Մենք քաջ գիտակցում ենք, որ չի կարելի ոչնչացնել մարդկային կամքը:

Մեր գնահատականը

 

 

 

 

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար,
ճարտարապետ՝Միքայել Մազմանյան «Սասունցի Դավիթ»,
1959թ.

Մենք քաջ գիտակցում ենք, որ չի կարելի ոչնչացնել մարդկային կամքը: Այսօր այն ոչնչացնողը մեզանում գործող գավառական, բռնակալական` ավտորիտար համակարգն է, որը մարդկային հարաբերությունները բացարձակապես բարոյազրկել է՝ դրանք դարձնելով խարդախ հաշվարկների, ապօրինի գործարքների, համատարած կոռուպցիայի, էժանագին, նվաստացուցիչ առուծախի ու ցանկացած գնով անձնական շահի սպասարկման միջոց: Այս ամենը ղեկավարում են այդ նույն գորշ միջակությունները, ովքեր հայկական նորանկախ պետականությունը վերածել են երևանյան գավառապետության և գործում են համաձայն սեփական «գաղափարախոսության», որի առանցքային ուղենիշներն են ծառայամտությունը, պատեհապաշտությունը, քծնանքը, մարդկանց մշտապես կախվածության մեջ պահելու, օտարներին ապավինելու, «բաշարելու» հատկանիշները:

 

Ներկայիս հայկական պետականության ներքո ապրող մեր ազգի միայն մի փոքրիկ հատվածն է իրեն հաղորդակից զգում հանրային ու քաղաքական գործընթացներին, մյուս հատվածն ընդհանրապես անտարբեր է և բոյկոտում է հանրային ու քաղաքական գործընթացները: Երրորդ և թվաքանակով ամենամեծ հատվածը սոսկ ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարումը հոգալով՝ գոյատևում է որպես կենսաբանական էակ: Այս շերտն ամենախոցելին է` սոցիալական պահանջմունքների բավարարումից զուրկ լինելու առումով: Նրանց հասու չեն հասարակության բարիքները, ինչն իր հերթին դարձել է հանրային և քաղաքական գործընթացներից նրանց օտարման պատճառը: 

 

Հայկական պետականությունից դուրս ապրող հայրենակիցների այն հատվածը, ովքեր արտագաղթել կամ ծնվել են գաղթածների և արտագաղթածների ընտանիքում, թեպետ չունեն ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարարելու խնդիր, նույնպես մեկուսացվել են ազգային, հանրային ու քաղաքական գործընթացներից: Նրանց դեպքում պատճառը և´ անտարբերությունն է, և´ իրավական արգելքներն են: Իհարկե, այս ամենը հիմնականում հետևանք է երևանյան գավառապետության բռնակալական` ավտորիտար քաղաքականության, որի պայմաններում հանրային ու քաղաքական գործընթացներին մասնակցելը և քաղաքական իրավունքներ իրացնելը երաշխավորված չեն:

 

Այսօր հայկական պետականության ներքո ապրող հայ ազգի ներկայացուցիչների համար հանրային ու քաղաքական անկախ ակտիվություն դրսևորելը և´ վտանգավոր է, և´ ոչ շահավետ, քանի որ ինչպես տնտեսական ոլորտը, այնպես էլ քաղաքականը, մենաշնորհված է և գտնվում է մշտական վերահսկողության տակ:

 

Մենք դեմ ենք և բացառում ենք նման քաղաքականությունը: Դեմ ենք մարդկային նման հարաբերություններին, նման ղեկավարմանը և նման գաղափարախոսության տարածմանն ու սերմանմանը: Այս ամենը լուրջ խոչընդոտ է դարձել հայ ազգի զարգացման համար և արգելափակում է նրա հնարավորությունը՝ ինքնուրույն կերտելու իր պատմությունը:

 

Անցած քառորդ դարի ընթացքում երևանյան գավառապետության բռնակալությունը` ավտորիտարիզմը, դարձավ միլիոնավոր մարդկանց արտագաղթի, համատարած աղքատության, ալան-թալանի պատճառ, ինչը կրկին հանգեցրեց հայ մարդու հոգևոր ստրկության և ազգային թշվառ կացության:

 

Երևանյան գավառապետությունը հայ մարդուն թաղեց խավարի մեջ՝ թույլ չտալով նրան հաղթահարել քաղաքական տգիտությունը: Հայ մարդուն կրկին դուրս մղեցին քաղաքակրթությունից և կրկին ստիպեցին ապավինել օտարներին:  Չբացառվեց, որ օտարի ողջունված մուտքը չի կարող ընձեռել ազգային ինքնության պաշտպանության և քաղաքական անկախության վերականգնման հնարավորություն:

 

Մեր ազգային քաղաքական կյանքում մենք կորցրել ենք ձգտումը դեպի կատարելատիպերը: Մենք կորցրել ենք հավատը կատարելատիպի նկատմամբ:

 

Դիմադրելու փոխարեն մենք նախընտրում ենք հարմարվել կամ փախչել, հաղթելու փոխարեն նախընտրում ենք գործարքի գնալ կամ ոչինչ չանել` անգործություն դրսևորել:

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝