«Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագիր

ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ

 

 

Լինում է, այո՛, որ մի ամբողջ ժողովուրդ ինքն է կանգնում ոտքի վրա, ինքն առանց օտարի ձեռնտվության թոթափում էր իր վզից ստրկության լուծը: Բայց դա լինում է այն ժամանակ, երբ նա բավականին հասկացել է, թե ինչ բան է ազատությունը: Եթե մեր ժողովրդի առաջնորդող մասը նրան այն շավղի մեջ դրած լիներ, նրան այնպիսի ուղղություն տված լիներ, որ նա վերջապես հասկանար, թե ո՛րքան վատ է օտարի կոպիտ ուժի տակ ճնշված դրությունը, թե ո՛րքան լավ է իր սեփական հողի վրա իր քրտինքով ազատ ապրելը. — մեր գործը շատ հեշտ առաջ կերթար...

 

Րաֆֆի, «ԿԱՅԾԵՐ»

 

 

 

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետականության հիմքի վրա կառուցել համասփյուռ հայ հասարակության զարգացմանը նպաստող առաջադիմական, արդիական քաղաքական համակարգ, որը կներառի ողջ հայ ժողովրդի ընդհանրական շահերն արտահայտող հանրային քաղաքականության ծրագիր և գործողություններ, ինչի կենսակոչման շնորհիվ հնարավոր կլինի հասնել պատմական Հայաստանում ազգային կատարյալ պետականության ստեղծման: Հայերի պատմական Հայրենիքում` Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքում, Հայկական ազգային կատարյալ պետականություն ստեղծելու ձգտումն է 21-րդ դարի հայերի քաղաքակրթական ինքնությունը պահպանելու և զարգացնելու հիմքն ու երաշխիքը:

 

Վերոնշյալ նպատակին հասնելու համար կուսակցությունն իր առջև խնդիր է դնում` միավորելու աշխարհասփյուռ հայության տարբեր մասերը հայկական շահը սպասարկող ընդհանուր քաղաքականության ներքո:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական փիլիսոփայության անկյունաքարը համասփյուռ հայության ուղղակի ներգրավվածությունն է Հայկական ազգային կատարյալ պետականություն կառուցելու քաղաքականությունում:

 

Հայկական ազգային կատարյալ պետականության ստեղծման համար անհրաժեշտ երեք կարևոր գործոնների միասնությունը` ազգ, պետություն և տարածք, առկա է 21-րդ դարի հայ ազգի զինանոցում: Ժամանակակից հայ ազգը քաղաքական այն միասնությունն է, որի ընդհանուր ընկալման արժեհամակարգը պատասխանատվությունն է բովանդակ հայության և իր հայրենի հողի (Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, Կիլիկիա, …) նկատմամբ, որն այսօրվա դրությամբ, որպես Հայկական պետականություն, կազմում է շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի և Հայաստանի Հանրապետություններ, որոնք պետք է վերակառուցել և պաշտպանել, ինչի պատասխանատուն հայ ժողովուրդն է:

 

Շուրջ քառորդ դար Արցախի և Հայաստանի Հանրապետություններում գործող քաղաքական համակարգը հնարավորություն չի ընձեռել հայ ժողովրդին հասնելու ցանկալի արդյունքի` պատմական Հայաստանում ազգային կատարյալ պետականության ստեղծման: 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր հիմնական նպատակին հասնելու համար առաջնային և անհրաժեշտ պայման է ճանաչում հետևյալ դրույթները.

 

  •  Քաղաքակրթական աշխարհընկալմամբ` Հայաստանի տեղը համամարդկային արժեքների վրա հիմնված համաեվրոպական ընտանիքն է, իսկ պետականության մոդելը` հայկական ինքնությամբ այնպիսի կայացած պետությունը, որտեղ մարդու կյանքը և արժանապատվությունը գերագույն արժեք են, ստեղծագործական ու աշխատանքային գործունեությունը` երաշխավորված, ծերությունը` ապահովված:

 

  • Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, մեր կարծիքով, փաստացի մեկ ռազմաքաղաքական միավոր են: ԽՍՀՄ փլուզման արդյունքում ապագաղութացման գործընթացի ներքո հռչակված Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչվի, առաջին հերթին, Հայաստանի կողմից, և նրա հետ Հայաստանը պետք է կնքի ռազմական փոխօգնության, մեկ դրամական, անձնագրային և քաղաքացիության վերաբերյալ պայմանագրեր, որոնք ենթադրում են դե-յուրե միասնական պետականություն:

 

  •  Համահայկական ընտրական համակարգի ներդնում (էլեկտրոնային քվեարկության համակարգ), համաձայն որի` ընտրելու և ընտրվելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, և երաշխավորված է այն իրագործել` անկախ նրա գտնվելու վայրից (աշխարհի հայաշատ համայնքներում պետք է լինեն ընտրական տեղամասեր): Արցախը, Ջավախքը և արտասահմանի բոլոր հայաշատ համայնքները պետք է ունենան իրենց պատգամավորները հայոց խորհրդարանում: Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական ընտրական կարգով, ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը չպետք է գերազանցի 2.5%-ը:

 

  •  Համահայկական քարոզարշավ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման գաղափարի տարածման համար:

 

  •  Հայրենիք վերադարձած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած յուրաքանչյուր հայի` տուն կառուցելու նպատակով անհատույց հողակտորի տրամադրում:

 

  • Քաղաքական համակարգի ներդնում, որտեղ առկա է երաշխիք` պետական իշխանության ճյուղերի տարանջատման, հակակշռման և զսպման կառուցակարգերի հիման վրա:

 

  •  Անկախ դատական համակարգի կայացում և գործունեություն: Առաջին և Վերաքննիչ դատական ատյանների դատավորների համընդհանուր պարբերական ընտրությունների համակարգի ներդնում:

 

  •  Պետության նախագահի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների (քաղաքապետ և ավագանի) ընտրությունների` ուղղակի ընտրական համակարգի ներդնում:

 

  •  Հարկային ազատականացում և պրոգրեսիվ հարկման իրավական դրույթների ամրագրում:

 

  •  Հայաստանի Հանրապետությունից գումարներ և նյութական այլ միջոցներ ապօրինի դուրս հանելու և  հանրային սեփականության ապօրինի օտարման հարցերի վերաբերյալ քննության պահանջում:

 

  •  Չբացահայտված քաղաքական սպանությունների քննության պահանջում:

 

  • Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի, Գետաշենի ու Մարտունաշենի և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի անկման քաղաքական և իրավական գնահատականի պահանջում (մեղավորների բացահայտում): 1994 թվականի մայիսին Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու պայմանագրի կնքման փոխարեն` անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման և դրանով հայկական ուժերի ազատագրական գործողությունների կասեցման քաղաքական գնահատական և դատապարտում:

 

  •  Ապրիլյան քառօրյա պատերազմի, հայկական կողմի մեծաթիվ զոհերի ու վիրավորների և Հայկական պետականության տարածքային կորուստների վերաբերյալ քննության անցկացման պահանջում:

 

  • Օրենքի ուժով գաղտնազերծման անցկացում, որը կվերաբերի 1991 թվականից առ այսօր իշխանության այն ներկայացուցիչներին, ովքեր, մեր կարծիքով, ոտնահարել են մարդու իրավունքները,  զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել են, համագործակցել են օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:

 

  •  Հայաստանում ապրող ազգային, ինչպես նաև այլ բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները, լինելով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, կարևոր արժեք են Հայկական պետականության համար: 

 

  •  Անվտանգության այնպիսի քաղաքականության կենսագործում, որը բացառում է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի փոխանցումը` հակաօդային ու ցամաքային զորքերի հրամանատարության, սահմանների վերահսկողության և այլ հարցերում: Օրենքով ամրագրում, որ Հայկական պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես Հայկական ազգային զինված ուժերի մենաշնորհն են: Զինված ուժերի պաշտպանական առաջին գծում պետք է ծառայության անցնեն պայմանագրային զինծառայողները:

 

  •  Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով խոչընդոտների վերացում, այդ թվում` վերանայելով այն պայմանագրերը պետությունների ու կազմակերպությունների հետ, որոնք, մեր կարծիքով, կնքվել են անօրինական և հակասում են հայ ժողովրդի ազգային շահին:

 

 

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային խնդիրներն են

 

 

Արտաքին քաղաքականություն

 

 

  • Հայկական ազգային շահը սպասարկելու նպատակով կառուցել ողջամիտ և հավասարակշռված հարաբերություններ Իրանի, Վրաստանի,  Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների ու միջազգային կառույցների հետ:
  •  Եվրոպական ինտեգրում`  Եվրոպական Միության հետ համապարփակ  քաղաքական և տնտեսական գործընկերության հաստատում:
  •  Ռուսաստանի հետ փոխշահավետության, իրավահավասարության, միմյանց շահերը փոխադարձաբար հարգելու սկզբունքների հիման վրա հարաբերությունների հաստատում:
  • ԱՄՆ-ի հետ փոխշահավետության, իրավահավասարության, միմյանց շահերը փոխադարձաբար հարգելու սկզբունքների հիման վրա հարաբերությունների հաստատում:
  • Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական երկկողմանի հարաբերությունների հաստատում, որը տարանջատված է այլ ռազմաքաղաքական միավորներից:
  • Իրանի և Չինաստանի հետ այնպիսի տնտեսական հարաբերությունների հաստատում, ինչի շնորհիվ Հայաստանը կդառնա տարանցիկ պետություն (Մետաքսի ճանապարհ, երկաթգիծ, գազամուղ, նավթատար և այլն):
  • Վրաստանի հետ ռազմավարական, գործընկերային հարաբերությունների հաստատում` այն նաև դիտարկելով Եվրոպայի և Ռուսաստանի  հետ հաղորդակցության կարևոր հանգույց:
  •  Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է բացառապես առաջնորդվի իր ինքնիշխանության ու ազգային շահերի պաշտպանության և ապագաղութացման իրավունքի կենսակոչման սկզբունքներով:

 

 

 

 

Տնտեսություն

 

 

«Ինչո՞ւ են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հանրահայտ աշխատության հիմնական թեզն ամրագրում է հետևյալը` պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ, նախևառաջ, քաղաքական ինստիտուտները: Ըստ այդ տեսության` քաղաքական ինստիտուտները լինում են ներառող (inclusive) ու քամող/կեղեքող (extractive), և հաջողում են այն ազգերը, որոնք ունեն ներառող քաղաքական ինստիտուտներ, և հակառակը` ձախողում են նրանք, որոնց ինստիտուտները քամող են:

Շուրջ քառորդ դար Հայաստանում գործել են քամող/կեղեքող քաղաքական ինստիտուտներ: Այս ինստիտուտները կշարունակեն գործել ևս տարիներ, եթե դրանց վերացման ուղղությամբ չձևավորվի համընդհանուր համախմբող քաղաքական օրակարգ, որը կունենա հստակ գործողությունների ծրագիր և սահմանափակ ժամանակացույց»:

 

Տարոն Աճեմօղլու

«Ինչո՞ւ են պետությունները ձախողում» աշխատությունից

 

 

Հաշվի առնելով «Գլոբալ բարգավաճման ինդեքս»-ի  (Global Prosperity Index) տարեկան զեկույցները երկրների բարգավաճման դասակարգման վերաբերյալ, որոնք ներառում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ազգային հարստությունը, կրթական աստիճանն ու անվտանգությունը, առանցքային գործոն է դիտարկվում  երեք դասակարգումից բաղկացած կառավարումը` արդյունավետ կառավարում, ժողովրդավարություն ու քաղաքական մասնակցություն և իրավունքի գերակայություն: Հետազոտության համար հաշվի  են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են`  ընտրողների մասնակցությունը, օրենսդրական անկախությունը և կանանց թիվը խորհրդարանում:

 

  •  Տնտեսական մենաշնորհների վերացում: Տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների երաշխավորում:
  •  Կոռուպցիան և ստվերային տնտեսությունը սնող քաղաքական ու իրավական պատճառների վերացում:
  •  Ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծում ու զարգացման քաղաքականության իրականացում:
  •  Ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա արդյունաբերության զարգացման խրախուսում:
  •  Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը խթանող դրամավարկային և հարկային քաղաքականության իրականացում:
  •  Այլընտրանքային էներգետիկայի համակարգի ներդնում և խրախուսում:
  •  Եվրոպական Միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծում և վիզաների ազատականացում:
  •  Իրանի և Վրաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում:
  •  Տարածքների տնտեսական համաչափ զարգացում։
  •  Ընդհանուր վարկային քաղաքականության վերանայում (այդ թվում`  տոկոսադրույքների  նվազեցում):
  •  Սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեության խթանում և արտոնությունների տրամադրում:

 

 

 

Իրավունքի գերակայություն

 

 

Իրավունքի գերակայության երաշխավորման համար հիմք և ուղեցույց են` Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, իրավունքի գերակայության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոտեցումները,  «Իրավունքի գերակայության սկզբունքի» մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1594(2007) բանաձևը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև «Ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպման հռչակագիրը»:

 

  •  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային նորմերի ուղղակի կիրառում և հարգում:
  •  2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեի, մեր կարծիքով` կեղծված արդյունքների և դրանից բխող` փաստացի գործող քաղաքական կառուցվածքի մերժում:
  •  Մինչև նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտ է մշակել և ընդունել սահմանադիր օրենքների համախումբ` Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին օրենք և այլն, որոնք պետք է ապահովեն Հայկական ազգային կատարյալ պետականության ձևավորումը (իշխանությունների ճյուղերի տարանջատման և զսպումների ու հակակշռումների հիման վրա գործող քաղաքական համակարգ, ազատ, արդար, թափանցիկ պայմաններում համապետական ընտրությունների անցկացման մատչելիություն և լիարժեք ներգրավվածություն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար):
  •  Խիստ նվազեցնել ոստիկանության համակարգում ծառայողների թվաքանակը` այն համապատասխանեցնելով ժողովրդավար պետությունների չափորոշիչներին:

 

 

 

Պաշտպանություն և Զինված ուժեր

 

 

  •  Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգը և Զինված ուժերը պետք է համապատասխանեն ժամանակակից, մրցունակ պաշտպանական համակարգերին: Այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր և ժամանակի ընթացքում անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: 

 

  •  Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը և նրա սահմանների պաշտպանությունը Հայկական զինված ուժերի համապարփակ գործողությունների մենաշնորհն է և պարտականությունը:
  •  Սահմանների առաջնագծի պաշտպանությունը պետք է իրականացնեն պայմանագրային զինծառայողները:
  •  Սահմանների առաջնագծի պաշտպանությունն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում:
  •  Զինված ուժերի բոլոր ժամկետային զինծառայողները պետք է ստանան աշխատավարձ նվազագույն աշխատավարձի չափով`     մինչև ամբողջական պրոֆեսիոնալ բանակի անցնելը:
  •  Զինված ուժերի բոլոր ժամկետային զինծառայողների` ծառայության երկու տարիների ընթացքում նրանց ընտանիքներին պետք է տրամադրվեն սոցիալական արտոնություններ:
  •  Ժամկետային զինծառայության անցած ուսանողների վարձավճարները` ծառայությունից հետո ուսումը շարունակելու դեպքում զրոյացնել:

 

 

 

Կանանց իրավունքներ

 

 

Կանանց ոչ բավարար ներգրավվածության խնդիրը քաղաքական և տնտեսական կյանքում լուրջ խոչընդոտ է պետության զարգացման համար: Կանանց իրավունքների ոտնահարումներն ու կնոջ նկատմամբ բռնությունը և այդ երևույթի վերաբերյալ կանխարգելիչ ու բացառող քայլերի բացակայությունը (Հայաստանը չի ստորագրել 2011 թվականի Եվրոպայի Խորհրդի ստամբուլյան կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին) արգելակում են կանանց շահերի և իրավունքների պաշտպանությունը:

  •  Կանանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն:
  •  Կանանց հավասար մասնակցության ապահովվում որոշումների ընդունման գործընթացներին` հանրային կառավարման բոլոր մակարդակներում:
  •  Կանանց և երեխաների պաշտպանություն բռնության բոլոր դրսևորումներից:
  •  Կանանց վերարտադրողական և սեռական առողջության պահպանում:
  •  Կանանց ներգրավվածությունը տնտեսական կյանքին խրախուսելուն միտված ծրագրերի իրականացում:

 

 

 

Կոռուպցիա և մենաշնորհ

 

 

Հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կատարել ծրագրված գործողություններ, որոնք պետք է ներառեն հետևյալ սկզբունքները` քաղաքական կամք,  հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, բոլորը հավասար են օրենքի առջև և հավասարապես պաշտպանվում են օրենքով, ապահովված է իշխանությունների լիարժեք բաժանումը, հարգանքը մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետևողական իրագործում, կոռուպցիոն ռիսկերի գնահատում և կառավարում, քաղաքական բարձրագույն մակարդակում հաշվետվողականություն:

 

  •  Վերացնել կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը:
  •  Չեզոքացնել քաղաքական ու տնտեսական մենաշնորհները:
  •  Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը (կապված հանրային գույքի մասնավորեցման, հանրային ծառայությունների պատվերների և գնումների, հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու հետ) օրենսդրության ընդունման և  իրավական ու քաղաքական վերահսկողության միջոցով վերացնել:

 

 

 

Կրթություն

 

 

Կրթական համակարգի բարելավումն ունի բազմակողմանի միջամտության կարիք, նրա կառավարումը պետք է զերծ լինի կուսակցական միջամտություններից և  ունենա գործադիր կառավարման անկախ համակարգ:

  •  Որակյալ և  հասանելի կրթության ներդնում, որը քաղաքացի դաստիարակելու հիմնական երաշխիքն է:
  •  Կրթության պետական ֆինանսավորման ավելացում և հանրային միջոցների արդյունավետ կառավարում:
  •  Ուսուցչի դերը կարևորել հասարակության մեջ, դարձնել այն պատվաբեր և  նրան համարժեք վարձատրել:

 

 

Գիտություն

 

 

Գիտության զարգացումը և  գիտելիքահենք տնտեսության ստեղծումը 21-րդ դարի պետության մրցունակության կարևոր և  անփոխարինելի երաշխիքներից են: Երկիրը որքան շատ է ծախսում գիտատեխնիկական ոլորտի վրա, այնքան բարձր են նրա տնտեսական զարգացման աստիճանը և  բնակչության կենսամակարդակը: Գիտության զարգացումը լուծում է միաժամանակ մի քանի խնդիր` ազգային անվտանգության ամրապնդում, տնտեսության զարգացում, աղքատության հաղթահարում, նոր աշխատատեղերի ստեղծում, երկրի մրցունակության ապահովում և  միջազգային հեղինակության բարձրացում: Այսօր Հայաստանի գիտության ոլորտը ստանում է խիստ անբավարար ցածր ֆինանսա­վորում: Մինչդեռ կայուն զարգացում ունեցող երկրները գիտատեխնիկական ոլորտի վրա ծախսում են իրենց  ՀՆԱ-ի 2-3%-ից ոչ պակաս:

 

  •  Գիտական համակարգը պետք է գտնվի պետական հոգածության և  աջակցության ներքո, իսկ ֆինանսավորումը` ՀՆԱ-ի առնվազն 3%-ից ոչ պակաս:
  • Գիտության ասպարեզում հայ գիտնականների և  երիտասարդ գիտաշխատողների գյուտերն ու նորամուծությունները պետք է խրախուսվեն պետության կողմից և  հետագա կիրառման նպատակով պատշաճ ֆինանսական օժանդակություն ստանան:
  •  Կրթական համակարգի, գիտահետազոտական ինստիտուտների և  վերջնական արժեք ստեղծող գործարար միջավայրի միջև  կիրառական փոխհամագործակցության համակարգի ներդնում:

 

 

 

Մշակույթ

 

 

Մշակույթի ոլորտի խնդիրն է Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայկական համաշխարհային քաղաքակրթական մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը և  ճանաչելիությանը նպաստելը` որպես ազգային ռազմավարական նշանակության հարց և հայապահպանության հիմնային երաշխիք: 

 

  •  Մշակութային հարուստ ժառանգության պահպանման և  զարգացման հայեցակարգի ընդունում` համասփյուռ հայության մշակութային ու մտավորական լայն շրջանակների գործուն մասնակցությամբ:
  •  Համահայկական մշակութային տեղեկատվական շտեմարանի ստեղծում` հայկական նյութական և  ոչ նյութական մշակույթի ներառմամբ (լեզու, կրոն, բանահյուսություն, գրականություն, ճարտարապետություն, նկարչություն, երաժշտություն, պատմագրություն և  այլն):
  •  Բովանդակ հայության ներուժի մեկտեղմամբ հայկական մշակութային ողջ ժառանգության գույքագրում` որպես ինքնաճանաչման և ինքնագնահատման գործընթացի վերանորոգում:
  •  Հայկական մշակույթի լուսաբանում և  քարոզչություն:
  •  Հանրակրթական և համալսարանական հաստատություններում կրթական ծրագրերի միջոցով Հայագիտության և Հայրենաճանաչողության խթանում:
  •  Համաշխարհային մշակույթի լուսաբանում և  քարոզչություն:

 

 

 

Սոցիալական քաղաքականություն

 

 

Սոցիալական պաշտպանության համակարգը կարև որ նշանակություն ունի բնակչությանը սոցիալական աջակցություն տրամադրելու և  աղքատությունը մեղմելու հարցում: Սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը և  կանխարգելումը:  Սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հստակ սահմանված սոցիալական պաշտպանության համակարգի գործառույթներ, որոնց հիման վրա բնակչության խոցելի խմբերին հնարավորություն կընձեռվի օգտվել հատուկ ծրագրերից:

 

  •  Ներդնել սոցիալական համերաշխության մոդել` եկամուտների տարբեր տեսակների և  չափերի պրոգրեսիվ հարկման մեխանիզմ:
  •  Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում բոլոր մակարդակներում` կրթությունը մատչելի դարձնելու համար:
  •  Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում` բժշկական օգնության  մատչելիության համար:
  •  Հանրային միջոցների հաշվին սոցիալապես անապահով, անօթևան խավերին ժամանակավոր բնակելի կացարանների տրամադրում:
  • Հատուկ ֆինանսական, բնակարանային և  այլ աջակցության միջոցներով երիտասարդ ընտանիքների աջակցություն:
  •  Կենսաթոշակների տարեցտարի պարտադիր ավելացում` արժանապատիվ ծերություն ապահովելու համար:
  •  Սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների համար գույքահարկի ու հողի հարկերից և  ոռոգման ջրի վճարներից ամբողջական ազատում և պետական ներդրումային ծրագրերի մշակում ու կենսակոչում:

 

 

 

Առողջապահություն

 

 

Առողջապահական համակարգի խնդիրը հիմնականում պետք է ուղղված լինի առողջության պահպանմանը և հիվանդությունների կանխարգելմանը: Առողջապահական համակարգը պետք է ֆինանսավորել այնպես, որ բոլոր մարդիկ ունենան հնարավորություն` օգտվելու բժշկական ծառայություններից և  դրա հետ մեկտեղ` չկրեն ֆինանսական դժվարություններ:

 

  •  Մասնավոր և  պետական միջոցներով պետք է զարգացնել առողջապահական համակարգը:
  •  Առողջապահության զարգացումը չի կարող տեղի ունենալ ձեռնարկատիրական գործունեության մոդելի տեսքով. այն պետք է դիտարկել որպես հանրային առողջապահության կազմակերպման գործառույթ:
  • Առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ ուղղակի վճարման համակարգից անցումը նախավճարային համակարգի` անհրաժեշտ և կարևոր պայման է առողջապահության զարգացման համար:
  • Վերանայել դեղամիջոցների վերաբերյալ հարկային քաղաքականությունը` նվազեցման միտումով:

 

 

 

Բնապահպանություն

 

 

Բնապահպանության ոլորտի խնդիրն է հնարավորինս նվազեցնել շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և  կենդանական աշխարհի վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունները` ապահովելով շրջակա միջավայրի և  մարդու առողջության պահպանության երաշխիքները:

 

  •  Ընդերքի և  բնօգտագործման շահագործման ոլորտը պետք է դիվերսիֆիկացնել: Այս համատեքստում` աստիճանաբար նվազեցնել հանքերի շահագործումը որպես հանքարդյունաբերող` շեշտը դնելով հումքային կցորդ տնտեսությունից անցումը հումք ներկրող և  պատրաստի արտադրանք արտահանող տնտեսության վրա:
  •  Ընդերքի շահագործման և  լեռնահանքային արդյունաբերության արտադրական ու կենցաղային թափոնների արդյունավետ կառավարում:
  •  Ջրային ռեսուրսների պահպանում և  առավել արդյունավետ օգտագործում:
  •  Անտառային ռեսուրսների պահպանում և  անտառվերականգնման նոր կանաչ գոտիների ստեղծման երկարաժամկետ ծրագրերի իրականացում:
  •  Հողապահպանություն` հողերի դեգրադացիայի (անապատացում, աղակալում, էրոզիա և այլն), սողանքների, ապօրինի հորատանցքերի դեմ պայքար:
  •  Բնօգտագործման և  բնապահպանական վճարների փոխհատուցման գումարների վերանայում: Փաստացի պատճառվող վնասների լիարժեք փոխհատուցման համակարգի ներդնում:

 

 

 

ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

 

Համասփյուռ հայության քաղաքական իրավունքների վերականգնման մասին

 

 

 

Մենք հավատում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մենք հավատում ենք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

 

Մեր հիմնարար գաղափարական սկզբունքներն են.

 

  • Մենք հավատում ենք հայ ժողովրդի քաղաքակրթական առաքելությանը,
  •  Մենք հավատում ենք մասնատված հայկական աշխարհի միավորմանը,
  •  Մենք հավատում ենք, որ մարդկային կապիտալն է մեր երկրի ամենակարևոր ռեսուրսը,
  •  Մենք հավատում ենք Հայկական ուժեղ պետականության կառուցման հնարավորությանը,
  • Մենք հավատում ենք, որ Ուժեղ Հայաստանն է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը,
  • Մենք հավատում ենք մեր հզոր ապագային և  մեր բացառիկ առաքելությանը:

 

 

Հաշվի առնելով հայ ժողովրդի մասնատվածությունը և ցրվածությունն աշխարհով մեկ,

Հաշվի առնելով հայկական Սփյուռքի պոտենցիալն աշխարհով մեկ,

Գիտակցելով այդ պոտենցիալի միավորման անփոխարինելիությունը հանուն Հայաստանի Հանրապետության`

 

Մենք ձգտում ենք հայկական անդրսահմանային քաղաքական ազգի ձև ավորման:

 

 

Հայկական անդրսահմանային ազգի ձևավորում

 

 

Միջազգային հարաբերությունների վերջին 300 տարիներն ընթացել են աշխարհի տարբեր մասերում մեծ տերությունների միջև  սեփական ազդեցության շրջանակի ընդլայնման համար մղված պայքարում:

 

Մեծ տերությունների մրցակցության պայքարի հիմնական թիրախը եղել են փոքր պետություններն ու ժողովուրդները, որոնք չէին կարող իրենց թույլ տալ անկախության շքեղությունը, ինչի հետև անքով միշտ գտնվել են մեծ տերությունների ազդեցության գոտում:

 

Պատմությունն ապացուցում է, որ փոքր ժողովուրդները, ընկնելով մեծ տերությունների և  նրանց քաղաքական ազդեցության տակ, հաճախ հայտնվում են ամբողջական վերացման վտանգի առաջ:

 

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է առանց բնական ռեսուրսների, սակայն շահավետ աշխարհագրական դիրքով փոքր պետությունների շահերը մեծ տերությունները ստիպված լինեն հաշվի առնել: Օրինակ` Իռլանդիան և  Իսրայելը, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ կերպով հավաքագրեցին սեփական սփյուռքի բազմամիլիոնանոց պոտենցիալը ողջ աշխարհով մեկ` նրանցից ձևավորելով միասնական անդրսահմանային քաղաքական ազգ:

 

Անդրսահմանային քաղաքական ազգը մշտապես գտնվում է ամուր կապի մեջ իր ծագման երկրից և  հետաքրքրված է, առաջին հերթին, նրա շահերի պաշտպանությամբ:

 

Պետության հզորության հիմքում ընկած է մարդկային կապիտալը: Մենք համոզված ենք, որ առանց այդ կապիտալի` բացարձակապես հնարավոր չէ ցանկացած պետական իշխանության ինստիտուտի արդյունավետ գործունեություն: Մարդկային կապիտալի առկայությունը թույլ է տալիս ստեղծել հիմնական և  ամենակարևոր  արժեքները` մտքերն ու գաղափարները, որոնք չափազանց անհրաժեշտ են ցանկացած ազգի գոյատևման և զարգացման համար:

 

Հայկական մարդկային կապիտալը գտնվում է պատմական Հայրենիքի տարածքից դուրս և  օգտագործվում է այլ պետությունների ու ժողովուրդների համար: Շուրջ 25-ամյա անկախության ընթացքում Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան այդ կապիտալը ներգրավել Հայաստան, այլև  ստեղծեցին այնպիսի պայմաններ, որոնց հետևանքով ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացի լքեց հայրենիքը: Այսօր մեր երկիրը, գտնվելով աշխարհաքաղաքական վտանգավոր տարածքում, հրատապ կարիք ունի համազգային խնդիրների լուծման միանգամայն նոր, հիմնարար մոտեցման ձևավորման:

 

 

Գիտակցելով մարդկային պոտենցիալի խիստ անհրաժեշտությունը,

Հաշվի առնելով, որ հայկական Սփյուռքը ողջ աշխարհում 10 միլիոնից ավելին է`

 

Մենք պահանջում ենք.

 

  •  Վերականգնել արտասահմանում ապրող և  աշխատող Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը` տվյալ պահին իր բնակության վայրում:
  •  Թույլատրել էթնիկ հայերին, ովքեր ակտիվորեն ընդգրկված են Սփյուռքի տնտեսական, լոբբիստական, քաղաքական, մշակութային ու լուսավորչական, բարեգործական կյանքում, մասնակցել Հայաստանի նախագահական և  խորհրդարանական ընտրություններին (վերացնել իրավական արգելքները,  արագացված կարգով նրանց շնորհել քաղաքացիություն):
  •  Թույլատրել Սփյուռքի ներքոնշյալ ներկայացուցիչներին ընտրվելու Հայաստանի քաղաքական պաշտոններում (վերացնել իրավական արգելքները, արագացված կարգով նրանց շնորհել քաղաքացիություն)`

այն գործիչներին, ովքեր պարգևատրվել են պետական շքանշաններով` իրենց հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար Հայաստանի կյանքում,

այն հայրենադարձներին, ովքեր ավելի քան երկու տարի ապրում են Հայաստանում,

այն հայրենադարձներին, ովքեր Հայաստանում ծավալում են 500 հազար դոլարի և ավելի ներդրումային գործունեություն:

Ստեղծել «Սփյուռքի հանրային պալատ», որը թույլ կտա ողջ աշխարհում սփռված հայկական համայնքների ներկայացուցիչներին` անմիջականորեն ներգրավված լինելու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին:

Երաշխավորել սփյուռքահայ մեր հայրենակիցների համար մշտական պայմաններ` Հայաստանի ընտրական գործընթացներին մասնակցելու համար:

Ստեղծել կապիտալի երկկողմանի հոսքի համակարգ, որի ընթացքում թե՛ Հայաստանը և թե՛ Սփյուռքը ստանում են փոխադարձ շահույթ ֆինանսական հոսքերից:

Միացյալ ջանքերով ստեղծել ազգային-պետական խորհրդանիշ (բրենդ), որը թույլ կտա Սփյուռքի ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել համազգային խնդիրների լուծմանը:

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական ռեսուրսների սահմանափակ լինելը` միջազգային մակարդակով հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանության հարցում,

Գիտակցելով հայկական Սփյուռքի գործոնի լրջությունն իբրև խոշոր աշխարհաքաղաքական խաղացողի`

 

 

Մենք կոչ ենք անում.

 

 

  • Սկսել «Գլոբալ հայկական համաժողով»-ի (գլոբալ հայկական վերնախավ) ձևավորման գործընթաց` նպատակ ունենալով միավորել համաշխարհային առաջատար սփյուռքահայ կազմակերպություններին Հայաստանի շահերի` աշխարհով մեկ արդյունավետ լոբբինգի համար:
  •  Նպաստել հայամետ լոբբիստական խմբերի զարգացման և ամրապնդման ազդեցությանն այն երկրներում, ուր համախումբ ապրում են էթնիկ հայեր:
  •  Ստեղծել և զարգացնել արտասահմանում ժամանակավոր կամ մշտական ապրող հայերի` ազգային ինքնության պահպանման ծրագրեր:
  •  Տանել նպատակամղված քարոզչություն` ուղղված իրենց պատմական ժառանգությանը և ձեռքբերումներին այն երկրներում, ուր ապրում են:

 

 

 

Մենք հավատում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մենք հավատում ենք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

 

ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ

   

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

15.03.2017թ.

Երևան

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝