«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» կուսակցության կանոնադրություն

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (այսուհետև` Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` կամավորության հիմունքներով ձևավորված հասարակական-քաղաքական միավորում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, սույն Կանոնադրությանն ու իր Ծրագրին համապատասխան։

1.2 Կուսակցությունը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման պահից հանդիսանում է իրավաբանական անձ և հանրաքվեներին, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով նպաստում է ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Կուսակցությունն ունի կնիք` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, դրոշմ, պաշտոնաթղթեր, հաշվարկային հաշիվներ բանկերում`ինչպես դրամով, այնպես էլ` արտարժույթով։

1.3 Կուսակցության անվանումն է` «Երկիր Ծիրանի» կուսակցություն (հապավումը`ԵԾԿ): «Երկիր Ծիրանի» բառերի առաջին սկզբնատառերը գրվում են մեծատառերով: «Երկիր Ծիրանի»-ն չի թարգմանվում այլ լեզուներով:

1.4 Կուսակցության իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա, 33/1 շենք, 1-ին տարածք, հեռախոս` 091-40-39-00:

 

 

2. Կուսակցության անդամը. իրավունքներն ու պարտականությունները

 

 

2.1 Կուսակցության անդամ կարող Է լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ունի Կուսակցության անդամ լինելու իրավունք և այլ կուսակցության անդամ չէ: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել Կուսակցությանը` առանց նրա Կանոնադրության և Ծրագրի հաստատման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:

2.2 Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անձնական դիմումի հիման վրա` Կուսակցության Տարածքային խորհրդի կամ Կուսակցության Ժողովի որոշմամբ և հաշվառվում  Տարածքային որևէ ստորաբաժանման մեջ: Յուրաքանչյուր անդամ կարող է հաշվառվել միայն մեկ Տարածքային ստորաբաժանման մեջ:

2.3 Կուսակցության անդամն իրավունք ունի.

ա) Ընտրել և ընտրվել Կուսակցության ու նրա Տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,

բ) Սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել Կուսակցության գործունեությանը,

գ) Բողոքարկել նշված մարմինների որոշումներն ու գործողությունները` բացառությամբ օրենքով և սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի,

դ) Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի, Կուսակցության գործունեության և այլ հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ,

ե) Մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է իր հետ կապված հարց կամ իր առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,

զ) Կասեցնել և վերականգնել իր անդամակցությունը Կուսակցությանը, դուրս գալ Կուսակցության շարքերից` իր դիմումի համաձայն,

է) Օգտվել օրենքով և սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

2.4 Կուսակցության անդամը պարտավոր է.

ա) Գործել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի շրջանակներում, չիրականացնել Կանոնադրությանն ու Ծրագրին հակասող գործողություններ,

բ) Նպաստել Կուսակցության նպատակների և խնդիրների իրականացմանը.

գ) Վճարել անդամավճար, որի չափերը և գանձման կարգը հաստատվում են Կուսակցության Ժողովի կողմից,

դ)  Կատարել սույն Կանոնադրության պահանջները:

2.5 Կուսակցությանն անդամակցությունը դադարում է.

ա) Դիմումի համաձայն Կուսակցությունից դուրս գալու դեպքում: Կուսակցության անդամը գրավոր տեղեկացնում է համապատասխան կուսակցական մարմնին, որը վերջինս ընդունում է ի գիտություն:

բ) Կուսակցությունից հեռացվելու դեպքում,

գ) Կուսակցության լուծարման դեպքում,

դ) Օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

 

3.  Կուսակցության կառուցվածքը

 

 

3.1 Կուսակցության ղեկավար մարմիններն են` Համագումարը, Կուսակցության նախագահը, Ժողովը: Կուսակցության Քաղաքական խորհուրդը Կուսակցության ներկայացուցչական մարմինն է: Կուսակցությունը բաղկացած է Տարածքային ստորաբաժանումներից: Կուսակցության վերահսկող մարմինը Վերահսկող հանձնաժողովն է: Կուսակցության այլ կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և լուծարման մասին որոշումը կայացնում է Կուսակցության Ժողովը:

 

 

4. Կուսակցության Համագումարը

 

 

4.1 Համագումարը Կուսակցության բարձրագույն մարմինն է:

4.2 Համագումարին է վերապահվում Կուսակցության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։

4.3 Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական Համագումարը հրավիրվում է 4 տարին մեկ անգամ` Ժողովի որոշմամբ։ Արտահերթ Համագումար հրավիրվում է Ժողովի կողմից` Կուսակցության նախագահի, Ժողովի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ կամ Տարածքային ստորաբաժանումների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով: Հերթական Համագումարի հրավիրման և օրակարգի մասին Կուսակցության անդամներին հայտնվում է ոչ ուշ, քան 14 օր առաջ, իսկ արտահերթ Համագումարի դեպքում` ոչ ուշ, քան 7 օր առաջ:

4.4 Համագումարն իրավազոր է, եթե ներկա են (գրանցված են) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:

4.5 Համագումարը`

ա) Ընդունում է Կուսակցության Ծրագիրն ու հաստատում Կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ` բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների.

բ) Ի գիտություն է ընդունում Կուսակցության նախագահի քաղաքական զեկույցը,

գ) Հաստատում է Կուսակցության Ժողովի գործունեության մասին հաշվետվությունը,

դ) Հաստատում է Կուսակցության Վերահսկող հանձնաժողովի հաշվետվությունը,

ե) Պատվիրակների կողմից կատարվում է Կուսակցության նախագահի, Ժողովի և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն, լիազորությունների վաղաժամկետ դադարեցում, կազմալուծում,

զ) Պատվիրակների կողմից կատարվում է Կուսակցության Ժողովի առաջադրած Կուսակցության նախագահի` Ժողովի ղեկավարի ընտրություն, լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,

է) Ընդունում է Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումը: Եթե Կուսակցության լուծարման համար հրավիրված Համագումարն իրավազոր չէ, ապա Կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը` Ժողովը: Իսկ Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազոր չլինելու դեպքում Կուսակցությունը լուծարվում է Կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ:

4.6 Կուսակցության Համագումարի որոշումները, բացառությամբ սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են Համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ:

4.7 Կուսակցության Կանոնադրության հաստատման և Ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

 

5. Կուսակցության նախագահը

 

 

5.1 Կուսակցության նախագահն ընտրվում է Կուսակցության Ժողովի կողմից առաջադրված Կուսակցության Ժողովի անդամներից` Կուսակցության Համագումարի պատվիրակների կողմից, ձայների մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ:

5.2 Կուսակցության նախագահը`

ա) Ի պաշտոնե նաև Քաղաքական խորհրդի նախագահն է, ղեկավարում է Ժողովի և Քաղաքական խորհրդի աշխատանքները:

բ) Հրավիրում և վարում է Կուսակցության Ժողովի նիստերը, ստորագրում որոշումները և նիստերի արձանագրությունները,

գ) Ներկայացնում է Կուսակցությունը առանց լիազորագրի, հանդես է գալիս Կուսակցության անունից,

դ) Իրավունք ունի հրավիրել արտահերթ Համագումար, Ժողով և Քաղաքական խորհրդի արտահերթ նիստեր,

ե) Ապահովում է Համագումարի, Ժողովի, Քաղաքական խորհրդի որոշումների կատարումը,

զ) Իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ և ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Կուսակցության անունից կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր,

է) Համագումարին ներկայացնում է Ժողովի հաստատած քաղաքական զեկուցումը,

ը) Հաշվետվություն է ներկայացնում Համագումարում` Ժողովի կատարած գործունեության վերաբերյալ,

թ) Օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը և միջոցները,

ժ) Ժողովի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը և դրույքաչափերը, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Կուսակցության աշխատակազմի աշխատողներին,

ժա) Ընտրում է Կուսակցության գրասենյակի տնօրեն և մամուլի պատասխանատու,

ժբ) Կուսակցության անունից հաստատում, ստորագրում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,

ժգ) Իրականացնում է սույն Կանոնադրությամբ և Կուսակցության Համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ,

ժդ) Կայացնում է որոշումներ` Կուսակցության մարմինների կողմից Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարման դեպքում՝ Կուսակցության անխափան գործունեությունն ապահովելու համար:

5.3 Կուսակցության նախագահի բացակայության ընթացքում` նրա պարտականությունները կատարում է Կուսակցության նախագահի տեղակալը, իսկ եթե հնարավոր չէ`Ժողովի տարիքով ավագ անդամը:

 

 

6.Կուսակցության Ժողովը

 

 

6.1 Ժողովը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, ընտրվում է Կուսակցության Համագումարում պատվիրակների կողմից` ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ և բաղկացած է 11 անդամից: Ժողովը ընտրվում է Համագումարի կողմից` չորս տարի ժամկետով:

6.2  Ժողովը`

ա) Կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Կուսակցության Համագումարի որոշումների կատարման ընթացքը,

բ) Ընտրվելուց հետո իր առաջին նիստում, որը պետք է մեկնարկի ընտրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում, իր կազմից ընտրում է Կուսակցության նախագահի` Ժողովի ղեկավարի տեղակալին և քարտուղարին` Ժողովի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ,

գ) Որոշում է կայացնում հերթական և արտահերթ Համագումար հրավիրելու մասին, սահմանում է Համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը, ստորաբաժանումներին տրվող համամասնությունը, հաստատում է Համագումարի օրակարգի նախագիծը,

դ) Որոշում է չափորոշիչներ` ընտրովի պաշտոններում Կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների վերաբերյալ,

ե) Կուսակցության անդամների և Տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա հաստատում է ԱԺ ընտրություններին և Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցելու` Քաղաքական խորհրդի կողմից ձևավորված Կուսակցության ընտրական ցուցակները,

զ) Որոշում է ընդունում անդամավճարների չափերի, գանձման կարգի վերաբերյալ և սահմանում է անդամավճարներից առաջացող գումարների և ֆինանսական այլ միջոցների տնօրինման կարգը,

է) Որոշումներ է ընդունում Կուսակցության Տարածքային ստորաբաժանումներ ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնակարգերը,

ը) Որոշում է ընդունում անձին Կուսակցության շարքերն ընդունելու և Կուսակցության շարքերից հեռացնելու մասին,

թ) Սահմանում է անձին Կուսակցության շարքերն ընդունելու մինչև եռամսյա փորձաշրջան,

ժ) Ընդունում է ներկուսակցական ակտեր (որոշում, հանձնարարական, հրահանգ, հայտարարություն և այլն)` բացառությամբ նրանց, որոնք Կուսակցության Համագումարի, Կուսակցության նախագահի, Քաղաքական խորհրդի և Վերահսկող հանձնաժողովի բացառիկ իրավասությունների շրջանակներում են,

ժա) Հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն,

ժբ) Քննարկում և որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ,

ժգ) Որոշում է կայացնում Կուսակցության լուծարման մասին, եթե Համագումարն իրավազոր չի եղել:

6.3 Կուսակցության Ժողովի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է Ժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Կուսակցության նախագահի ձայնը վճռորոշ է։

6.4 Կուսակցության Ժողովի նիստերը հրավիրվում են Ժողովի կողմից սահմանված կարգով` ոչ ուշ, քան 10 օրը մեկ։  Ժողովի արտահերթ նիստերը հրավիրվում են Կուսակցության նախագահի կամ Ժողովի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Կուսակցության Ժողովի արտահերթ նիստն իրավազոր է, եթե դրա անցկացման օրվա, տեղի և ժամի մասին պատշաճ կարգով ծանուցվել են Ժողովի բոլոր անդամները:

 6.5 Ժողովի անդամը պարտավոր է մասնակցել Ժողովի նիստերին:

6.6 Ժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են Համագումարի որոշմամբ`

ա) Կուսակցությանը անդամությունը դադարեցնելու դեպքում,

բ) Հրաժարականի դեպքում,

գ) Այն դեպքում, երբ նա երեք ամիս անընդմեջ անհարգելի պատճառով չի մասնակցում Ժողովի նիստերին,

դ)  Նրա մահվան դեպքում:

6.7 Ժողովի անդամի լիազորությունները դադարելու դեպքում Ժողովի կազմը չի համալրվում, և որոշումներն ընդունվում են տվյալ պահին Ժողովի անդամի լիազորություններ ունեցողների ընդհանուր թվի հաշվառմամբ:

6.8 Կուսակցության Ժողովի նիստերի արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է Կուսակցության նախագահի և նիստն արձանագրող քարտուղարի կողմից:

 

 

7. Կուսակցության Քաղաքական խորհուրդը

 

 

7.1 Քաղաքական խորհուրդը Կուսակցության ներկայացուցչական մարմինն է: Նրա կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Կուսակցության նախագահը, Ժողովի անդամները, Կուսակցության տարածքային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և ընտրվում է չորս տարի ժամկետով:

7.2 Կուսակցության Քաղաքական խորհուրդը`

ա) Քննարկում է առաջիկա ընտրություններին Կուսակցության մասնակցությանը վերաբերող հարցեր,

բ) Կուսակցության Ժողովի ներկայացմամբ որոշում է կայացնում Կուսակցության` քաղաքական դաշինքներում ընդգրկվելու վերաբերյալ,

գ) Գնահատական է տալիս ընթացիկ քաղաքական իրավիճակին, անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ:

7.3 Կուսակցության Քաղաքական խորհրդի նիստն իրավասու է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է Քաղաքական խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Կուսակցության նախագահի ձայնը վճռորոշ է:

 7.4  Քաղաքական խորհրդի նիստերը վարում է Կուսակցության նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կուսակցության նախագահի տեղակալը կամ Քաղաքական խորհրդի որևէ անդամ:

 

8. Կուսակցության Տարածքային ստորաբաժանումները

 

8.1 Կուսակցության Տարածքային ստորաբաժանումները ստեղծվում են տարածքային հատկանիշներով` ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում: ՀՀ տարածքից դուրս Կուսակցությունը կարող է ունենալ ներկայացուցչություններ:

8.2 Տարածքային ստորաբաժանումները ստեղծվում և լուծարվում են Ժողովի որոշմամբ:

8.3 Տարածքային ստորաբաժանման անդամների ժողովը հրավիրվում է չորս տարին մեկ անգամ: Տարածքային ստորաբաժանման անդամների ժողովը իր կազմից ընտրում է Տարածքային ստորաբաժանման ղեկավար` Նախագահ, Տարածքային խորհուրդ և վերահսկող` գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ` չորս տարի ժամկետով:

8.4 Տարածքային ստորաբաժանման ղեկավար մարմինը Տարածքային խորհուրդն է, որը բաղկացած է հինգ անդամից` Տարածքային ստորաբաժանման նախագահից և բաց քվեարկությամբ ընտրված չորս անդամներից, որոնք ընտրվում են ձայների պարզ մեծամասնությամբ` չորս տարի ժամկետով: Տարածքային ստորաբաժանման Տարածքային խորհուրդը Կուսակցության Ժողովի կողմից սահմանված կարգով և տվյալ ստորաբաժանմանը հասանելիք չափաքանակներով ընտրում է Կուսակցության Համագումարի պատվիրակներ, հրավիրում է Տարածքային ստորաբաժանման անդամների ժողովի արտահերթ նիստեր, իրականացնում է Տարածքային ստորաբաժանման գործունեությունը համակարգող աշխատանքներ, հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության Ժողովին: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը` Նախագահը, ղեկավարում է Տարածքային ստորաբաժանման և Տարածքային խորհրդի գործունեությունը, հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության Ժողովին` Տարածքային ստորաբաժանման գործունեության, Տարածքային ստորաբաժանմանը հատկացված գույքի օգտագործման ևկառավարման վերաբերյալ, համակարգում է, կազմակերպում է Կուսակցությանն անդամակցելու նպատակով Տարածքային ստորաբաժանմանը դիմած քաղաքացիների անդամագրման, դիմումների ներկայացման աշխատանքները:

8.5 Տարածքային ստորաբաժանումն իր անդամների կողմից ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ ընտրում է վերահսկող անդամ, որը կարող է պահանջել և հնգօրյա ժամկետում ստանալ Տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն, իրականացնում է Տարածքային ստորաբաժանման կանոնադրական և ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողություն և պարտավոր է դրա վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել Կուսակցության Վերահսկող հանձնաժողովին և Համագումարին:

8.6 Տարածքային ստորաբաժանման խորհրդի նիստերը կարող են լինել հերթական և արտահերթ: Հերթական նիստեր հրավիրվում է տարին չորս անգամ` Տարածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստը հրավիրվում է Ժողովի նախաձեռնությամբ կամ Տարածքային ստորաբաժանման խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

8.7 Կուսակցության Ժողովի կողմից հաստատված և հատկացված նյութական միջոցների ու գույքի կառավարումը վերապահված է տվյալ Տարածքային ստորաբաժանման ղեկավարին:

8.8 Տարածքային ստորաբաժանումն իրավասու է ունենալ Կուսակցության Ժողովի կողմից իրեն հատկացված գույքը և տնօրինել` մինչև իր լիազորությունների ավարտը:

 

 

9. Կուսակցության Վերահսկող հանձնաժողովը

 

9.1 Վերահսկող հանձնաժողովը Կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է. Ընտրվում է Համագումարի կողմից` չորս տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ:

9.2 Վերահսկող հանձնաժողովը`

ա) Կուսակցությունում ցանկացած ժամանակ կարող է անցկացնել ստուգում` իր լիազորությունների սահմաններում,

բ) Կարող է ծանոթանալ Կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին,

գ) Կարող է առաջարկներ ներկայացնել Կուսակցության ղեկավար մարմիններին,

դ) Կարող է Կուսակցության նախագահից կամ Ժողովի անդամներից, շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել և ստանալ Կուսակցության գործունեությանն առնչվող տեղեկություններ,

ե) Եզրակացություն է տալիս Կուսակցության գործունեության, ֆինանսական միջոցների և գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ,

զ) Հաշվետվություն է ներկայացնում Համագումարին:

9.3 Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Կուսակցության ղեկավար որևէ մարմնի անդամ:

9.4 Վերահսկող հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը համակարգում է Վերահսկող հանձնաժողովի աշխատանքները:

9.5  Վերահսկող հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կուսակցության Ժողովի, Քաղաքական խորհրդի և Տարածքային ստորաբաժանումների խորհուրդների նիստերին։

9.6 Վերահսկող հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ` հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Վերահսկող հանձնաժողովի և Ժողովի որևէ անդամի պահանջով:

9.7 Վերահսկող հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների 2/3-ի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստում կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

9.8 Վերահսկող հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե այլ բան չի սահմանվել Համագումարի կողմից։

 

 

10. Կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները, կիրառման հիմքերն ու կարգը, կիրառող իրավասու մարմինները

 

 

10.1 Կուսակցության Կանոնադրության խախտման, ծրագրային դրույթներից և սկզբունքներից շեղվելու դեպքում Կուսակցության Ժողովը համապատասխան բողոքի հիման վրա իրավասու է ստեղծել բողոքը քննող հանձնաժողով իր կազմից և Քաղաքական խորհրդի անդամներից, որը պետք է քննի ու կազմի զեկույց եւ այն ներկայացնի Կուսակցության Ժողովին: Կուսակցության Ժողովը վերոնշյալ զեկույցի հիման վրա իրավասու է ընդունել որոշում` Կուսակցության անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

10.2 Կարգապահական պատասխանատվության տեսակներն են`

ա) Նախազգուշացում,

բ) Նկատողոթյուն,

գ) Կուսակցությունից հեռացում (Կուսակցության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամների դեպքում՝ Ժողովի կողմից առաջարկություն է ներկայացվում Համագումարին տվյալ անդամի լիազորությունները ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմնում դադարեցնելու վերաբերյալ, որի հաստատման դեպքում Ժողովը իրավասու է որոշում կայացնել տվյալ անդամին Կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ):

 

 

11. Կուսակցության սեփականությունը

 

 

11.1 Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, կուսակցական անդամավճարները, օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։

11.2 Կուսակցության հիմնադիրների և անդամների` սեփականության իրավունքով Կուսակցությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները և անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար։

 

 

12. Կուսակցության վերակազմակերպումը, լուծարումը

 

 

 

12.1 Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլվել, միանալ, բաժանվել կամ առանձնանալ) կատարվում է Կուսակցության Համագումարի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով։

12.2 Կուսակցությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով: Լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կուսակցության Կանոնադրությամբ նախատեսված պահանջներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

12.3 Եթե Կուսակցության լուծարման համար հրավիրված Համագումարն իրավազոր չէ, ապա Կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է Կուսակցության Ժողովը: Իսկ Կուսակցության Ժողովի իրավազոր չլինելու դեպքում Կուսակցությունը լուծարվում է Կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում Կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, Կուսակցության Համագումարը կամ Ժողովը այլ որոշում չի կայացրել:

Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է Կուսակցության գործունեությունը, ապա Կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովը։

12.4 Սույն Կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

15.03.2017թ.

Երևան

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝