«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիա
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան) բացվել է ստորագրության 2011 թ. մայիսի 11-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Կոնվենցիայի նպատակներն են վարույյթ հարուցել օրինազանցների նկատմամբ, աջակցություն և պաշտպանություն տրամադրել տուժողներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել բռնությունը կանխարգելելու ուղղությամբ:
1990-ական թվականներից ի վեր՝ Եվրոպայի խորհուրդը ձեռնարկել է մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են բռնության դեմ կանանց պաշտպանությանը: Մասնավորապես, այդ նախաձեռնությունները հանգեցրել են 2002 թ. Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ երկրների կողմից առաջարկվող Rec (2002)5 հանձնարարականի ընդունմանը `բռնության դեմ կանանց պաշտպանության վերաբերյալ, և 2006-2008թթ. Եվրոպական ընդլայնված քարոզարշավի իրականցմանը, որն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, ներառյալ ընտանեկան բռնությունը:
Բացի այդ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քաղաքական դիրքորոշում է ընդունել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ: Մասնավորապես, այն ընդունել է մի շարք բանաձևեր և առաջարկություններ, որոնք պահանջում են օրենքով նախատեսել այնպիսի պարտադիր չափանիշներ, որոնք ուղղված են գենդերային բռնության առավել խիստ և տարածված ձևերի կանխարգելմանը, պաշտպանությանը և հետապնդմանը:
Կոնվենցիան ընդունվել է 2011 թ. ապրիլի 7-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից: Այն բացվել է ստորագրման համար Ստամբուլում տեղի ունեցած Նախարարների կոմիտեի 121-րդ նստաշրջանի կապակցությամբ՝ 2011 թ.-ի մայիսի 11-ին, իսկ ուժի մեջ է մտել 10 վավերացումներից հետո: 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Կոնվենցիան ստորագրվել է 39 պետությունների կողմից, որին հաջորդում է Եվրոպայի խորհրդի առնվազն 8 անդամ պետությունների վավերացումը `Ալբանիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իտալիա, Չերնոգորիա, Պորտուգալիա, Սերբիա և Թուրքիա: Ավելի ուշ այն վավերացրեցին Անդորրան, Դանիան, Ֆրանսիան, Մալթան, Մոնակոն, Իսպանիան և Շվեդիան: 2015 թվականին այն վավերացվել է նաև Սլովենիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, 2016 թվականին՝ Սան Մարինոյի, Բելգիայի և Ռումինինիայի, իսկ 2017 թվականին ` Վրաստանի և Նորվեգիայի կողմից:
Ստամբուլի կոնվենցիան իրավական առաջին գործիքն է, որը ստեղծում է համապարփակ իրավական դաշտ և մոտեցում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի հանատեքստում:
Այն բնութագրում է կանանց նկատմամբ բռնությունը որպես մարդու իրավունքների խախտում և կանանց նկատմամբ խտրականության ձև: Մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան կանանց նկատմամբ բռնության գործողություններից և ապահովեն, որպեսզի պետական մարմինները, պաշտոնատար անձինք, ներկայացուցիչները, ինստիտուտները և պետության անունից հանդես եկող այլ դերակատարներ գործեն սույն պարտավորությանը համապատասխան։ Կոնվենցիան նաեւ պարունակում է գենդերի սահմանումը: Մասնավորապես, գենդերային պատկանելություն՝ նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար։ Ավելին, պայմանագիրը սահմանում է մի շարք հանցագործություններ, որոնք վերաբերում են կանանց նկատմամբ բռնությանը: Այսպես՝ Կոնվենցիան վավերացնող պետությունները պետք է քրեականացնեն մի շարք հանցագործություններ, այդ թվում, հոգեբանական բռնություն (հոդված 33), հետամտում (հոդված 34), ֆիզիկական բռնություն (հոդված 35), սեռական բռնություն, ներառյալ բռնաբարությունը (հոդված 36), հարկադիր ամուսնությունը (Հոդված 37), կանանց սեռական օրգանների խեղում (հոդված 38), հղիության արհեստական դադարեցում կամ ստերիլիզացում կատարելուն հարկադրելը (հոդված 39): Կոնվենցիան նաև ամրագրում է, որ սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսևորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը, պատժելի լինի քրեական կամ որևէ այլ սանկցիայի ներքո (հոդված 40):
Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան):
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝