ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՈՒՄ
«Քելե´, լաո, քելե´ երթանք մըր էրգիր:»
Վաղ թե ուշ բոլոր հայերի երազանքը՝ ապրել ու արարել հայրենի հողի վրա և մահկանացուն կնքելով հանձնվել մայրենի հողին, իրականություն է դառնալու:
Մենք հավատում ենք՝ հայ ազգի զավակները վերադառնալու են իրենց Էրգիր:
Մենք համոզված ենք՝ յուրաքանչյուր հայի սիրտ ասում է «Քելե´, լաո, քելե´ երթանք մըր էրգիր»:
Մենք ընդունում ենք, որ անդրսահմանային հայ ազգի համար հայրենադարձությունը մշտական և երկարաժամկետ գործընթաց է:
Մենք անհրաժեշտ ենք համարում, որ հայրենադարձության կազմակերպման համար արտասահմանում ապրող համապարփակ բնակավայրերում և Հայաստանի դեսպանատներին կից պետք է գործեն վարչական կառույցներ:
Մենք անհրաժեշտ ենք համարում, որ հայրենադարձության և ինտեգրման իրականացման համար պետք է գործի նախարարություն:
Մենք գտնում ենք, որ առաջիկա տասը տարիների ընթացում ժամանող առաջին հայրենադարձները պետք է հիմնականում հաստատվեն Արցախում:
Մենք գտնում ենք, որ անդրսահմանային հայ ազգի նոր վերնախավը, ներկայացնելով հայրենադարձության քաղաքական հայտ, պետք է հանդես գա համահայկական հայրենադարձության ծրագիր իրականացնելու պահանջով, որը Արցախապատկան հողում նախատեսում է հատուկ տարածքների ստեղծում` նոր գյուղեր և քաղաքներ հիմնելու համար:
Մենք ակնկալում ենք, որ անդրսահմանային հայ ազգի քաղաքական վերնախավը, մերժելով նոր եկեղեցիների կառուցումը և՛ հայրենիքում, և՛ օտար երկրներում, ընդունում է մեկ համընդհանուր ազգային հավատամք, ցանկանում է աստվածահաճո գործ կատարել, իրականացնում է հայ ազգի բաղձալի երազանքը` հայրենադարձության ծրագիրը:
Մեր պատկերացմամբ հայրենադարձության քաղաքական ծրագիրը ներառում է հայրենադարձների համար՝
- Անհատույց հողի տրամադրում,
- Արտոնյալ վարկի տրամադրում՝ տուն կառուցելու համար,
- Առաջին տասը տարիների ընթացքում հողի և գույքի հարկից ազատում,
- Առաջին տասը տարիների ընթացքում փոքր և միջին ձեռներեցության հարկերից ազատում,
- Առաջին տասը տարիների ընթացքում գիտության, բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրության հարկերից ազատում, նպաստավոր վարկային քաղաքականության երաշխավորում և հանրային ֆինանսական միջոցների հատկացում,
- Սոցիալական ինտեգրման ապահովում,
- Սոցիալական բնակարանի ապահովում,
- Անվճար, որակյալ կրթության ապահովում:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝