Մեր պատկերացումները
Հեղինակ՝ Մարտիրոս Սարյան «Գարնանային օր», 1929 թ.
Մենք հասկանում ենք, որ առանց իդեալի նկատմամբ հավատի հնարավոր չեն ոչ մի մարդկային գործունեություն, առաջընթաց և հասարակական զարգացում:
Մենք հասկանում ենք՝ առանց լուսավորման և քաղաքական տգիտության հաղթահարման, հնարավոր չէ զարգացում ապրել:
Մենք պետք է կրկին դառնանք քաղաքական ազգ` կրենք քաղաքական իրավունքներ, բանեցնենք քաղաքականություն` իրացնենք մեր քաղաքական իրավունքները և ստանձնենք քաղաքական պատասխանատվություն:
Մենք հասկանում ենք՝ առանց քաղաքական մենաշնորհի վերացման, անդրսահմանային հայ ազգի կազմակերպման, առանց հայ ազգի բոլոր հատվածներին քաղաքական իրավունքների տրամադրման, առանց հայ ազգի գիտակցության ինքնաազատագրման, հնարավոր չէ բարձրացնել սեփական ազգային, անկախ և միացյալ պետականության դրոշը:
Մեր գաղափարախոսության սկզբունքներն ընդգծում են, որ քաղաքական ազգ դառնալու և անդրսահմանային ազգակերտումը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ ազգային շահին անմնացորդ նվիրված քաղաքական ընտրանի, ով ճանաչում ու ընդունում է առաջադիմության և զարգացման համար անհրաժեշտ պայմանները` լուսավորված և հավասար քաղաքական իրավունքներով օժտված հայ ազգ:
Մեր գաղափարախոսության սկզբունքները իդեալական ազգային քաղաքական ընտրանուն նկարագրում են հետևյալ կերպ. մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց նվաճած բարձունքներից իջնել դեպի հայ ազգը, բռնել իրենց ազգի ձեռքը և ազգին հանել քաղաքական տգիտությունից` ուղեկցելով դեպի վեհն ու վսեմը: Իսկ ավելի պատկերավոր` Արարատի վեհությունից իջնելով, բռնել իրենց ազգի ձեռքը և ազգին իրենց հետ բարձրացնել մինչև Արարտի գագաթը:
Մեր գաղափարախոսությունն ընդունում է, որ արդի հայ ազգի սիրտը լի է վերքերով, սակայն, միևնույն ժամանակ, հաստատում է` վերքերը բուժելի են:
Մեր գաղափարախոսությունն ընդունում է, որ արդի հայ ազգի միտքը պղտորված է, սակայն, միևնույն ժամանակ, համոզված է` այն լուսավորվելու է, լցվելու է պայծառ մտքերով:
Մեր գաղափարախոսական սկզբունքները հաստատում են՝ ազատությունը և ինքնուրույնությունը հիմքն են մարդկային ոգու հզորության, ազգային բարեկեցիկ կենսակերպի, մշակութային վերելքի:
Մեր գաղափարախոսության սկզբունքների համաձայն` մեր հայացքը նայում է հեռու: Մենք փնտրելու, գտնելու և հավաքելու ենք մեր հայրենիքի ցրված պատառիկները, և մեր ջանքերը՝ ուղղված անդրսահմանային քաղաքական հայ ազգի կայացմանն ու ինքնակազմակերպմանը, հայ ազգի գերեվարված հատվածի լուսավորմանը և ինքնազատագրմանը, տալու է ցանկալի արդյունքը: Մենք ինքնակազմակերպվելու ու ինքնահամախմբվելու ենք և մեր սեփական հայրենիքում ապրելու ենք արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով:
Մենք հեղափոխական գաղափարախոսության կրողն ենք:
Մենք կողմնակիցն ենք հեղափոխությունների և քաջալերում ենք հայ մտքի կողմնորոշումը դեպի հեղափոխություն` ազգային հեղափոխություն: Մենք պատկանում ենք հայ ազգի այն հատվածին, ով արժևորում, գիտակցում ու ընդունում է մարդկության զարգացման և արդի ժողովրդավարությունների կայացման համար հիմք հանդիսացող և կարևոր նշանակություն ունեցող քաղաքական իրադարձությունները` լուսավորական շարժումը և Ֆրանսիական հեղափոխությունը:
Մենք ազգային-ազատագրական պայքարի ջատագովն ու քաջալերողն ենք:
Մեր գաղափարախոսության տարածումը նպատակ է հետապնդում իրականացնել մոբիլիզացման և ներգրավման գործառույթներ: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք համախմբել ու ոտքի հանել հասարակության սոցիալական բոլոր շերտերին՝ ուղղորդելով նրանց որոշակի գործողությունների: Պատրաստ ենք նրանց ոգեշնչել պայքարի՝ հանուն իրենց սեփական շահերի պաշտպանության` որպես մեկ ընդհանրական հայկական ազգային միավոր, և որպես անհատներ, որոնք ունեն արժեքներ ու սկզբունքներ, որոնց թվում են` ազատությունը, արդարությունը, մարդկային արժանապատվությունը, մարդկային կյանքը, պատասխանատվությունը, հայրենիքի անվտանգությունը և կանանց ու տղամարդկանց միջև հավասարությունը:
Մեր գաղափարախոսությունն ուղղված է ազգային ինքնագիտակցության մեջ փոփոխություններ մտցնելուն:
Մեր գաղափարախոսությունը միտված է բացահայտելու քաղաքական գիտակցության ներքո մարդկային ոգու այնպիսի դրսևորումներ, որոնք ունակ են ազդել հանրային իշխանության գործառույթների վրա ու հանրային հարաբերությունների ոլորտում կարող են ուղղորդել մարդկանց վարքը՝ ի բարօրություն միևնույն ժամանակ և´ ազգի, և´ անհատի:
Մեր գաղափարախոսությունն ընդունում է, որ արժեքների ստեղծման գործը մեծ պատասխանատվություն է պահանջում դրա նախաձեռնողներից՝ կապված կյանքի նոր ձևերի ընտրության և մարդու էության կառուցվածքի փոփոխության ռիսկերի հետ: Ուստի գտնում ենք, որ այդ գործը կարելի է վստահել միայն հասարակության առավել ուժեղ և բյուրեղյա մաքրությամբ օժտված հատվածին:
Մեր գաղափարախոսությունը միտված է նրան, որ և´ հայկական պետականության ներքո ապրող հայ ազգը, և´ անդրսահմանային հայ ազգը կրեն իրենց ազգային գաղափարախոսությունն ու դառնան քաղաքականության լիարժեք սուբյեկտ:
Մեր գաղափարախոսության տարածմամբ մենք նպաստելու ենք ազգային քաղաքական գիտակցության ձեռքբերմանը, որը պետք է հակադրվի բռնակալական` ավտորիտար համակարգին, տապալի այն ու հիմնադրի ազգային, ազատ, ժողովրդավար համակարգ:
Մեր գաղափարախոսությունն ուղղորդելու է մարդկանց վարքը քաղաքական հարաբերությունների ոլորտում, ձևավորելու է քաղաքական կամք և մոբիլիզացնելու է մարդկանց ակտիվությունը` նոր ազգային ընտրանիի ձևավորման, ժամանակավոր կառավարության կազմավորման ու գործունեության և հավասար պայմաններում՝ հայ ազգի բոլոր հատվածների մասնակցությամբ, նոր ազգային, հանրային իշխանություններ ընտրելու գործընթացներում:
Մեր գաղափարախոսությունը բարձրագույն արժեք է ճանաչում հայ ազգը, մեր հայրենիքը` Հայկական բարձրավանդակն ու նրա հարակից տարածքները, հայոց լեզուն ու մշակույթը, մարդուն ու նրա արժանապատվությունը, ազատությունն ու արդարությունը, հանդուրժողականությունն ու բազմակարծությունը, սահմանադրականությունն ու ժողովրդավարությունը:
Մեր գաղափարախոսությունն իդեալ է ճանաչում հայկական ազգային, ժողովրդավար պետականությունը, որը գործում է որպես`
- Մինչև հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնումը` Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում, ներկայիս հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականության երաշխավոր,
- Ազգահավաքի իրականացման երաշխավոր,
- Համահայկական քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն,
- Հայ ազգի` երջանիկ ապրելու քաղաքական հայտը իրագործող,
- Տարբեր պետություններում ապրող հայ ազգի հատվածներն իրար շաղկապող:
Ապահովում է`
- Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների և սեփականության պաշտպանություն,
- Սոցիալական արդարություն,
- Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների հասանելիություն և մատչելիություն հայ ազգի բոլոր հատվածների համար:
Երաշխավորում է`
- Իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի անկախությունը միմյանցից, նրանց միջև առկա հակակշիռների և զսպումների քաղաքական կառուցակարգ,
- Ազատ, արդար, թափանցիկ պայմաններում պարբերաբար ընտրությունների անցկացման միջոցով գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ձևավորում,
- Եվ՛ հայկական պետականության ներքո, և՛ նրանից դուրս ապրող հայ ազգի բոլոր հատվածների համար միաժամանակ` բացարձակապես հավասար պայմաններում, քաղաքական կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք,
- Իրավունք` փոխելու կամ վերացնելու այն կառավարությունը, որը դառնում է կործանարար կյանքի, ազատության և երջանկության ձգտման համար, և հիմնադրելու նոր կառավարություն:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝