քառատելը, տատիկ-պապիկներին խոշտանգելն ու սպանելը հնարավոր է անել վախվորած ու անմեղ դեմքի արտահայտությամբ։ Իսկ ինչ մնում է մեր տղաներին, մեր անգին՝ հարյուրից ավելի մահապարտներին, ովքեր արնաքամ եղան, բայց չնահանջեցին, ովքեր առանց զենքի, բահերով ու ձեռնամարտով չզիջեցին իրենց դիրքերը՝ անգամ նահանջի հրաման ստանալով, ապա ինչպե՞ս կարող են այդ առյուծ տղերքը վախվորած ու անհանգիստ դեմք ունենալ։

 

Տիկին Աննան տեղյակ չէ նաև պատմությունից։ Մխիթար Սպարապետի տիկին, իշխանուհի Սաթենիկի օրինակով փորձեց կոչ հնչեցնել՝ խեղաթյուրելով այդ կոչի իմաստն ու նպատակը։ Սաթենիկ իշխանուհին կոչ էր անում հայ կանանց, որ իրենց թանկարժեք զարդերը վաճառեն ու զենք գնեն, որպեսզի զինվենք ու պայքարենք թշնամու դեմ։ Տիկին Աննան կոչ է անում զարդերը նվիրաբերել հիմնադրամին, ու հայտնի չէ, թե ինչին է ծառայելու այդ հիմնադրամը, և առաջարկում է զենքերը տանել պահեստներ, որպեսզի այնտեղ ժանգոտեն, իսկ փամփուշտներից՝ զարդեր պատրաստեն։ Ու այս հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ Ադրբեջանն ինչքան ուժ ունի, մինչև ատամները զինվում է նորագույն ռազմական տեխնիկայով և դրա համար չի խնայում ոչ մի ֆինանսական ռեսուրս։ Այս շոու ծրագիրը, որը նախատեսում է սպիտակ հանդերձներով կանանց դեմարշ դեպի սահման ու այնտեղից ի լուր աշխարհի խաղաղության կոչի հնչեցում, նվաստացուցիչ, պարտվողական և դավաճանական քայլ է։

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը դատապարտում է նման մտածելակերպն ու գործելաոճը։ Մենք հայտարարում ենք ոչ միայն մեր, այլ նաև հազարավոր կանանց անունից, որ խաղաղությունը՝ արժեք է, և ցանկացած արժեք ունի իր գինը։ Մենք դատապարտում ենք «Խաղաղություն տարածքների դիմաց» գինը, խաղաղություն՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների դիմաց գինը։ Խաղաղությունը հենց այնպես չի տրվում, առավել ևս՝ պայմանավորվածություններով ու քաղաքական խաղերով։ Խաղաղությունը նվաճում են հաղթանակով, ամրագրում են հակառակորդի կապիտուլյացիայով և հաստատում են օրենքով։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց մեր զենքը մեր ձեռքին է, և այն վայր չենք դնի անգամ լիակատար հաղթանակի դեպքում, հաղթանակ, որը ուղի կբացի ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ։

 

Իրինա Հարությունյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդ

19.11.2018թ.

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝