Քաղաքական օրակարգ 2017 թվականի համար

Քաղաքական օրակարգ 2017 թվականի համար

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

 

«Նախկին կոմունիստական և սոցիալիստական երկրների պատմությունը ցույց է տալիս, որ Բեռլինի պատի փլուզումից հետո բոլոր այն երկրներում, որտեղ հաստատվել է տոտալիտար կամ ավտորիտար կառավարում, դա տեղի է ունեցել, երբ ինչ-որ մեկը՝ Կոմկուսից, ԿԳԲ-ից կամ հատուկ ծառայություններից, դարձել է  պետության ղեկավար, որն իրեն բարեփոխիչ է անվանել»:

ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ

 

 

«Ինչու՞ են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հանրահայտ աշխատության հիմնական թեզը ամրագրում է հետևյալը` պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ նախևառաջ քաղաքական ինստիտուտները: Ըստ այդ տեսության՝ քաղաքական ինստիտուտները լինում են ներառող (inclusive) և քամող/կեղեքող (extractive), և հաջողում են այն ազգերը, որոնք ունեն ներառող քաղաքական ինստիտուտներ և հակառակը՝ ձախողում են նրանք, որոնց ինստիտուտները քամող են:

25 տարի Հայաստանում գործել են քամող/կեղեքող քաղաքական ինստիտուտներ: Այս ինստիտուտները կշարունակեն գործել ևս տարիներ, եթե դրա վերացման ուղղությամբ չձևավորվի համընդհանուր կոնսոլիդացնող քաղաքական օրակարգ, որը  կունենա հստակ գործողությունների ծրագիր և սահմանափակ ժամանակացույց:

Legatum Institute-ի կողմից հրապարակված 2015 թվականի վերաբերյալ «Գլոբալ Բարգավաճման Ինդեքս»  (Global Prosperity Index) տարեկան զեկույցը ծավալուն հետազոտություն է երկրների բարգավաճման դասակարգման վերաբերյալ: Այդ հետազոտությունների հիմքը ներառում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են ազգային հարստություն, կրթական աստիճան և անվտանգություն: Մեկ առանցքային գործոն, որ դիտարկում է  հետազոտությունը, դա կառավարումն է, որը բաղկացած է երեք կատեգորիաներից` արդյունավետ կառավարում, ժողովրդավարություն ու քաղաքական մասնակցություն և օրենքի գերակայություն: Հետազոտության չափումների համար հաշվի  են առնվել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են`  ընտրողների մասնակցությունը, օրենսդրական անկախությունը և կանանց թիվը խորհրդարանում:

Հայաստանում, փաստորեն, շուրջ 25 տարի չի գործել քաղաքական ներառող այնպիսի ինստիտուտ, ինչպիսին է ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը:

Ժողովրդավարությունը կյանքի կոչելու համար նվազագույնը ընտրական իրավունքի իրացման համախումբն է` ազատ ընտրությունների անցկացումը և ազատ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը: Սա շատ կարևոր է, և առավել կարևոր պայման ժողովրդավարության համար: Հայաստանում շուրջ 25 տարի ազատ ընտրությունների միջոցով տեղի չի ունեցել իշխանության ձևավորում, այլ տեղի է ունեցել միայն իշխանության փոխանցում Լևոն Տեր-Պետրոսյանից Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին: 2015 թվականին Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե» կեղծարարությունը Սերժ Սարգսյանի համար  վերացրեց  ժառանգորդ ունենալու հարցը: Այդ կեղծարարության հետևանքով նա ծրագրել է մնալ որպես անփոխարինելի ավտոկրատ:

Հայաստանը ինչպե՞ս կարող է ճեղքել քաղաքական, տնտեսակա և անվտագության ճգնաժամը, ո՞րն է լինելու հայ ժողովրդի և նրա քաղաքական վերնախավի առաջին քայլերը: Կարծում եմ, առաջին քայլը, որ պետք է կատարվի, հետևյալն է` ներդնել այնպիսի ներառող քաղաքական ինստիտուտ, ինչպիսին է ազատ, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրությունների անցկացումը:

Ընտրական իրավունքի համախմբի ներդնումը կարող է դառնալ առաջին և հիմնական գործոնը, որը կաշխատի Հայաստանը դարձնել հարուստ կենսամակարդակով, բարձր կրթվածությամբ  անվտանգ երկիր:

2 ապրիլի 2017 թվականին  հայտարարված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ միջոցառումը պետք է դարձնել հնարավորություն տապալելու ավտոկրատիան և նրա սպասարկուներին:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՔԱՅԼԵՐ

 

 

  • Առաջին քայլ` 2 ապրիլի 2017 թվական – ռեժիմի տապալում,
  • Երկրորդ քայլ` 2 ապրիլի 2017 թվականից առավելագույնը մինչև 2 հոկտեմբեր 2017 թվական – ժամանակավոր կառավարության և Ազգային ժողովի գործունեություն,
  • Երրորդ քայլ` առավելագույնը մինչև 31 դեկտեմբերի 2017 թվական – արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում:

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՆԴԱՏԸ

 

 

Ժամանակավոր կառավարության և Ազգային ժողովի առաքելությունը և մանդատը պետք է լինի սահմանափակված հետևյալ դրույթներով.

  •  Ազատ է արձակում բոլոր քաղաքաքական բանտարկյալներին, ներառյալ «Սասնա Ծռերին»:
  •  ՀՀ ԿԸՀ-ի կողմից ընդունված 6 դեկտեմբերի 2015 թվականի հանրաքվեի արդյունքները հայտարարում է անվավեր:
  •  Մշակում և ընդունում է գաղտնազերծման մասին օրենք, որը վերաբերվում է 25 տարիների ընթացքում գործող ռեժիմի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքների ոտնահարման մեջ, ովքեր զավթել են իշխանությունը, ովքեր ապօրինի հարստացել են, ովքեր կապ են ունեցել օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:
  • Մշակում և ընդունում է սահմանադիր օրենքների համախումբ` ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին օրենք և այլն:
  •  Օրենքով ամրագրվում է, որ ընտրվելու և ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրանից, թե նա որտեղ է գտնվում: Արցախի Հանրապետության քաղաքացիները պարզեցված կարգով 15 օրվա ընթացքում պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և պետք է ունենան հնարավորություն մասնակցելու Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններին: Արցախը նույնպես պետք է ունենա իր պատգամավորները հայոց խորհրդարանում: Արտասահմանի բոլոր հայաշատ քաղաքները պետք է ունենան իրենց պատգամավորները ապագա հայոց խորհրդարանում, նրանցից յուրաքանչյուր 100 հազար հայ պետք է ունենա իր պատգամավորը: Արտասահմանի բոլոր հայաշատ քաղաքներում պետք է գործեն ընտրական տեղամասեր, ամբողջ Հայաստանը պետք է լինի մեկ ընտրական տարածք, ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական  ընտրական կարգով, ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը պետք սահմանվի 2/5 %:
  •  Ընդունում է օրենք ազգային անվտանգության հայեցակարգի վերաբերյալ:
  •  Ընդունում է հարկային ազատականացման և պռոգրեսիվ հարկման մասին օրենքներ:
  •  Ժամանակավոր կառավարությունը ամբողջությամբ կրում է գործադիր իշխանության լիազորությունները և պարտականությունները:
  • Կառավարության և Ազգային ժողովի անդամները համատեղ պետք է քննեն և եզրակացություն հրապարակեն Հայաստանի Հանրապետությունից ապօրինի 30 միլիարդ դոլար դուրս հանելու հարցի վերաբերյալ:
  • Կառավարությունը և Ազգային ժողովը պետք է քննեն և  եզրակացություն հրապարակեն  ապրիլյան քառօրյա պատերազմում ունեցած զոհերի, տարածքային և նյութական կորուստների  մեղավորների և պատասխանատուների վերաբերյալ:
  •  Կառավարությունը և Ազգային ժողովը պետք է ճանաչեն Արցախի  Հանրապետությունը, նրա հետ  պետք է կնքեն համապատասխան իրավական փաստաթղթեր`  ռազմական փոխօգնության, միասնական անձնագրային,  դրամական դաշտի  և քաղաքացիության վերաբերյալ:
  •  Օրենքով ամրագրում է Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում, Հայկական բարձրավանդակի ու հարակից տարածքների ազատագրում` որպես հայ ժողովրդի պարտականություն: Իսկ մինչ այդ` հիմք ընդունելով հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հենքի վրա Հայկական միասնական պետականությունը, որի կառավարման համակարգը հիմնված պետք է լինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման, հակակշռման ու զսպումների կառուցակարգերի վրա:
  •  Օրենքով ամրագրում է, որ Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Հայոց պետականության սահմանների ողջ երկայնքով արգելվում է:

 

 

Զարուհի Փոստանջյան

31 դեկտեմբերի 2016թ. 

Երևան

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝