04.04.2018 «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

 

Նախաբան

 

Հազարամյակներ անընդմեջ հայ ազգն ապրելով իր Հայրենի բնօրրանում` Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում, անմիջական ազդեցության կրողն է եղել աշխարհում տեղի ունեցած այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացների, ինչպիսիք են` քաղաքակրթությունների հերթափոխը, քաղաքակրթությունների բախումը, հասարակարգերի հերթափոխը, նոր աշխարհակարգերի ձևավորումը, կայսրությունների անկումը, նոր կայսրությունների և պետությունների ծագումը:

 

Չնայած այն հանգամանքին, որ որպես ազգ ունենք հազարամյակների պատմություն, ունեցել ենք հազարամյակների պետականություն մեր Հայրենի բնօրրանի շուրջ 450 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, այդուհանդերձ, մենք կորցրել ենք մեր քաղաքական հմտությունները, այսպես.

 

Մենք չարժևորեցինք մեր Հայրենի բնօրրանի և հայ ազգի կարևորագույն դերը աշխարհաքաղաքական գործընթացներում և աշխարհաքաղաքական շահերի համատեքստում:

 

Մենք չսովորեցինք խոշոր և ցնցող համաշխարհային  իրադարձություններից հետևություններ անել:

 

Մենք չմշակեցինք ծրագիր` դիմագրավելու արդի մարտահրավերները և յուրացնելու համաշխարհային  իրադարձությունները:

 

Մենք որպես ազգ` շարունակում ենք անհաղորդ մնալ համաշխարհային իրադարձություններին, ինչի հետևանքով ստիպված ընդունում ենք իրավիճակային, ոչ արդյունավետ որոշումներ:

 

Մեր ազգի անցած հատկապես վերջին շուրջ 100-ամյա պատմությունը մեզ համար հանդիպում էր ցնցող համաշխարհային իրադարձությունների հետ` Առաջին համաշխարհային պատերազմ, Օսմանյան և Ռուսական կայսրությունների անկում, մեր Հայրենի բնօրրանում այդ կայսրությունների փլատակների վրա նորացված` Թուրքիայի Հանրապետություն և ԽՍՀՄ, ԽՍՀՄ անկում, Արցախյան շարժում և Մեծ բեկում:

 

Հայ ազգի պատմության նշված դրվագները այսօր էլ շարունակում են մեզ համար մնալ չյուրացված դաս և չանցած դպրոց: Այս իրադարձությունները մեզ չստիպեցին մտածել մեր ազգի և մեր պետականության աշխարհաքաղաքական արժեքի ու դերի մասին, և մենք մտել ենք 21-րդ դար կրկին առանց ազգային քաղաքական կառուցվածքի` ներառող քաղաքական ինստիտուտների՝ նախագահություն, կառավարություն ու խորհրդարան և ազգային ծրագրի:

 

Մենք ներառող քաղաքական ինստիտուտների գործունեությունը չդարձրեցինք կյանքի նորմ և այդ նորմի ներքո ապրելը՝ չափանիշ։

 

Մեր ազգի նորագույն պատմության վերջին քառորդ դարը, ըստ էության, կրկնեց մեր անկարողությունը` լինելու հաղորդակից համաշխարհային  իրադարձություններին:

 

Այսօր կրկին աշխարհաքաղաքական վերաձևավորման (համաշխարհային նոր բախումների և ցնցումների)  շրջանում մենք՝ հայերս, թե՛ որպես ազգ և թե՛ որպես ազգային պետականություն, անկարող կլինենք դառնալ գործոն` աշխարհաքաղաքական իրադարձությունների սուբյեկտ, եթե չհաղթահարենք արդի Հայկական պետականության ձախողումը, չվերականգնենք մեր ազգին հասցված վնասները և չհիմնենք մրցունակ ազգային քաղաքական կառուցվածք ու չընդունենք ազգային ծրագիր:

 

1. Մրցունակ Հայկական պետականության վերականգնման անհրաժեշտ պայմաններ.

 

Մրցունակ ազգային պետականություն հիմնելու համար անհրաժեշտ նվազագույն պայման է ճանաչվում հայության նորագույն պատմության վերջին քառորդ դարի ընթացքում հայ ազգին և Հայոց պետականությանը հասցված՝ ներքոնշյալ գործողությունների հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ իրավաքաղաքական դատապարտման քաղաքականություն իրականացնելը, այն է.

 

  1. Անկախության շուրջ քառորդ դարն ազդարարել է Հայկական պետականության վերականգնման մասին, սակայն չի ծառայել ազգային և իրավական մրցունակ պետություն կառուցելու գործին՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  2. 1991 թվականից հետո Հայաստանում տեղի չի ունեցել ընտրությունների (ազատ, արդար և թափանցիկ) միջոցով իշխանության ձևավորում՝ այս փաստը պետք է դատապարտվի:
     
  3. 1991 թվականից հետո Հայաստանը հրաժարվել է դե-յուրե ճանաչել Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս` այս քաղաքականությունը պետք է վերանա:
     
  4. 1991 թվականին՝ Գետաշենի ենթաշրջանը (300 քառակուսի կիլոմետր),  1992 թվականին՝ Շահումյանի շրջանը (700 քառակուսի կիլոմետր) և Արծվաշենը (40 քառակուսի կիլոմետր) հանձնելու դավադիր ծրագրի իրականացումը պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական:
     
  5. Ադրբեջանի կողմից Հայոց հայրենիքի շուրջ 20.000 քառակուսի կիլոմետր տարածքի բռնազավթման փաստը քառորդ դար շարունակ հանցավոր լռության մատնելը Հայաստանի իշխանությունների հակազգային և հակապետական քաղաքականության դրսևորում է՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  6. Ժողովրդից յուրացված իշխանությունը (ի մասնավորի` 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015 և 2017 թվականներին) ստեղծել է բռնապետություն՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  7. Հայ ազգի զարգացման համար ամենակարևոր երաշխիք հանդիսացող Հայոց պետականությունը վերջին երեսուն տարում այդպես էլ չի կարողացել ապահովել հայ ազգի քաղաքացիական, քաղաքական, մշակութային, տնտեսական, գիտական և ռազմական վերելք՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  8. Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերս ի զորու չենք եղել զարգացնելու ազգային քաղաքական միտքը (քաղաքական կազմակերպությունները չեն իրականացրել ազգային քաղաքական ծրագիր)՝ այս իրողությունը պետք է վերանայվի:
     
  9. Վերջին շուրջ 25-ամյա հայկական պատմության էջերում անհաշվելի են հայ ազգի և Հայկական պետականության դեմ ազգային պետական բռնակալական համակարգի հանցագործությունները (խոսքի ազատության նկատմամբ բռնաճնշում` լրատվամիջոցների փակում և լրագրողների վրա հարձակումներ, քաղաքական հետապնդումներ` քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումներ, նրանց գործունեության անօրինական դադարեցում, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների ու առաջնորդների բանտարկություններ և սպանություններ, հանրային ու մասնավոր սեփականության յուրացում և ապօրինի օտարում, ազգային զինված և ոստիկանության ուժերի օգտագործում ժողովրդի արդար ցասումը ճնշելու համար, մշակութային ժառանգության և հայրենի բնության ավերում)՝ այս փաստերը պետք է դատապարտվեն:
     
  10. Ներքին թշնամին՝ ազգային բռնակալական համակարգը, հանուն իր գոյատևման,  հանդգնել է գործարքի մեջ մտնել  հայ ազգի արտաքին թշնամիների հետ՝
     
  • չի բնակեցրել Հայրենիքի ազատագրված տարածքները,
  • չի ապահովել Հայրենիքի պաշտպանությունը,
  • պայմանավորվել է և հանձնել է Հայրենի տարածքները,
  • հրաժարվել է Հայրենի տարածքի բռնազավթումը վերացնելու պարտականությունից (Դաշտային Արցախ, Նախիջևան, Ուտիք),
  • հրաժարվել է ճանաչել ազատագրված Արցախը,
  • հրաժարվել է Հայրենի բնօրրանի հիմնական մասի բռնազավթումը դատապարտելուց և ազատագրման սուրբ իրավունքի ճանաչումից՝ այս փաստերը պետք է դատապարտվեն:
     
  1. Նորանկախ Հայկական պետականությունը դասվում է ձախողված պետությունների շարքին, որտեղ բացակայում են ազատության, անվտանգության, սեփականության պաշտպանության և բռնաճնշումների դեմ հասարակական դիմադրության բնական ու անօտարելի իրավունքների բանեցման գործիքակազմերը՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  2. Բռնակալությունը ազգային բազմամիլիարդ կարողությունները (հանրային և մասնավոր սեփականությունը) թալանել է, Հայոց պետականությունից ապօրինի դուրս է բերել շուրջ 30 միլիարդ դոլար, կուտակել է շուրջ 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք, Հայրենիքից ստիպել է գաղթել շուրջ մեկ ու կես միլիոն մարդու, միլիոնից ավելի մարդու դարձրել է աղքատ, բնակչության կազմը հասցրել է 11% ճգնաժամային ծերացող շեմին՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  3. Բռնակալությունը հաստատել է քաղաքական մենաշնորհ, զրկել հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից)՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  4. Բռնակալությունը հաստատել է տնտեսական մենաշնորհներ, զրկել հայ ազգի հիմնական մասին գործարար և ստեղծագործ հնարավորությունից՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  5. Անցած քառորդդարյա հանքարդյունաբերության քաղաքականության իրավաքաղաքական գնահատական` ապօրինի օտարման, ապօրինի շահագործման և շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ:
     
  6. Հայ առաքելական եկեղեցու մենաշնորհային կարգավիճակը դարձել է բռնակալության հենարան՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  7. Բռնակալության` վերահսկվող ժողովրդավարությունից անցում կատարելը դեպի տոտալիտարիզմ` բացարձակ ամբողջատիրություն (ԵՄ հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ձախողում՝ 2013 թվական, Սահմանադրական հանրաքվեի կեղծում՝ 2015 թվական, խորհրդարանական ընտրությունների կեղծում՝ 2017 թվական)՝ այս իրողությունը պետք է դատապարտվի:
     
  8. Բռնակալության հենասյուն հանդիսացող ԿԳԲ/ԱԱԾ-ի, ՀՀՇ/ՀՀԿ-ի ապօրինի գործունեությանը քաղաքական գնահատական տալու` դատապարտելու  և գաղտնազերծման (լյուստրացիա) իրականացում:
     
  9. Ազգային ունեցվածքի թալանի, շուրջ 7 միլիարդ դոլարի արտաքին պարտքի և 30 միլիարդ դոլարի՝ երկրից ապօրինի դուրս բերելու համար քրեական հետապնդման իրականացում:
     
  10. Ժողովրդից յուրացված իշխանության (ի մասնավորի` 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015 և 2017 թվականներին) հանցագործությունների վերաբերյալ քրեական հետապնդման իրականացում:
     
  11. Խաղաղ պայմաններում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով սպանված զինվորական ծառայողների գործերի քննություն:
     
  12. 2016 թվականի ապրիլյան պատերազմում թշնամու «անսպասելի» հարձակման, պաշտպանություն չիրականացնելու, 800 հեկտար հող կորցնելու, 130 զոհ և բազմաթիվ վիրավորներ տալու վերաբերյալ քրեական հետապնդման իրականացում:
     
  13. Քառորդ դարի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման և քաղաքական բոլոր սպանությունների վերաբերյալ քննության և գաղտնազերծման (լյուստրացիա) իրականացում:
     

2. Մրցունակ Հայկական պետականության վերականգնման անհրաժեշտ սկզբունքներ.
 

Մրցունակ ազգային պետականության վերականգնման համար անհրաժեշտ է ձևավորել ներառող համընդհանուր ազգային քաղաքական ներգրավվածություն, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա, այն է.
 

  1. Ազգային քաղաքականությունում ներառող քաղաքական մասնակցություն`
     
  • հիմնադրել քաղաքական կառուցվածք, որի հիմքում ընկած են` հակակշիռների ու զսպումների քաղաքա-իրավական մեխանիզմները և ներառող քաղաքական ինստիտուտները,
  • ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչներին, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բացարձակ հավասար պայմաններում իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու (նախագահ, կառավարություն և խորհրդարան),
  • ընտրական իրավունքի իրացումը պետք է ներառի հետևյալ պայմանները` նախագահի ուղիղ ընտրություններ՝ չորս տարի ժամկետով, խորհրդարանի ընտրության պարզ համամասնական ընտրակարգ (նվազագույն շեմ մինչև 2.5 տոկոս)` չորս տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող՝ Հայաստանի Հանրապետության մինչև 100 հազար քաղաքացիներ պետք է ներկայացված լինեն խորհրդարանում իրենց պատգամավորով, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող բոլոր քաղաքացիների համար համապետական ընտրություններում ընտրելու իրավունքի ապահովում (ընտրատեղամասերի բացում և էլեկտրոնային քվեարկություն), քաղաքապետերի ուղիղ ընտրություններ, ավագանու ընտրության պարզ համամասնական ընտրակարգ (նվազագույն շեմ մինչև 2.5 տոկոս)՝ չորս տարի ժամկետով,
  • Առաջին ատյանի դատարանների դատավորների ուղղակի ընտրություն՝ երեք տարի ժամկետով, Վերաքննիչ դատարանների դատավորների ուղղակի ընտրություն՝ հինգ տարի ժամկետով:

 

  1. Ազգային քաղաքականությունում քաղաքական մասնակցության և պետական պաշտոնների զբաղեցման բացառում `
     
  • 1995 թվականից առայսօր բոլոր այն անձանց, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական որոշումների ընդունմանը և ովքեր մեղսակից են եղել մարդու իրավունքների ոտնահարմանը,
  • 1995 թվականից առայսօր բոլոր այն անձանց, ովքեր հանդիսանալով իրավապահ մարմինների ներկայացուցիչ կամ դատավոր` կատարել են քաղաքական պատվերներ:

 

  1. Թալանված ու ապօրինի օտարված հանրային և մասնավոր սեփականության, երկրից ապօրինի դուրս բերված գումարների հետ վերադարձի քաղաքականության իրականացում՝
     
  • ապօրինի սեփականաշնորհման չեղարկում,
  • ապօրինի հարստացած անձանցից դատական կարգով գույքի բռնագանձում:

 

  1. Ազգային անվտանգության, ազգային զինված ուժերի և ոստիկանության չեզոքության ապահովում, նրանց առաքելության հստակեցում, նրանց նկատմամբ վերահսկողության բազմազան մեխանիզմների կիրառում՝ 
     
  • գաղտնազերծման (լյուստրացիայի) անցկացում,
  • ազգային զինված ուժերի մասնակցության բացառում քաղաքական իրադարձություններին (իրավաքաղաքական գնահատականի հնչեցում 1996 և 2008 թվականներին ազգային զինված ուժերի ապօրինի ներգրավման վերաբերյալ ժողովրդի արդար ցասումը ճնշելու ժամանակ),
  • ոստիկանության ծառայողների քանակի կրճատում մինչև 2500 մարդ,
  • Հայկական պետականության սահմանների պաշտպանության բացառիկ մենաշնորհի ամրագրում հայկական զինված ուժերին,
  • ազգային զինված ուժերի արդիականացում, առաջնագծի արդիականացում, պրոֆեսիոնալ բանակի կազմավորում պայմանագրային զինծառայողներից:

 

  1. Ազգային ներառող տնտեսություն և հայրենադարձություն՝
     
  • մրցակցային տնտեսական կանոններ, տնտեսության ճյուղերի մենաշնորհացման կանխում, տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման համաչափություն,
  • տնտեսություն՝ առանց ստվերի, մենաշնորհների վերացում, տնտեսական համաներում,
  • փոքր և միջին բիզնեսին լայն հարկային արտոնությունների տրամադրում (առնվազն 10 տարի բոլոր տեսակի հարկերից ազատում),
  • բոլոր հայրենադարձներին Արցախապատկան հողերի անհատույց բաժանում (սեփականության իրավունքով)՝ տուն կառուցելու և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար,
  • հանքերի ազգայնացում և նոր հանքերի բացման բացառում, 
  • էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանեցում (դիվերսիֆիկացիա),
  • հանրապետության  տրանսպորտային համակարգի (երկաթգիծ, խողովակաշարեր, ավիաուղիներ, ավտոճանապարհներ)` տարածաշրջանային տարանցիկ ապրանքափոխադրումների համակարգի կազմում ներգրավում:

 

  1. Արդի Հայկական պետականության քաղաքական քարտեզը՝
     
  • մինչև Հայկական պետականության տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի իրացումը` Արցախի և Հայաստանի Հանրապետությունները՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ճանաչվում են մեկ միասնական պետականություն,
  • ներկայիս Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության խախտման, հողերի վերաբերյալ զիջումների, փոխզիջումների և այլ սակարկությունների մասին հայտարարությունները գնահատվում են որպես դավաճանություն:

 

3. Մրցունակ Հայկական պետականության վերականգնման անհրաժեշտ գործողություններ.
 

  1. Հայաստանի Հանրապետությունում գործող խորհրդարանի, նախագահության և կառավարության անդամների գործունեությունը հայտարարվում է անօրինական, չի ճանաչվում և չի ընդունվում հայ ազգի կողմից:
     
  2. Մինչև օրինական իշխանության ձևավորումը` կառավարչական լիազորություններով օժտված պետական կառույցների ներկայացուցիչները իրավասու կլինեն կատարել միայն այնպիսի վարչարարություն, որով կապահովեն պետության հանրային կյանքի բնականոն ղեկավարումը:
     
  3. Ընտրել պատվիրակներ հայ ազգի երկու հատվածներից (Հայկական պետականության  ներքո ապրող և անդրսահմանային հայ ազգի ներկայացուցիչներից` 50 հազարից մինչև 100 հազար մարդուց մեկ պատվիրակ)`  Հայկական համազգային համաժողով հրավիրելու և անցկացնելու համար, որը պետք է ընտրի հիմնադիր ժամանակավոր կոմիտե` կառավարություն:

 

  1. Հայաստանի Հանրապետությունում խորհրդարան, նախագահություն և կառավարություն հիմնադրելու համար ստեղծված հիմնադիր ժամանակավոր կոմիտեի` կառավարության առաքելությունն է սահմանափակ ժամկետում (առավելագույնը մեկ ամսվա ընթացքում) կազմել և ընդունել մի շարք սահմանադիր օրենքներ, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն խորհրդարան, նախագահություն, կառավարություն և դատարաններ:
     

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Երևան

04 ապրիլի 2018

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝