«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
«Երկիր Ծիրանի» կուսակցության հարավային տարածաշրջանային ստորաբաժանումը հիմնադրվել է 2017 թվականի մայիսին: Կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գործում է 2017 թվականի հուլիսի 1-ից (հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Թումանյան 3, հեռ` +37493049808 ,+37493130150):
«Երկիր Ծիրանի» կուսակցության հարավային տարածաշրջանային ստորաբաժանումը իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ՀՀ հարավային տարածաշրջանում իրականացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նպատակներին և ծրագրային դրույթներին համապատասխան գործունեություն,
կազմակերպում է տարածքային ստորաբաժանման խորհրդի հերթական և արտահերթ նիստեր, Կուսակցության Ժողովի, Քաղաքական Խորհրդի և Համագումարի որոշումներից բխող այլ գործառույթներ,
կազմակերպում է կուսակցության ղեկավար մարմինների`Ժողովի նախագահի, Ժողովի, Քաղաքական Խորհրդի, կանանց խորհրդի աշխատանքային այցերն ու հանդիպումները հարավային տարածաշրջանում,
կուսակցության անդամակցության տարածքային ստորաբաժանման գրասենյակում մուտքագրված դիմումները 10 օրյա ժամկետում ներկայացնում է կուսակցության կենտրոնական գրասենյակ:
«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Կապան խոշորացվող համայնքի ընտրություններում Կարեն Ստեփանյանին և Դավիթ Հակոբյանին ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու մասին
2017 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» կուսակցության հարավային տարածաշրջանային ստորաբաժանման խորհրդի արտահերթ նիստ` խորհրդի վեց անդամների մասնակցությամբ: Քննարկվեցին հետևյալ հարցերը. Կապան խոշորացվող համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի և նախընտրական քարոզարշավի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց՝ Կարեն Ստեփանյանին և Դավիթ Հակոբյանին առաջադրել Կապան խոշորացվող համայնքի ավագանու անդամի թեկնածուներ և լուծել քարոզարշավի հետ կապված կազմակերպչական հարցերը:
ՀՀ Սյունիքի մարզ,
04.10.2017 թ.
ք. Կապան
Նախընտրական Կապան
«Եվ չկարծեք, թե այս տոհմի մարդիկ (Սյունի) խառնիճաղանջ ամբոխներից են և կամ ինչ որ առաջադիմության պատճառով և պատահաբար են ստացել նախաթոռ նահապետությունը` այլ աստվածաստեղծ մարդու նախասկզբնական ազնիվ տոհմից սկսած ակնհայտ հարազատությամբ որդիները հայրերին փոխարինելով հասան նախարարության»:
Ստեփաննոս Օրբելյան (13-րդ դար)
«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապան համայնքի ծրագիր
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է հայկական պետականության բոլոր մարզերում: Սյունիքի մարզը՝ Կապան մարզկենտրոնով, կարևոր նշանակություն ունի արդի հայկական պետականության համար, որը պահանջում է կառավարման նոր մոտեցում՝ հիմնված տարիներ շարունակ ավանդական հումքային կցորդից վերափոխման՝ արդյունաբերական կենտրոնի նոր տեխնոլոգիաների հիման վրա:
Տնտեսություն
Նախկինում Կապան համայնքը հանդիսանում էր խոշոր արդյունաբերական կենտրոն: Անկախության տարիներին համայնքի արդյունաբերությունը ենթարկվել է կառուցվածաքային փոփոխությունների: Ոլորտի զարգացմանը խթանելու, արտադրական հզորություններին զարկ տալու, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- Արդյունաբերական ներուժի ճիշտ գնահատում և միջազգային փորձի ուսումնասիրություն,
- Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտահանման ներուժի բացահայտում և խթանում,
- Արդյունաբերական ձեռնարկություններին որակյալ աշխատուժի ապահովման նպատակով միջին մասնագիտական և արհեստագործական հաստատությունների ստեղծման ուղղությամբ ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում,
- Ոչ արդիական տեխնոլոգիաների փոխարինում նորերով,
- Միջազգային շուկայի տնտեսության տարբեր ճյուղերում ոլորտի արտադրանքի և ծառայությունների ներդրում,
- Պտղի և բանջարեղենի վերամշակման փոքր արտադրությունների հիմնում և զարգացման գործընթացի ծավալում,
- Պահածոների դիվերսիֆիկացիայի և նոր արտադրատեսակների (մսի, ձկնամթերքի, սնկի և այլ պահածոների) արտադրության ծավալում,
- Խաղողագործության խթանում,
- Մշակութային զբոսաշրջության ուղղությամբ առաջարկների քննարկում և ներդնում,
- Պարսից Ծոցից դեպի Եվրոպա նավթատարի, գազամուղի և երկաթգծի ճանապարհ դառնալու ուղղությամբ առաջարկների քննարկում և ներդնում,
- Կապան համայնքում փոքր և միջին բիզնեսի հարկման արտոնության տրամադրւմ՝ 10 տարի բոլոր տեսակի հարկերից ազատում,
- Սյունիքի մարզից արտագաղթած հայրենակիցների հետ կապի հաստատում և նրանց ներուժի ներգրավվում քաղաքական, տնտեսական և մշակութային գործունեության մեջ:
Սոցիալական քաղաքականություն
Լինելով ռազմավարական նշանակության համայնք` Կապանը Արցախի ռազմավարական թիկունքն է, որը գտնվելով Հայաստան-Իրան միջպետական նշանակության ճանապարհին, կապանցու սոցիալ-տնտեսական վիճակի վրա դրական անդրադարձ չունի: Թեպետ համայնքում գործազրկության մակարդակը ցածր է հանրապետության միջինից, սակայն միջին աշխատավարձը զիջում է մայրաքաղաքի միջինին: Բնակչության հիմնական մասի եկամուտը պետական բյուջեից վարձատրվող աշխատավարձն է: Մասնավոր ձեռնարկատիրությամբ զբաղվող բնակչության թիվը անհամեմատ փոքր է, որի ճնշող մեծամասնասնությունը մանր ձեռներեցներն են, այն էլ հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում: Արդյունաբերության մեջ զբաղվածների մասնաբաժինը կազմում է մոտ 15%, որոնք աշխատում են հիմնականում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Նրանց եկամուտները, աշխատանքի ընթացքում առողջությանը պատճառված վնասների և վտանգավորության համեմատ, շատ փոքր են: Առողջապահական ծառայություններից օգտվելը մատչելի չէ բնակչության մեծ մասի համար: Մարզն ունի առողջապահական ոլորտի բարձրակարգ մասնագետների պակաս: Գյուղական համայնքների բնակչության հիմնական եկամուտները ձևավորվում են պետական աշխատավարձից, սոցիալական նպաստներից և կենսաթոշակից: Հիմական զբաղմունք համարվող անասնապահությունից և դաշտավարությունից նրանք գրեթե եկամուտներ չունեն: Պատճառը հիմնական շուկաներից հեռավորությունն է և արտադրանքի բարձր ինքնարժեքը, որը նրանց արտադրանքը դարձնում է ոչ մրցունակ:
Սոցիալական ոլորտի խնդիրները հետևյալն են.
- Գործազրկություն,
- Ցածր եկամուտներ,
- Բազմաճյուղ տնտեսության բացակայություն,
- Որակյալ առողջապահական ծառայության պակաս:
Մշակութային և կրթական քաղաքականություն
Կապանը ժամանակին հայտնի էր որպես մշակութային և կրթական հարուստ ավանդույթներով քաղաք: Այժմ այդ ավանդույթներն ինչ-որ տեղ հիշողություն են արդեն: Համայնքում չեն գործում բավարար քանակով որակյալ կրթական հաստատություններ և մշակութային կենտրոններ:
Համայնքի վարչական տարածքի պատմամշակութային հուշարձանների հանդեպ պատշաճ պետական հոգատարությունը բացակայում է:
Մշակույթի և կրթական ոլորտի խնդիրները հետևյալն են.
- Որակյալ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության բացակայություն,
- Նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ոչ բավարար քանակ,
- Պատմամշակութային հուշարձանների նկատմամբ անփույթ վերաբերմունք,
- Մշակութային հասատությունների գործունեության ոչ բավարար ֆինանսավորում:
Հանրային միջոցների օգտագործման քաղաքականություն
Կապան համայքում տարիներ շարունակ հանրային միջոցները չեն օգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ, այլ յուրացվել կամ վատնվել են: Տեղի են ունեցել հանրային տարածքների ոչ նպատակային օտարում և ոչ արդյունավետ կամ նպատակային օգտագործում:
Հանրային միջոցների օգտագործման ոլորտի խնդիրներն են.
- Հանրային միջոցների ոչ թափանցիկ օգտագործում,
- Հանրային միջոցների օգտագործմանն ուղղված մրցույթների և օրենքով սահմանված ընթհացակարգերի բացակայություն,
- Օգտագործվող հանրային միջոցների վերաբերյալ պատշաճ հաշվետվությունների բացակայություն:
Համայնքային ու միջհամայնքային հաղորդակցություն
Երևանից 320 կմ հեռավորության վրա գտնվող Կապանը չունի մայրաքաղաքի հետ կապող կանոնավոր երթուղի, տաքսի ծառայությունները կանոնավոր չեն և թանկ են սոցալապես անապահով խմբերի համար: Միջպետական մայրուղին չի համապատասխանում ժամանակի չափանիշներին, իսկ ապագայում, կապված հյուսիս-հարավ մայրուղու գործարկման հետ, Կապանը կդադարի տրանսպորտային հանգույց լինելուց, որն էլ կբերի առանց այն էլ ցածր ապրանքաշրջանառության և գործազրկության աճի: Չի գործում Կապանի օդանավակայանը: Կապանի օդանավակայանի շահագործումը արդիական է և պահանջում է վերակառուցման ու վերագործարկման համար թափանցիկ պայմաններում մրցույթի անցկացում:
Համայնքային տրանսպորտը, թեպետ աշխատում է կանոնավոր և առկա են թվով 8 երթուղիներ, սակայն այն բավարար չէ և օրվա ուշ ժամերին չի աշխատում:
Մերձհամայնքային ճանապարհները կիսաքանդ կամ լրիվ քանդված վիճակում են, իսկ մերձհամայնքային երթուղիներ գրեթե գոյություն չունեն:
Համայնքային ու միջհամայնքային հաղորդակցության ոլորտի խնդիրները հետևյալն են.
- Միջհամայնքային ասվալտապատ ճանապարհների բացակայություն,
- Միջհամայնքային երթուղիների բացակայություն,
- Երեկոյան ժամերին ներհամայքնային տրանսպորտի բացակայություն,
- Կապան համայնքը մայրաքաղաքի հետ կապող կանոնավոր երթուղու բացակայություն,
- Կապանի օդանավակայանի շահագործման անհրաժեշտություն:
Քաղաքային տնտեսություն (քաղաքաշինություն, աղբահանություն, կոմունալ ծառայություններ, բազմաբնակարանային շենքերի կառավարում, փողոցների ու բակերի բարեկարգում, կանաչապատում և թափառող կենդանիներ)
Կապան քաղաքը և նրա հարակից գյուղերը կարիք ունեն կապիտալ շինարարության և կոմունալ տնտեսության ոլորտում կապիտալ վերանորոգումների:
Կապան համայնքի աղբահանությունը պահանջում է նոր տեխնոլոգիաների հիման վրա կենցաղային աղբի վերամշակման ձեռնարկության կառուցում, որն իր հերթին կլուծի նաև այլ խնդիրներ (շրջակա միջավայրի պաշտպանություն, երկրորդական հումքի և հավելյալ էներգիայի արտադրություն):
Բազմաբնակարանային շենքերի կառավարումը պահանջում է նոր մոտեցումներ (նոր օրենսդրական կարգավորում):
Փողոցների և բակերի բարեկարգումը, լուսավորությունը և կանաչապատումը հնարավոր է իրականացնել համայնքի և հավելյալ միջոցների հաշվին՝ համաձայն ընդունված ծրագրի և ժամանակացույցի:
Անհրաժեշտ է ստեղծել քաղաքակիրթ օթևաններ` մասնագետ աշխատակիցներով, և անտուն շներին ու կատուներին աստիճանաբար տեղավորել հատուկ նախատեսված կացարանում և գտնել նրանց համար բարեխիղճ տերեր:
Բնապահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և թունավորում, ինչը հետևանք է գիշատիչ հանքարդյունաբերության, պոչամբարների առկայության, ինչի համար հանքարդյունաբերողները օրենքով պատասխանատվություն չեն կրում և սա այն դեպքում, երբ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար Կապանի բյուջեից հատկացվել է 20.518.000 դրամ, կանաչապատման համար 32.000.000, բնապահպանական այլ ծրագրերի համար 8.875.000 դրամ: Սրան գումարած ապօրինի ծառահատումներն ու որսագողությունը:
Բնապահպանության ոլորտի խնդիրներն են.
- Հանքարդյունաբերության ոլորտում պատճառված վնասների համար բնապահպանական վճարների հարկման ցածր շեմը,
- Ոչ արդյունավետ և պատշաճ պետական վերահսկողությունը բնապահպանության ոլորտում,
- Բնության պաշտպանության նկատմամբ մշակույթի բացակայությունը:
Կոռուպցիա, հարկային քաղաքականություն և բյուջե
Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները ինչպես Հայաստանի բոլոր համայնքներում, այնպես էլ Կապան համայնքում, վտանգում են մեր պետականության հիմքերը և ամբողջությամբ խոչընդոտում մեր երկրի և հասարակության զարգացման հեռանկարը: Ազգային հարստություն հանդիսացող «Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը» անօրինական կարգով սեփականաշնորհվել է 2006 թվականին և մինչ օրս ապօրինի շահագործվում է: Նման ձեռնարկության ապօրինի շահագործումը ուղղակի վնաս է պատճառում և՛ կապանցիներին, և՛ Հայաստանի ողջ բնակչությանը:
Անհրաժեշտ է ներդնել հանրային և համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգեր, այդ թվում` ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ: Ներկայիս համակարգը, երբ ամբողջ հարկերը գնում են պետական բյուջե, իսկ այնտեղից դոտացիաների ու սուբսիդիաների ձևով վերադարձվում համայնքներին, արդյունավետ չէ։
Այսօր համայնքներն իրենց կողմից ծախսվող միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարությունից։ Այս համակարգը հնարավորություն է տալիս կառավարությանը քաղաքական կախվածության մեջ պահել համայնքները, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է համայնքային զարգացմանը և թուլացնում նրանց ինքնակառավարումը։ Միջոցների վերաբաշխումը հօգուտ համայնքների, պահպանելով դրանց փաստացի ծախսման գանձապետական մեխանիզմները, կխթանի համայնքների զարգացումը, այդ թվում նաև` Կապանի:
Անհամաչափ զարգացումը մեր երկրում հանգեցրել է նրան՝ որ մարզերի մակարդակով հաշվարկած համախառն մարզային արդյունքը՝ մեկ շնչի հաշվով, մինչև 5 անգամ տարբերվում է Երևանի արդյունքից։ Արդյունքում առկա է ահռելի ներքին միգրացիա. գյուղերը դատարկվում են, ինչին զուգահեռ Երևանի ենթակառուցվածքներն են գերծանրաբեռնվում:
Քաղաքացիական հանրության հետ համագործակցություն
Կապան համայնքի ինքնակառավարման շահերից է բխում լայն հասարակաունության հետ համագործակցությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է համագործակցության հետևյալ ձևաչափով` կուսակցություն-ԶԼՄ-լայն հասարակայնություն, հաշվի առնելով հետևյալ սկզբունքը` հասանելիություն-թափանցիկություն-հաշվետվողականություն:
ՀՀ Սյունիքի մարզ,
02.11.2017թ.
ք. Կապան
«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի գրասենյակի բացում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2017 թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին գործող ապօրինի իշխանությունների կառավարման ներքո մեր հանրության անվստահության ու բացասական վերաբերմունքի աստիճանը ընտրական պրոցեսի նկատմամբ: Ժողովրդավարության այս կարևոր ինստիտուտը չի գործել և շարունակում է չգործել: Այս գործընթացը ընտրություն անվանել հնարավոր չէ, այլ կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացին ուղարկվում է ընտրատեղամաս ՔՎԵԱՐԿԵԼՈՒ, սակայն ոչ ընտրելու: Բոլոր այն հայտարարությունները, որոնցով ասվում է, որ ընտրությունները եղել են արդար ու օրինական նպաստում են ավտորիտար համակարգի գոյատևմանը: Ապօրինի իշխանությունների գործողությունների ցանկացած լեգիտիմացում անընդունելի է և էլ ավելի է խորացնում հանրության անվստահությունը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող և չգործող ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ:
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան
15.11. 2017 թ.
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝