ԳԱՅԼ ՏԵՍԱԿԸ ԱՆՄԱՀ Է

ԳԱՅԼ  ՏԵՍԱԿԸ  ԱՆՄԱՀ  Է

 

 

«Արցախն իմ ամեն ինչն է, Արցախն իմ էությունն է, Արցախով ապրում և շնչում եմ»: Այս հրաշալի բառերի հեղինակը մեզ լքեց՝  հեռանալով դեպի  մշտնջենականություն: Նա մեզ լքեց իր երկրային ուղու 47-րդ տարում:

 

Հայոց նորանկախ պատմության քառորդ դարն ու իր  հրաշունչ երիտասարդությունը նա ապրեց հերոսաբար` մեր ազգային իղձերի իրականացման համար անմնացորդ նվիրումով: Նրան մենք ճանաչում ենք որպես Միայնակ Գայլ: Մեր սիրելի՛ Գայլ` Արայիկ Խանդոյան, Ազգային հերոս, ոչ միայն ազգային կերպար, այլև բացառիկ ու համամարդկային, արդարության, ասպետության, վեհության խորհրդանիշերից մեկը:

 

Սիրելի՛ Արայիկ, քո ապրած հերոսական կյանքով ի ցույց դրեցիր Գայլերի և Շների տարբերությունը: Մեր քառորդդարյա պատմության ընթացքում Գայլ տեսակի նկատմամբ հանցավոր որսի ընթացքում երբեք չընկրկեցիր և չհանձնվեցիր, հաստատեցիր՝ Գայլի սրտում ահ չկա, նա երբ պոռթկում է, ապա արնախում շների բազմությունը սարսափած նահանջում է` հեռու է մնում Գայլերից: Որևէ անգամ չխախտեցիր Գայլերի ավանդույթը: Ինչո՞ւ, որովհետև ծննդյանդ օրվանից սնվել ես Գայլ տեսակի մայրական կաթով, որին խորթ են ծառայամտությունը, նյութապաշտությունը և մորթապաշտությունը: Գայլերի նկատմամբ իրականացված որսը դեռ չի պատժվել, նրանց դարանակալ ու նենգ հարձակումից մնացած արյունոտ հետքերը դեռ թարմ են, և շները դեռ շարունակում են չարացած վնգստալ, չնայած որ նրանց մի մասը ուժահատ է…

 

Սիրելի՛ Արայիկ, դու ընդմիշտ մեզ հետ ես, քո ապրած կյանքի օրինակով` մեր ոտքերն ամուր են, արագ  ու  ջլուտ, մեր ուղեղը սթափ է և ունակ: Այո՛, Գայլերը չեն կարող այլ կերպ, նրանց ժամանակը երբե՛ք չի ավարտվում, նրանք ժպտում են և բարձրացնում հրացանը` հանուն Հայրենիքի, հանուն Քաղաքակրթության: Նորանկախ Հայաստանում Միայնակ Գայլ էիր, իսկ մեզ ֆիզիկապես լքելուց հետո, հերոսական  ոգիդ տարածվելով մեր մեջ՝ դառնալու է ուժի, առաքինության և արդարության Գայլ տեսակի Միասնություն: Գայլ տեսակի ցեղից ծնված, Գայլ տեսակի մորից սնված ազգին սպասում են մեծ հաղթանակներ:

 

Սիրելի՛ Արայիկ, մեր  հրաշո՛ւնչ  մարտիկ,  քեզ հրաժեշտի խոսքեր չենք ասում, ասո՛ւմ ենք` ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՆՇԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:

 

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

11 հոկտեմբերի 2018

Ֆրանսիա, Ստրասբուրգ

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝