«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ»
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Այսօր մարդկությունը թևակոխում է պատմական մի շրջափուլ, որը բնորոշվում է աշխարհաքաղաքական նոր կարգի ձևավորմամբ: Այդ ընթացքում հայ ժողովուրդը չպետք է կորցնի իրեն պատկանող Հայրենի բնօրրանով հանդերձ կարևոր միավոր ճանաչվելու պատեհությունը և հնարավորություն ստեղծի ինքնուրույն վարելու իր ազգային շահը հետապնդող քաղաքականություն` խուսափելով անիմաստ նոր զոհողություններից, հանդես բերելով ինքնիշխան պետության կարգավիճակից բխող հաստատակամություն ու նպատակամետություն:
Ժամանակին համընթաց քայլելու և համամոլորակային երթից ետ չմնալու բանալին մեզանում կազմավորված բռնակալական, քրեաօլիգարխիկ բուրգի օր առաջ տապալումն է և արտաքին կայսերապաշտական, ամբողջատիրական համակարգի հետ ուղղահայաց, վասալային քաղաքական կապի լուծարումն ու ժողովրդական հանրապետության հիմնումը:
Այժմ, երբ համայն հայությունն իր ամբողջական հայրենիքի պատկառելի հատվածին` Հայոց կորուսյալ բնօրրանին վերատիրանալու համար հասել է պայքարի բավական նպաստավոր մի հանգրվանի, սովորականից ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում մեր ազգային համընդհանուր ուժերի լարման և միատեղման հրամայականը, որպեսզի կենսակոչվի այնպիսի պետականության հիմնադրումը, որտեղ մարդու կյանքի, ազատության և երջանկության բնական ու անօտարելի իրավունքները լինեն կատարելապես երաշխավորված:
Ելնելով այն իրողությունից, որ կառավարման գործող համակարգը` նախագահ, կառավարություն և խորհրդարան, կործանարար է վերը թվարկված նպատակների հաջող մարմնավորման համար, ժողովուրդը պետք է անվերապահորեն օգտվի իր իրավունքից` լուծարի անարդյունավետ աշխատող այդ կառույցները և կազմավորի նոր կառավարություն` հիմնված քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը լավագույնս ապահովող սկզբունքների վրա:
Հայկական շուրջ քսանհինգամյա նորագույն պետականության պատմությունը լի է անարդարությունների, բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների և հակոտնյա այլ երևույթների բազմաթիվ վկայություններով, որոնք վերահաստատում են Հայաստանում անսահմանափակ բռնակալության կայացման տխուր փաստը:
Մասնավորապես` անվիճելի են փաստերը, որ շուրջ քսանհինգ տարի.
- Չեն ընդունվել օրենքներ, որոնք օգտակար և անհրաժեշտ են ժողովրդի ազգային շահը սպասարկելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար,
- Ընդունվել են հատուկ օրենքներ ու օրենսդրական ակտեր, որոնք բխում են բռնակալի և նրան սպասարկող խամաճիկների նեղ անձնական շահերից,
- Հասարակությունն ապրել է ծայրահեղ բևեռացվածության պայմաններում, չեն պաշտպանվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները,
- Չեն գործել իշխանության տարանջատման ու հակակշռման կառուցակարգերը,
- Խոչընդոտվել է հատկապես խոսքի ազատությունը (փակվել են լրատվամիջոցներ, բռնության են ենթարկվել լրագրողներ),
- Թույլ չի տրվել անկախ արդարադատության համակարգի գործունեությունը,
- Խորհրդարանը, կառավարությունը, դատարանները և ուժային կառույցները հիմնականում գործել են ի շահ մեկ մարդու` բռնակալի, և նրա մերձավոր շրջապատի,
- Բազմիցս յուրացվել է ժողովրդի իշխանությունը և ճնշվել ժողովրդի օրինական ցասումը (ի մասնավորի` 1995, 1996, 1998, 2003, 2008, 2013, 2015 թվականներին),
- Հետապնդվել են քաղաքական ընդդիմադիր գործիչները (սպանություններ, ծեծուջարդ, բանտարկություններ, քաղաքականությամբ զբաղվելու արգելք) և քաղաքական ընդդիմադիր կազմակերպությունները (կուսակցության գործունեության ապօրինի դադարեցում, կուսակցական գրասենյակների անօրինական փակում, հարձակումներ կուսակցության գրասենյակների վրա և այլն):
Բռնակալը և բռնակալական կառուցակարգը.
- Զանգվածաբար զրկել են մարդկանց` օրենքի ուժով պաշտպանել իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները,
- Ապօրինաբար ազատազրկել են հազարավոր մարդկանց,
- Վախի և կարիքի մեջ են պահել հասարակությանը,
- Ապօրինի կերպով օտարել են հանրային և մասնավոր սեփականությունը,
- Իրականացրել են հակաօրինական հարկահավաք,
- Հարստահարել կամ սնանկացրել են օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գործարարներին,
- Յուրացրել են սոցիալական, առողջապահության, կրթության և պաշտպանության համար նախատեսված հանրային գումարները,
- Ոչնչացրել են մշակութային ժառանգությունը և հայրենի բնությունը,
- Ռազմավարական նշանակության ազգային սեփականությունը նվիրաբերել են օտարին,
- Հրաժարվել են գիտելիքահենք, նոր տեխնոլոգիաների վրա խարսխված տնտեսությունից և ռազմարդյունաբերությունից,
- Հայաստանից ապօրինաբար արտահանել են տասնյակ միլիարդ դոլարի հասնող գումարներ,
- Կուտակել են շուրջ 6 միլիարդ դոլար պետական պարտք,
- Ազգային Զինված ուժերն օգտագործել են ճնշելու բռնակալության դեմ ժողովրդի արդարացի ընդվզումը,
- Ստեղծել են աշխարհում բնակչության թվաքանակի համեմատ ամենամեծ ոստիկանություններից մեկը,
- Դիտավորյալ չեն բնակեցրել ազատագրված հայրենիքը,
- Չեն պաշտպանել Հայրենիքի արցախյան սահմանը և հրաժարվել են հայրենի տարածքի բռնազավթումը վերացնելու պարտականությունից,
- Չեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահը` հանդես բերելով տարածքներ զիջելու պատրաստակամություն,
- Հայրենիքը բռնակցել են ծավալապաշտական, ազգային շահին հակասող միությունների,
- Խոչընդոտել են ներգաղթին և խթանել Հայաստանի հայաթափումը,
- Չեն զինել Ազգային բանակը համապատասխան ժամանակակից զենքով,
- Ազգային անվտանգության կարևոր նշանակության գործառույթը` հայրենիքի սահմանի պաշտպանությունը, փոխանցել են օտարին,
- Առանց ժողովրդի ազգային շահը հաշվի առնելու, օտարին են տրամադրել հայրենի տարածքը (ռազմակայանի համար), ինչպեսև` երկինքը (միասնական հակաօդային պաշտպանություն իրականացնելու համար),
- Հրաժարվել են հայաբնակ վայրերում վտանգի մեջ հայտնված ազգակիցներին պաշտպանելու պարտականությունից,
- Հրաժարվել են Հայրենի բնօրրանի հիմնական մասի բռնազավթման և ազատագրման ճանաչման իրավունքից ու սուրբ պարտականությունից,
- Ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք վտանգում են հայկական պետականության ինքնիշխանությունը,
- Հայոց ազգային շահը սպասարկելու և ժողովրդի բարեկեցության համար չեն կառուցել ողջամիտ, հավասարակշռված, բովանդակալից հարաբերություններ Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների ու միջազգային կառույցների հետ:
- Քանի որ ժողովրդի համբերությունը տևապես չարաշահվում է բռնակալության կողմից.
- Քանի որ բռնաճնշումների դեմ պայքարը սպառում է բոլոր հնարավոր միջոցները.
- Քանի որ շուրջ երկու տասնամյակ ընթացող ահռելի չափերի չարաշահումների և բռնությունների շղթան նենգ մտադրությունների նոր դրսևորումներ է խոստանում, այն է` ստիպել ժողովրդին համակերպվելու անսահման բռնակալության հետ և հրաժարվելու հայրենիքից, ինչը ժողովրդին պարտավորեցնում է այլևս չհանդուրժել կառավարության անգործունակությունը և անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծել ապագայի համար.
- Քանի որ իսպառ բացակայում են ազատության, սեփականության, անվտանգության ու ճնշումների դեմ դիմադրության մեր բնական և անօտարելի իրավունքների ապահովման գործիքակազմերը,
մենք` հայ ժողովրդի համասփյուռ ներկայացուցիչներս,
նպատակ ունենալով կյանքի կոչելու ազգային-ազատագրական և ժողովրդական իղձերը,
հանձնառու ենք շարունակելու ազատատենչ նախնիների և ապստամբ նվիրյալների պայքարը ընդդեմ գաղութատիրության և բռնակալության, հանուն հայ ժողովրդին պատկանող Հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնման և ժողովրդավար սահմանադրականության ձևավորման:
Այդ նպատակով`
- Լուծարում ենք մեր քաղաքական կապը Հայաստանում գործող բռնակալական համակարգի հետ.
- Գիտակցում ենք, որ նախքան նոր օրինական հայկական իշխանության ձևավորումը, անհրաժեշտ է աշխարհի հայահոծ վայրերում ստեղծել քաղաքական կառավարման կառույցներ, որոնք կոչված կլինեն սպասարկել սույն Հռչակագրի դրույթները.
- Հռչակում ենք` Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում Հայկական բարձրավանդակի ու հարակից տարածքների ազատագրում, մինչ այդ հիմք ընդունելով հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հենքի վրա Հայկական միասնական պետականությունը, որի կառավարման համակարգը հիմնված կլինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման, հակակշռման ու զսպումների կառուցակարգերի վրա: Քաղաքական կառավարման համակարգը պետք է զերծ պահվի քաղաքական մենաշնորհից.
- Ընդունում ենք, որ Հայոց պետականության կրողը համասփյուռ հայ ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է ամիջականորեն` իր իսկ հիմնադրած ներկայացուցչական մարմինների միջոցով: Հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներն իրավունք ունեն կրելու Հայկական պետականության քաղաքացիությունը և բանեցնելու քաղաքականություն: Բոլոր հայերը գտնվում են Հայոց պետականության պաշտպանության և աջակցության ներքո, իրավունք ունեն ազատագրված հայրենի բնօրրանում ստանալ անհատույց հողակտոր` տուն կառուցելու նպատակով.
- Հաստատում ենք, որ Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Հայոց պետականության սահմանների ողջ երկայնքով արգելվում է: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական հենակետերն ու շինությունները չեն կարող տեղաբաշխվել Հայոց պետականության տարածքում առանց երկրի ռազմաքաղաքական հայեցակարգի անտեսմամբ և համապատասխան նյութական փոխհատուցման.
- Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում աշխարհի հայաբնակ վայրերում քաղաքական կառավարման կառույցների հիմնադրման, Հայոց պետականության Սահմանադրության, սահմանադիր օրենքների և հայ ժողովրդի ազգային անվտանգության հայեցակարգի մշակման համար.
- Ընդունում ենք սույն Հռչակագրի դրույթները և հավատարմություն հայտնում, որ մեր կամքով, ներուժով, արժանապատվությամբ այն իրականություն ենք դարձնելու:
Առա´ջ, դեպի հաղթանակ:
Զարուհի Փոստանջյան
21.09.2016թ.
Երևան
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝