Մենք առաջնահերթ ենք ճանաչում հանրային և քաղաքական գործընթացների մեջ ողջ հայ ազգի ներգրավումը:

Մենք առաջնահերթ ենք ճանաչում հանրային և քաղաքական գործընթացների մեջ ողջ հայ ազգի ներգրավումը

 

 

 

Հեղինակ՝ Անրի Մատիս,
«Պարը», 1910 թ.

Ինդուստրիալ և հետինդուստրիալ բռնապետական համակարգերը չեն ձևավորում առաջադիմական քաղաքական վերնախավ և չեն ստեղծում տնտեսական զարգացման պայմաններ: Այդ համակարգում մարդու մտավոր ներուժը և կարողությունները հնարավորություն չունեն լիարժեք զարգանալու: Այդպիսի հասարակարգում նյութական պաշարամիջոցները ոչ միայն չեն բաշխվում արդարացի, այլև օգտագործվում են աննպատակ և ի վնաս ազգի ու պետականության: Ներկայիս հայկական պետականության ներքո ապրող հայ ազգը գտնվում է վերը նկարագրված համակարգում:

 

Հայ ազգի մյուս՝ անդրսահմանային մասը, շուրջ քառորդ դար հայկական պետականությանը ծավալուն բարեգործության և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով չի կարողացել բարեփոխել իրավիճակը  ոչ մի բնագավառում: Ընդհակառակը` նրանց այս միջոցները հիմնականում չեն ծառայել նպատակին:

 

Ներկայիս հայկական պետականությունից քառորդ դարի ընթացքում ապօրինաբար դուրս է բերվել շուրջ 30 միլիարդ դոլար:

 

Ներկայիս հայկական պետականությունը կուտակել է շուրջ 8 միլիարդ դոլարի պարտք:

 

Հետինդուստրիալ, թվային և գլոբալացված աշխարհը արդի հայ ազգի և պետականության համար ընձեռում է լայն հնարավորություններ` զարգանալու, վերականգնելու մեր ազգային արժանապատվությունը և կառուցելու ազատ, անկախ, ազգային  պետականություն: Թվային արտադրաեղանակները և գլոբալացված աշխարհը, կարելի է ասել, վերացրել են հեռավորությունը, ստեղծել պայմաններ` մասնակցելու ազգային, հանրային և քաղաքական գործընթացներին՝ գտնվելով աշխարհի ցանկացած վայրում: Լինելով անդրսահմանային հայ ազգ, ունենալով հսկայական և´ մտավոր, և´ նյութական հնարավորություններ՝ մենք կարող ենք ստեղծել բոլոր պայմանները հայոց պետականության լիարժեք քաղաքական անկախության վերականգնման ու հայրենի պետականության ներքո մարդկանց ազատությունների տրամադրման և նրանց բարեկեցության ապահովման համար:

 

Մեր անդրսահմանային ազգը և հայկական պետականության ներքո ապրող հայությունը պետք է բացառեն քաղաքական պասիվությունն ու անգործությունը և սկսեն գործել միասին՝ ընդհանուր ազգային քաղաքական հայտով:

 

Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայը, ով գիտակցում է, որ ունի իր հայրենակցի հետ հավասար ընդհանուր շահ,  հանուն այդ  շահի  ոչ թե պետք է կատարի բարեգործություն կամ տրամադրի նյութական օգնություն, այլ ուղղակի զբաղվի հանրային և քաղաքական գործունեությամբ՝ հայրենիքում ապրող հայրենակցի հետ միասին: Իսկ բոլոր նրանք, ովքեր անհաղորդ են հայկական պետականության հանրային և քաղաքական գործընթացներին, պետք է դուրս բերվեն կրավորականության ու անտարբերության թմբիրից:

 

Մոսկվա, Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես քաղաքներում և հայ ազգի համար հնարավորություններ ու բարեկեցություն ապահովող այլ վայրերում ապրող հայերը պետք հաղորդակից լինեն իրենց հայրենիքի հանրային և քաղաքական գործընթացներին, ներկայացնեն քաղաքական հայտ և առաջադրեն հանրային իշխանության պաշտոններում իրենց նախընտրած անձանց և  աջակցեն քաղաքական գործընթացների մեջ նրանց ներգրավմանը:

 

Անդրսահմանային հայ ազգի արմատական շահն է` մասնակցությունն իր ազգային պետության քաղաքական կյանքին: Առանց հայրենիքում նրա քաղաքական գործունեության ծավալման, հնարավոր չի լինի հայրենի քաղաքներն ու մյուս բնակավայրերը վերածել  հնարավորությունների ու բարեկեցության վայրերի: Նրանք` իրենց բնակության ընդունած պետություններում ձեռք բերելով կարողություններ, մասնագիտություն, գիտելիքներ ու հմտություններ և  լինելով անկախ՝ կարող են իրենց քաղաքական մասնակցությամբ հսկայածավալ ներդրում կատարել ազգային քաղաքական անկախության լիակատար վերականգնման և ազատությունների երաշխավորման հարցում: Նրանց այդպիսի ներգրավվածությունը ծառայելու է ոչ միայն ի բարօրություն ընդհանուր շահի, այլ նաև` ի նպաստ անձնական բարեկեցության: Նրանք կունենան համոզմունք, որ իրենց հայրենիքն ազատ ու անկախ է և կդիտարկեն հայրենադարձության գաղափարը:

 

Գիտակցված ազգային շահերը վեր դասելով մեր անձնական, նյութական, անգամ ֆիզիոլոգիական պահանջմունքներից, մենք կվերացնենք մեր հասարակության զարգացման հիմնական խոչընդոտը` բռնապետական, ավտորիտար համակարգը, և կներդնենք անկախ, ազգային ու ժողովրդավար համակարգ:

 

Հասարակության որոշակի շերտերի գիտակցված այդ շահը կփոխի իրավիճակը, մարդկանց կհանի անտարբերությունից, նրանց կդարձնի քաղաքականապես հասուն և կմղի արդար պայքարի:

 

Ողջ հայ ազգը պետք է պատրաստ լինի հին կարգերի փլուզմանը և ունենա՝ նոր, առաջադեմ վերնախավ, որն արագ կստանձնի պարտականություն՝ ղեկավարելու պետության բոլոր կառույցները: Այդ առաջադեմ վերնախավը  հիմնականում պետք է կազմվի անդրսահմանային հայ ազգի հատվածից:

 

Մենք պետք է դուրս գանք քաղաքական անկախության կորստի, դարավոր զրկանքների հետևանքով ձեռք բերած մի կերպ գոյատևելու ու հարմարվողականության մտայնությունից և արագ վերափոխվենք, ընդունենք հետինդուստրիալ, թվային, գլոբալացված հասարակության ընձեռած հնարավորությունները և, որպես քաղաքական ազգ, օգտվենք մեր քաղաքական իրավունքներից:

 

Մենք պետք է կատարենք գիտակցված քայլ` կրել քաղաքական իրավունքներ, իրացնել այդ իրավունքներն ու ստանձնել քաղաքական պատասխանատվություն, և կտեսնենք ու կշոշափենք, թե ինչ հնարավորություններ է այն մեզ տալու:

 

Մենք գտնում ենք, որ կա ազգային-ազատագրական պայքարի դրոշը բարձրացնելու հրատապ պահանջ և կարիք: Այն կազմակերպելու և ցանկալի արդյունք արձանագրելու համար կարևոր նշանակություն ունի ազգին առաջնորդող, նրան համախմբելու, կազմակերպելու, ոգևորելու և մեծագործությունների մղելու ընդունակ ընտրանու դերը:

 

Քաղաքական հայ ազգի վերակայացումը և նրա բոլոր հատվածների կազմակերպվածությունը դառնալու են հայության զարգացման մեկնարկը, սեփական հայրենիքում բարիքներ արարելու նրա ազդակը:

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝