«…Դու պատկանում ես նախնական և քաջ ազգի` արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակենք այս պատմության ընթացքում»:

                                  Մեր ծագումը. որտեղի՞ց ենք մենք գալիս

 

 

 

 

 

Հեղինակ՝ Կառլեն Նուրիջանյան, «Հայկ նահապետ», 1972 թ.

«…դու պատկանում ես նախնական և քաջ ազգի` արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակենք այս պատմության ընթացքում»:


Մովսես Խորենացի

Ճակատագիրն անողոք փորձությունների է ենթարկել հայ ազգի զավակներին` սպանել է, պոկել արմատներից, սփռել աշխարհով մեկ, փոխել նրանց ազգային պատկանելությունը, զրկել հայրենիքից և սեփական քաղաքակրթությունից, սակայն ի զորու չի եղել ոչնչացնել բաղձալի նպատակի ձգտող հայորդիներին, որոնք գորովանքով փայփայել, սերնդեսերունդ փոխանցել են Մեծ Հայրենիքի, նրա քաղաքակրթության ու Մեծ Միացման գաղափարները:

 

Բոլոր ժամանակներում այդ գաղափարների ջատագովները վառ են պահել և շարունակում են այսօր էլ վառ պահել հայրենատիրության ոգին, գիտակցաբար ու հետևողականորեն առաջ շարժվել Մեծ Միացումի ոչ դյուրին ուղիով, որը մեր ժողովրդի երջանկության և արժանապատիվ ապագայի գրավականն է, հուսալի միջոց` նոր աշխարհակարգի ձևավորման և նոր հասարակական հարաբերությունների պայմաններում մեր ազգային-մշակութային ինքնության, նյութական ու քաղաքակրթական արժեքների պաշտպանման գործում:

 

Ժամանակակից հայության հիմնական խնդիրն է` միավորել աշխարհասփյուռ իր զավակներին մեկ ընդհանուր ազգային պետականության տանիքի ներքո` սեփական հայրենիքում, և նրանց սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային ներուժը, ստեղծագործ միտքն ու բազկի զորությունը ծառայեցնել մեր քաղաքական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների հաստատման հրամայականին` ի շահ ներկա և գալիք սերունդների բարեկեցիկ կյանքի: 

 

Մենք` հայերս, գալիս ենք հազարամյակների հեռվից: Հայոց լեռնաշխարհում` Հայկական բարձրավանդակում և հարակից տարածքներում, մենք ապրել ենք վաղնջական ժամանակներից: Մեր պատմական հիշողության և հնագիտական պրպտումների միջոցով կրկին հաղորդակցվելով պատմության անխոս վկաների հետ կամ թերթելով անցյալի խունացած էջերը, տեսնում ենք հանգած քաղաքակրթության բնակավայրեր, հուշարձաններ, քարակերտ արձանագրություններ, զգում մեր անցյալի շունչը, լսում վաղուց լռած ձայներն ու մեղեդիները:

 

Մեր հայրենիքը մարդկային քաղաքակրթության հնագույն բնօրրաններից է: Այստեղ հստակ տեսանելի է ժամանակների հերթագայությունը` հազարավոր տարիներ է կազմում հին հուշարձաններից, պետական կազմավորումների վկայություններից մինչև մեզ բաժանող ժամանակը: Այդ քաղաքակրթության ստեղծողը, ինչպես հայտնի է, եվրոպեոիդ ռասայի հայակերպ (արմենոիդ) մարդաբանական տիպն է, որին հայերս պատկանում ենք: Իսկ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին, ինքնուրույն ճյուղ է, աշխարհի հնագույն գրավոր լեզուներից: Պոնտոս-զագրոսյան մեր արմատներով մենք ենք ծնունդը, տերը և ժառանգորդը Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների:

 

Այս ամենի մասին այսօր պետք է հայտարարել: Բայց` ո՞ւմ: Նախ` ինքներս մեզ:

 

Մարդը սոցիալական էակ է, և մինչև իր լուսավորվելը, միշտ պարտավորվում էր ինքն իրեն ճանաչել սոցիալական, մշակութային և էթնիկ խմբով: Այլ մարդիկ նույնպես նրան այդպես են բնորոշում: Այդ բնորոշմամբ էլ նրանց հետ կառուցում են հարաբերություններ: Որպեսզի նոր աշխարհակարգի և նոր հասարակարգի ձևավորման փուլում մենք հնարավորություն ունենանք աշխարհի հետ հարաբերվել հավասարի հիմունքներով, հաղորդակցվել ու պաշտպանել մեր ազգային շահը, պարտավոր ենք ճանաչել ինքներս մեզ և մեր իրավունքները:

 

Այսպիսով` մենք, որպես հայ ազգի զավակներ, պետք է սկսենք և չդադարենք ճանաչել ինքներս մեզ: «Ծանի՛ր զքեզ» պատգամը պետք է դառնա մեր կյանքի կարևոր ուղենիշներից մեկը: Չճանաչելով ինքներս մեզ, չենք կարող խորապես գիտակցել և ստանձնել հոգևոր բարձր պատասխանատվություն առ այն, որ իբրև հայ ազգի զավակ, հանձնառու ենք նրա հինավուրց քաղաքակրթության, մշակույթի ու հերոսապատումների համար:

 

Իհարկե, պետք է գիտակցենք, որ միևնույն ժամանակ ժառանգորդն ենք հայ ազգի և´ առաքինությունների, և´ մեղքերի:

 

Քաղաքական անկախության տևական կորուստը մեր ազգի զավակներին ստիպել է գոյատևել իբրև անհատներ, սակայն ունակությունը և հմտությունը` որպես անհատների քաղաքական միասնություն, հայ ազգը կորցրել է: «Անհատ և ազգ. երկուսը միասին միշտ ավելի ուժեղ են, քան կարիքը, վտանգը և թշնամին: Անհատ և ազգ. իրենք միշտ կարող են գերազանցել իրենք իրենց, բարձրանալ իրենք իրենցից, եթե առաջնորդվում են սեփական ուժերով ոտքի կանգնելու կամքով»,- սովորեցնում էր Գարեգին Նժդեհը:

 

Արդի հայ ազգն այսօր թմբիրի, անտարբերության և փակուղու մեջ է, հետևաբար պետք է նրա քաղաքական օրակարգում ներառենք իր՝ նորովի ապրելու համընդգրկուն պայման-բանաձևը:

 

Մենք` հայ ազգի զավակներս, պետք է տեսնենք մեզ մեր հայկական քաղաքակրթական ամբողջության մեջ` որպես անհատ մարդ և աշխարհի մի մաս: Մեր ազգային պատկանելությունը մեզ համար, որպես շարժիչ ուժ, նշանակություն կունենա միայն այն ժամանակ, երբ կարողանանք կրթության ու լուսավորության միջոցով մեր զավակներին փոխանցել սեփական երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կարևորության ու նշանակալիության փաստը:

 

Մարդ կարող է պայքարել սոսկ այն ամենի համար, ինչը սիրում է: Մարդ կարող է սիրել սոսկ այն ամենը, ինչը նրա հարգանքն ու հպարտությունն է առաջացնում, իսկ հարգանքը և հպարտությունն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարդ գիտի արժեքի մասին:

 

Իմանալով ազգի պատմությունը, կենսագրությունը, արժեքները, մենք պարզ պատկերացում կկազմենք մեր առաջնահերթ անելիքների մասին և ճիշտ հետևություններ կանենք անցած հազարամյակների փորձից։

 

Հայոց աշխարհագրական միջավայրը, նրա` որպես ազգի, կազմավորման գործընթացները, ստեղծագործ աշխատանքը, նրա կողմից կերտած մշակութային արժեքներն ու հերոսական պայքարի գիտակցումը անհրաժեշտ պայման են ժամանակակից աշխարհում մեր ինքնության պահպանման, արարչագործ մտքի զարգացման և նոր բարձունքների նվաճման համար։

 

Մեր ազգի պատմությունը, ինչպես ակնարկվեց վերը, գալիս է հնագույն շրջանից` իր մեջ ներառելով մարդկության զարգացման բոլոր փուլերը, որոնց ընթացքում ազգն ունեցել է հայրենի բնօրրանում քաղաքական անկախություն և ազգային ծաղկունք: Նրա առաջին պետականության մասին տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները, ովքեր աշխարհի առաջին քաղաքակրթության ստեղծողներից են, մինչև Հարավային Միջագետքում իրենց քաղաքակրթության ստեղծումը, բնակվել են Միջագետքի հյուսիսային մասում և Հայկական բարձրավանդակի հարավային շրջանում, որը հայկական աշխարհի քսաներորդ նահանգն էր: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. 28-րդ և 29-րդ դարերին։ Շումերների կապը իրենց հայրենիքի հետ մշտապես պահպանվել է սրբազան Եփրատով:

 

Բնության անձեռակերտ հրաշալիքը` մեր հայրենիքը, զբաղեցնում է շուրջ 400 հազար քառակուսի կմ տարածք։ Այստեղ են տիեզերական հիմք համարվող Մասիսը` Մեծ Արարատը, ծովի մակերևույթից 5165մ բարձրության վրա, և արարչի բնակավայր Արագածը` 4090մ: Արարատի երկիրը՝ մեր հայրենիքը, արարչագործության վայրն է: Աստվածաշնչում Եդեմը տեղադրված է Արարատի երկրում՝ այն վայրում, որտեղից սկիզբ են առնում Արևելքի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը և Քուռը: Ըստ Բաբելոնյան ավանդության և հայ հեթանոսական ավանադապատումների, մարդկության վերածնունդը սկսել է Արարատի երկրից:

 

Ծնվելով դրախտում, ապրելով դրախտում, ստեղծագործելով դրախտում և ունենալով արարչի կողմից վերածնվելու օրհնությունը, մենք` հայերս, անցանք պատմության բոլոր շրջափուլերը.

 

  • Հնագույն շրջան` անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորություն,   
  • Հին շրջան` Երվանդունիների թագավորությունից մինչև քրիստոնեության` որպես պետական կրոնի ընդունում,
  • Միջնադար` քրիստոնեությունից մինչև 17-րդ  դարի կեսերը,
  • Նոր շրջան` 17-րդ դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժումներից մինչև 1918թ. մայիսի 28` Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը,
  • Նորագույն շրջան` հասնելով մինչև մեր օրերը։

 

Հազարամյակների ընթացքում մենք ունեցել ենք և´ թագավորություններ` Արատայի, Վանի, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների, և´ Հանրապետություններ` Հայաստանի առաջին Հանրապետություն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (զրկված քաղաքական անկախությունից և բռնակալական քաղաքական համակարգով ղեկավարվող), Հայաստանի և Արցախի հանրապետություններ (քաղաքական ոչ լիարժեք անկախությամբ և բռնակալական` ավտորիտար համակարգով):

 

Հայոց պետականությունների թերությունների ու առաքինությունների մասին խոսում են փաստերը: Պատմության այն ժամանակահատվածներում, երբ գերակայել են իսկական մարտիկները, և մենք մտածել ու գործել ենք որպես քաղաքական ազգ` ունեցել ենք վերելք, իսկ երբ ասպարեզում հայտվել են անտարբերներն ու դավաճանները` ունեցել ենք պետականության անկում` մարդկային, նյութական ու քաղաքակրթական կորուստներով, և հայրենի բնօրրանի բռնազավթում:

 

Այսօր մեր ազգի ներկայացուցիչներն ապրում են աշխարհի բոլոր մայրցամաքներում: Այն մշակույթը, որն այս պահին գոյություն ունի նրա շուրջը, համամարդկային է ու նաև` այլ ազգերի կողմից ստեղծված: Այդպիսի խառը մշակույթ կարող է գոյություն ունենալ հայ ազգի կյանքում, սակայն այն չի կարող փոխարինել ազգային մշակույթին: Այդ պատճառով մենք պետք է զարկ տանք մեր ազգայինին, ծառայենք նրան, որպեսզի խորը արմատներ գցի հայրենի բնօրրանում, զարգանա, տարածվի և հոգևոր սնունդ դառնա յուրաքանչյուր հայի համար: Չէ՞ որ ամեն ազգ` յուրացնելով համամարդկայինը, պետք է անխաթար պահի իր ազգային գանձերը` լեզուն ու մշակույթը, ավանդույթներն ու կենսափիլիսոփայությունը, հոգեկերտվածքն ու մետաֆիզիկան, բարքերն ու կրոնը:

 

Մենք չպետք է մոռանանք, որ ազգ ենք, ոչ թե համայնք: Ազգ, որն ունի պետականություն, հինավուրց արժեքներ ու նպատակներ: Ազգ, որն ունի քաղաքական և քաղաքակրթական առաքելություն: Ազգ, որի քաղաքական ու քաղաքակրթական առաքելությունը տարածվում է Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների վրա:

 

Մեզ համար բացարձակ արժեք են հայ ազգն ու նրա արժանապատվությունը, Հայկական բարձրավանդակն ու նրա հարակից տարածքները, հայկական մշակույթը, հայոց լեզուն, հայկական քաղաքակրթությունը:

 

Մեր նպատակն է` վերածնունդ տալ հայ ազգին և վերականգնել Հայրենիքի տարածքային ամբողջականությունը, հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հայ մարդն իրեն տեր զգա իր երկրում, հայ ընտանիքը` երջանիկ: Քաղաքացու արժանապատվությունը, իրավունքը և ազատությունը անանց արժեքներ են, որոնք պետք է պահպանվեն աչքի լույսի պես:

 

Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների ամբողջականության ու հայոց քաղաքակրթության վերականգնումը ոչ միայն հայության հանդեպ մարդկության թույլ տված մեծ ոճրագործության հետևանքների վերացման և արդարության վերահաստատման սկիզբն է, այլև նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում Հայաստան աշխարհի բացառիկ առաքելության նորացման հիմքը, որպեսզի վերջինս վերստին դառնա Եվրոպան և Ասիան կապող խաչմերուկ, տարածագոտում խաղաղության ու կայունության պատվար:

 

Մեր արժեքները պաշտպանելու և նպատակը կենսակոչելու համար անհրաժեշտ է ծառայել ազգին անմնացորդ նվիրումով, հավատով և ազնվորեն:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝