«Երկիր Ծիրանի» կուսակցության բանաձևն ազգային դիմադրության շարժման անհրաժեշտության,քաղաքացիական և քաղաքական սկզբունքների համաձայնության վերաբերյալ

«Երկիր Ծիրանի» կուսակցության բանաձևը

 Ազգային դիմադրության շարժման անհրաժեշտության և քաղաքացիական ու քաղաքական սկզբունքների համաձայնության վերաբերյալ

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, գնահատելով 2017 թվականի ապրիլի 2-ից հետո առկա քաղաքական ճգնաժամը` բացարձակ քաղաքական մենաշնորհի դե յուրե (de jure) և դե ֆակտո (de facto) ամրագրումը, ճանաչում է այն ոչ միայն վտանգավոր, այլ նաև կործանարար ժամանակակից Հայկական պետականության համար:  

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորանկախ Հայկական պետականության քառորդդարյա պատմությունն ընթացել է ոչ օրինական ձևավորված քաղաքական կառուցակարգերի և իշխանության ներքո:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրել է և շարունակում է ապրել անօրինական իշխանության ղեկավարման ներքո:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունը, ի դեմս իշխող ուժի` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ-ի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աղքատ խավին (մեկ միլիոնից ավելի մարդ) օգտագործում է իր շահերի համար` որպես լայն խոցելի սոցիալական շերտ:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի հատուկ վարչակազմ, որի միջոցով ղեկավարում և ճնշում է Հայաստանի Հանրապետության լայն սոցիալական շերտերին:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի լայն հնարավորություններ` ազդելու քաղաքացիների կամքի և ազատությունների վրա:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի բացառիկ մենաշնորհ` օրենսդրական գործառույթ իրականացնելու համար, այդ թվում` քաղաքական համակարգի բոլոր գործառույթների վերաբերյալ: 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող անօրինական իշխանությունն ունի ահռելի նյութական ռեսուրսներ, որն իրեն ընձեռում է հնարավորություն` իրացնելու իր ապօրինի քաղաքականությունը:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմունիստական կուսակցության մենաշնորհի վերացումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չներդրվեց ժողովրդավարական կառավարմամբ զարգացած բազմակուսակցական համակարգ:

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է`

 

Առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հայ ժողովրդի լայն սոցիալական շերտերի ներգրավմամբ ստեղծել ազգային դիմադրության  շարժում:

 

Ազգային դիմադրության շարժման խնդիրն է ապօրինի գործող իշխանության տապալումը` քաղաքական մենաշնորհի վերացումը:

 

Ազգային դիմադրության շարժման նպատակն է դատապարտել ապօրինի գործող ռեժիմը և հիմնադրել օրինական իշխանություն, որի հիմքում ընկած են` հակակշիռների ու զսպումների քաղաքաիրավական մեխանիզմները և ներառող քաղաքական ինստիտուտները:

 

Ազգային դիմադրության շարժումը միտված է ներառելու համայն հայության ակտիվ քաղաքացիական և քաղաքական ներուժը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` հայկական գաղթօջախներում:

 

Ազգային դիմադրության շարժումը ներառում է ինտեգրող դերակատարում համախմբելու հանրությանը` կարևոր համազգային, քաղաքացիական և քաղաքական հարցերի շուրջ:

 

Ազգային դիմադրության շարժումը հայտարարում է, որ չի ընդունում 2015 թվականի հանրաքվեի և 2017 թվականի խոհրդարանական ընտրություններով ձևավորված քաղաքական կարգը և քաղաքական ղեկավարությունը:

 

Ազգային դիմադրության շարժումը հայտարարում է, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին ու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) որպես ոչ օրինական և սկսում է նրանց դեմ քրեական հետապնդման գործընթաց:

 

Ազգային դիմադրողական շարժումը Հայաստանի Հանրապետությունում գործող անօրինական իշխանության դեմ ընդունում է որպես նվազագույն սկզբունքներ հետևյալ դրույթները.

 

Քաղաքացիական և քաղաքական պայմանավորվածության ձեռքբերում` մինչև օրինական իշխանության ձևավորումը և նոր Սահմանադրության ընդունումը սահմանադիր հետևյալ օրենքների վերաբերյալ. Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք: Ընտրական իրավունքի իրացումը պետք է ներառի հետևյալ պայմանները` պարզ համամասնական ընտրակարգ, խորհրդարան անցնելու համար նվազագույն շեմ մինչև 2.5 տոկոս, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող բոլոր քաղաքացիների համար համապետական ընտրություններում ընտրելու իրավունքի ապահովում (ընտրատեղամասերի բացում):

 

Քառորդ դար ապօրինի գործող քաղաքական ուժի գործունեության` համապետական ընտրությունների և հանրաքվեների կեղծման, քաղաքական հետապնդումների (սպանություններ, բանտարկություններ, ֆիզիկական և հոգեբանական բռնաճնշումներ) իրականացման, խոսքի ազատության ապօրինի սահմանափակումների վերաբերյալ իրավա-քաղաքական գնահատականի անհրաժեշտություն:

 

Հայկական պետականությունը, կազմելով շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, միասնական անվտանգության համակարգ է, որի տարածքային ամբողջականության ոտնահարման վերաբերյալ որևէ հայտարարություն դիտարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք:

 

Հայաստանի և Արցախի Հանրապետությունները փաստացի մեկ ռազմաքաղաքական միավորում ճանաչելը:

 

Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչում,  նրա հետ Հայաստանի Հանրապետության կողմից ռազմական փոխօգնության, մեկ դրամական, անձնագրային և քաղաքացիության վերաբերյալ պայմանագրերի կնքում, որոնք ենթադրում են դե յուրե (de jure) միասնական պետականություն:

 

Տվյալ սկզբունքները հանդիսանում են սահմանադրական արժեք և պետք է արտացոլվեն ապագա Սահմանադրության և  օրենքների մեջ:

 

 

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

14.05.2017թ.

Երևան

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝