Մեր գաղափարական հայացքների ամբողջությունը գոյացել է հետևյալ շփման կետից
Հեղինակ՝ Երվանդ Քոչար, «Դավիթը Քուռկիկ Ջալալու հետ», 1939 թ.
Հազարամյակներ շարունակ հայ ազգն ապրել և արարել` ստեղծել է իր ուրույն քաղաքակրթությունը սեփական հայրենիքում, որի համար կարևոր պայման է հանդիսացել նրա ազգային քաղաքական անկախությունը: Քաղաքական անկախության կորստից հետո հայ ազգը դարերի ընթացքում կորցրել է իր ստեղծած քաղաքակրթության զգալի մասը, միլիոնավոր մարդկանց և հիմնական հայրենիքը: Ազգային քաղաքական անկախության երկարատև կորուստը բացասաբար է ազդել նաև հայ ազգի քաղաքական գիտակցության վրա՝ նրան զրկելով քաղաքական ազգին բնորոշ պայքարի տենչից` հանուն քաղաքացիական և քաղաքական իրավունքների:
Արդի ժամանակաշրջան հայ ազգը մուտք է գործել հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ոչ լիարժեք քաղաքական անկախությամբ և ոչ բավարար քաղաքացիական ու քաղաքական իրավունքներով:
Ժամանակակից հայ ազգը, որը ձեռք է բերել անդրսահմանային ազգի կարգավիճակ (ազգի շուրջ 10 տոկոսն է ապրում հայկական պետականության ներքո), ազգային ինքնությունը պահպանելու, երջանիկ և ապահով ապրելու համար կարիք ունի ներկայացնել քաղաքական հայտ` հայկական պետականության քաղաքական մարմինների ձևավորման և քաղաքական որոշումների կայացման համար` քաղաքական իրավունքների վերականգնում: Հայ ազգի արմատական շահերից է բխում մասնակցությունն իր ազգային պետության քաղաքական կյանքին: Առանց ողջ ազգի քաղաքական մասնակցության, հնարավոր չէ լիարժեք վերականգնել ազգային պետականությունը, այն զարգացնել և հզորացնել, օգտվել նրա ընձեռած հնարավորություններից:
Ներկայիս հայկական պետականությունում միջակություններն են, որ բռնության, հանրային անտարբերության, համատարած աղքատության պայմաններում շարունակում են իրենց ձեռքում պահել քաղաքական մենաշնորհը և իրականացնել ապազգային, բռնակալական և գավառական քաղաքականություն: Նման իրավիճակի պահպանումը լուրջ սպառնալիք է հայկական պետականության և հայ ազգի անվտանգության համար:
Իրավիճակը փոխելու համար հարկ է անդրսահմանային և հայկական պետականության ներքո ապրող հայ ազգի երկու հատվածներին տրամադրել հավասար քաղաքական իրավունքներ և մեկտեղել նրանց քաղաքական օրակարգը: Նրանք պետք է սկսեն գործել իբրև մեկ կենդանի քաղաքական մարմին:
Անհրաժեշտություն է առաջացել հայ ազգի առավել ուժեղ և բյուրեղյա մաքրությամբ օժտված հատվածից ձևավորել նոր քաղաքական ընտրանի, որի կարևոր և առաջնահերթ գարծառույթը պետք է լինի հայկական ներկայիս պետականությունում առկա քաղաքական մենաշնորհի վերացումը (ազգային քաղաքականության ազատականացում), հայկական պետականության գործառույթներից երևանյան գավառապետության վերնախավի հեռացումը (բացարձակ վերացում) և բոլորի համար հավասար պայմաններում նոր հանրային իշխանությունների ձևավորումը` նոր իրական Հայկական Հանրապետության հիմնադրումը:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝