ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Մենք երբեք նախահարձակ չենք լինի, սակայն, անկասկած, համարժեք պատասխան կտանք մեզ վրա հարձակում գործողներին»:
Հայկական պաշտպանական անվտանգությունն ընդարձակ, բազմաշերտ և բազմաբովանդակ հասկացություն է: Այն ներառում է ժողովրդավարական, տնտեսական, տեղեկատվական, ռազմական, աշխարհասփյուռ հայության կազմակերպական, ժողովրդագրական և այլ գործոններ։
Մեր ազգային անվտանգության սպառնալիքները կրում են և՛ ներքին, և՛ արտաքին բնույթ:
Ազգային անվտանգության սպառնալիքներն են.
- Ավտորիտար` բռնակալական համակարգը, քաղաքական մենաշնորհը,
- Քաղաքականությամբ զբաղվելու հատվածականությունը,
- Իրավունքի գերակայության և սոցիալական արդարության բացակայությունը,
- Անվտանգության ու իրավապահ մարմինների օգտագործումն՝ ի շահ բռնակալական՝ ավտորիտար համակարգի,
- Անդրսահմանային հայ ազգի՝ որպես հայկական ազգային մեկ քաղաքական միավորի, չկազմակերպված լինելը,
- Ազգային ժողովրդագրական վիճակի վատթարացումը,
- Տնտեսական խոշոր մենաշնորհները, ոչ գիտելիքահեն և հումքային տնտեսությունը,
- Էներգետիկ կախվածությունը, որը բխում է էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման բացակայությունից, արտաքին քաղաքականության մեջ կրավորականությունն ու անտարբերությունը, իսկ որոշ դեպքերում կցորդի կարգավիճակ որդեգրելը,
- Ադրբեջանի կողմից զինված ուժերի կիրառումը,
- Ադրբեջանի կողմից դաշտային Արցախի և Նախիջևանի բռնազավթումը,
- Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը,
- Թուրքիայի կողմից հայրենի բնօրրանի բռնազավթումը,
- Հայ-թուրքական փաստացի սահմանը միակողմանիորեն փակ պահելը,
- Թուրքիայի հովանավորչությունը Ադրբեջանին,
- Եվրոպական Միության հետ սահմանափակ և անբավարար տնտեսական և քաղաքական հարաբերությունները,
- Ազգային ռազմական արդյունաբերության բացակայությունը,
- Ազգային զինված ուժերի անբավարար ֆինանսավորումը:
Հայկական պետականության կառավարման համակարգը, որը պետք է ձևավորվի աշխարհասփյուռ հայության կողմից, և որի իրավազորությունը (մինչև հայկական բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնումը) կտարածվի ներկայիս հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, պետք է գործի արդյունավետ, կրի ժողովրդավարական բնույթ և գործի ժողովրդավար վարչական ղեկավարման չափանիշներին համապատասխան:
Մենք համոզված ենք, որ չի կարող լինել արդյունավետ ազգային անվտանգություն՝
- Առանց հայ ազգի երկու հատվածների` (և´ հայկական պետականության ներքո ապրող, և´ անդրսահմանային հայության) գործուն քաղաքական ներգրավվածության,
- Առանց քաղաքական և տնտեսական ազատությունների,
- Առանց ազգային մարտունակ զինված ուժերի,
- Առանց սեփական գործուն ներգրավվածության,
- Առանց ազգային շահի հիման վրա արտաքին քաղաքականության:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝