Դեպի մեծ միացում

ՈՒՂԵՐՁ

 

ԴԵՊԻ ՄԵԾ ՄԻԱՑՈՒՄ

 

 

 

Մենք՝ հայերս, պատասխանատվությամբ ընդունում ենք, որ ծնվելով, ապրելով, ստեղծագործելով դրախտում և ունենալով արարչի կողմից վերածնվելու օրհնությունը, անցնելով պատմության բոլոր շրջանները` հնագույնից հասնելով նորագույն՝ ունենք քաղաքական և քաղաքակրթական առաքելություն:

 

Հազարամյակներ անընդմեջ, հայ ազգն ապրելով իր հայրենի բնօրրանում` Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում, անմիջական ազդեցության կրողն է եղել աշխարհում տեղի ունեցած այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացների ինչպիսիք են` քաղաքակրթությունների հերթափոխ, քաղաքակրթությունների բախում, հասարակարգերի հերթափոխ, նոր աշխարհակարգերի ձևավորում, կայսրությունների անկում, նոր կայսրությունների և պետությունների ծագում:

 

Հազարամյակներ շարունակ մենք կրողն ենք եղել քաղաքական անկախության, իսկ երբ մեզ նվաճել են, մենք կորցրել ենք մեր քաղաքական անկախությունը, թերացել ենք, ձախողել ենք, թույլ ենք տվել մեղքեր, սակայն չենք դադարել պայքարել մեր ազատության և հայրենիքի համար:

 

Այսօր մենք կրկին գտնվում ենք պայքարի մեջ, կրկին տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձևավորում, որի բաղկացուցիչ մասն է կազմում դարերից եկած Արևելյան հարցը (Սիրիա, Իրաք, Քուրդիստան, Թուրքիա և իհարկե Հայաստան): Մենք մաս ենք կազմում նաև համաշխարհային հետինդուստրիալ, գլոբալիզացված, թվային հասարակարգի:

 

Մենք այս նոր աշխարհակարգի և հասարակարգի ձևավորման ժամանակաշրջան ենք մտել աշխարհասփյուռ հայությամբ (անդրսահմանային հայ ազգով), պատմական հայրենիքի քառասուներկու հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա կազմավորված հայկական պետականությամբ:

Մեր գիտակցումը, որ ազգ ենք, որն ունի քաղաքական և քաղաքակրթական առաքելություն, պարտավորեցնում է մեզ` հայ ազգի զավակներիս, կրել, իրացնել ու բանեցնել քաղաքական իրավունքեր և ստանձնել քաղաքական պատասխանատվություն:

Մեզ համար բացարձակ արժեք են` հայ ազգը և նրա արժանապատվությունը, Հայական բարձրավանդակը և նրա հարակից տարածքները, հայկական մշակույթը, հայոց լեզուն և հայկական քաղաքակրթությունը, մարդը և նրա արժանապատվությունը, ազատությունը, արդարությունը, հանդուրժողականությունը և բազմակարծությունը, սահմանադրականությունն ու ժողովրդավարությունը:

 

Մեր նպատակն է երջանիկ դարձնել հայ ազգին` վերականգնել նրա ոտնահարված արժանապատվությունը, տալ նրան վերածնունդ և վերականգնել նրա հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականությունը:

 

Հայոց բնօրրանի` Հայկական բարձրավանդակի ու նրա հարակից տարածքների ամբողջականության և նրա ներքո հայկական քաղաքական անկախության և քաղաքակրթության վերականգնումը ոչ միայն հիմքն է հայ ազգի հանդեպ մարդկության կողմից թույլ տրված մեծ ոճրագործության հետևանքների վերացման և արդարության վերականգնման, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման ժամանակ հայոց բացառիկ քաղաքական ու քաղաքակրթական առաքելությունը կրկին կյանքի կոչելուն. այն է Հայաստանը դարձնելու առաջատար երկիր, Եվրոպան ու Ասիան կապող խաչմերուկ` այն կամրջող քաղաքակրթությամբ և խաղաղությունն ապահովող  կայունությամբ:

 

Հայաստանի ամբողջականությունը վերականգնելու և հայ ազգի լիակատար ազատությունն ու ծաղկումն ապահովելու համար ներկայիս ինքնիշխան Արցախը ազգային ազատագրության գլխավոր հենակետն է:

 

Այն միաժամանակ ռազմական, քաղաքական կարևոր կենտրոն է, որի շուրջ  ողջ հայության համախմբումը վերածվում է հայրենիքի ազատագրման պայքարի սիներգիայի:

 

Մեր մարտիկները հրաշագործ հերոսությամբ և իրենց անգին կյանքերի գնով վերականգնել են հայ ազգի արժանապատիվ ապրելու իրավունքը:

 

Ժամանակակից հայ ազգը չի խնդրում արդարություն, այլ պահանջում է հարգել իրավունք:

 

Հայ ազգը իրավունքի ուժով է սահմանել իր քաղաքական կարգավիճակը և աննահանջ ապահովելու է իր զարգացումը  հայրենի բնօրրանում իր ազգային ազատ պետականության ներքո։

 

Մենք հասկանում ենք՝ առանց քաղաքական մենաշնորհի վերացման, անդրսահմանային հայ ազգի կազմակերպման, առանց հայության  բոլոր հատվածներին քաղաքական իրավունքների տրամադրման, առանց  գիտակցական ինքնաազատագրման, հնարավոր չէ բարձրացնել սեփական ազգային, անկախ և միացյալ պետականության դրոշը:

 

Հայ ազգը այլևս պարտավոր է ձերբազատվել վախից և կարիքից, նա պարտավոր է լիարժեք գիտակցումով օգտվել քաղաքացիական և քաղաքական իրավունքներից ու ազատություններից:

 

Մենք հայկական հարցի լուծումը տեսնում ենք մեր երկրում՝ մեր ազգային ներուժի  միջոցով:

 

Մենք ապավինում ենք մեր ազգային զինված ուժերին:

 

Մենք պատրաստ ենք վճռականորեն ու վերջնականապես պատասխան տալ հարձակումներին:

 

Մենք հետևորդն ենք հայկական տարածքների միավորման ու անկախության

գաղափարի:

 

Ինքնիշխան Արցախը հայ ազգի քաղաքական հայտն է` միահամուռ կամքի ու ցանկության, որն  ազդարարում է՝ Հայաստանի բաժան-բաժան մասերը  միացվելու են իբրև անկախ պետական միություն:

 

Ինքնիշխան Արցախը հայ ազգի առաջնեկն է` Մեծ Հայրենազրկումից և Մեծ Տրոհումից դեպի Մեծ Միացում:

 

Մենք համոզված  ենք, որ հայ ազգը տոգորված է մայր հայրենիքի գաղափարով և գնում է Արցախից Դեպի Արարատ:

 

Հայ ազգն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը:

 

 

Մենք հայտարարում ենք`

 

  • Հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում,
  • Հայրենիքի կորուստը վաղեմություն չունի,
  • Անցավորներից մինչև նոր ծնվող հայ երեխան Հայկական բարձրավանդակի և նրա հարակից հողի տերն են:

 

 

 

Մենք վերահաստատում ենք`

 

Մեր արժեքները պաշտպանելու և մեր նպատակին հասնելու համար  ծառայելու ենք հայ ազգին անմնացորդ նվիրումով, հավատով և ազնվությամբ:

 

 

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

02.09. 2017թ.

Ստեփանակերտ

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝