ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մենք ցանկանում ենք ունենալ իրավահավասարության սկզբունքի հիման վրա գործող հարաբերություններ բոլոր երկրների հետ»:
Նպատակ ունենալով գտնել համագործակցության ընդհանուր եզրեր աշխարհի քաղաքակիրթ պետությունների հետ, գիտակցելով, որ ոչ բոլոր հարցերում կան մեր տեսակետների համընկնում՝ մենք վճռականորեն առաջ ենք մղելու մեր շահերից բխող քաղաքականություն և ժամանակի ընթացքում ընդլայնելու ենք մեր դաշնակիցների շրջանակները:
Արդի հայկական պետականությունը պետք է դառնա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացներին լիարժեք մասնակցող երկիր, որն ունի իր ուրույն ազգային շահերը: Այսպիսի մասնակցությունը ենթադրում է արձագանք և ներգրավվածություն տեղի ունեցող համաշխարհային գործընթացներին:
Մենք գտնում ենք, որ արտաքին քաղաքականության իրականացումը պետք է ներառի համահայկական, տարածաշրջանային և միջազգային հարթությունները:
Մենք գերակա ենք ճանաչում եվրոպական ինտեգրումը` Եվրոպական Միության հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերության հաստատումը:
Մենք գերակա ենք ճանաչում Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատումը փոխշահավետության, իրավահավասարության, միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա:
Մենք գերակա ենք ճանաչում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) հետ հարաբերությունների հաստատումը փոխշահավետության, իրավահավասարության, միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա:
Մենք գերակա ենք ճանաչում Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական երկկողմ հարաբերությունների հաստատումը, որը տարանջատված է այլ ռազմաքաղաքական միավորներից:
Մենք գերակա ենք ճանաչում Չինաստանի, Իրանի և Վրաստանի հետ տնտեսական այնպիսի հարաբերությունների հաստատումը, որի շնորհիվ Հայաստանը կդառնա տարանցիկ պետություն (Մետաքսի ճանապարհ, երկաթգիծ, գազամուղ, նավթատար և այլն):
Մենք գերակա ենք ճանաչում Վրաստանի հետ ռազմավարական, գործընկերային հարաբերությունների հաստատումը` դրանք դիտարկելով իբրև Եվրոպայի և Ռուսաստանի հետ հաղորդակցության կարևոր հանգույց:
Մենք նախընտրում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվել բացառապես հայկական պետականության ինքնիշխանության ու ազգային շահերի պաշտպանության և ապագաղութացման իրավունքի կենսակոչման սկզբունքներով:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝