Մարդկային կապիտալի առկայությունը թույլ է տալիս ստեղծել հիմնական և ամենակարևոր արժեքները, մտքերն ու գաղափարները:

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ 

 

 

 

«Մարդկային կապիտալի առկայությունը թույլ է տալիս ստեղծել հիմնական և ամենակարևոր արժեքները` մտքերն ու գաղափարները»:

«Թողեք ինձ իմ գործարանները, վերցրեք իմ աշխատողներին` շուտով գործարանների հատակները կծածկվեն խոտով: Վերցրեք իմ գործարանները, սակայն ինձ թողեք իմ մարդկանց` շուտով մենք կունենանք նոր գործարաններ՝ նախկիններից ավելի լավը»:
Էնդրյու Քարնեգի

 

Մենք հավատում ենք` մարդկային կապիտալն է մեր երկրի ամենահզոր ռեսուրսը:

 

Մենք գտնում ենք, որ պետության հզորության հիմքում ընկած է մարդկային կապիտալը: Մենք համոզված ենք, որ առանց այդ կապիտալի բացարձակապես հնարավոր չէ պետական իշխանության որևէ ինստիտուտի արդյունավետ գործունեություն: Մարդկային կապիտալի առկայությունը թույլ է տալիս ստեղծել հիմնական և ամենակարևոր արժեքները` մտքերն ու գաղափարները, որոնք չափազանց անհրաժեշտ են ցանկացած ազգի և՛ գոյատևման, և՛ զարգացման, և՛ հզորացման համար:

 

Մենք համոզված ենք՝ երբ ազգը ընտրություն է կատարում հացի և ազատության միջև և ընտրում է հացը, ապա նա կորցնում է ամեն ինչ՝ այդ թվում նաև հացը: Երբ ազգը ընտրում է ազատությունը, ապա նա ձեռք է բերում ոչ միայն հաց, այլև այն արտադրելու ու ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու հնարավորություն:

 

Մենք գտնում ենք, որ մեր երկրի զարգացումը և կայունությունը ձեռներեցության տեսանկյունից, առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական կառուցակարգերի` քաղաքական ինստիտուտների զարգացվածության աստիճանով: 

 

Մենք համոզված ենք, որ ներդրումների համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կայուն միջավայր, հավասար պայմաններ բոլորի համար և օրենքի ուժով պաշտպանություն:

 

Մենք կիսում ենք  «Ինչու՞ են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հանրահայտ աշխատության հիմնական թեզը, որն ամրագրում է հետևյալը` պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ նախևառաջ քաղաքական ինստիտուտները: Ըստ այդ տեսության՝ քաղաքական ինստիտուտները լինում են ներառող (inclusive) և քամող/կեղեքող (extractive), և հաջողության են հասնում այն ազգերը, որոնք ունեն ներառող քաղաքական ինստիտուտներ և հակառակը՝ ձախողում են նրանք, որոնց ինստիտուտները քամող են

 

Մենք գտնում ենք, որ երկրի կայուն զարգացման և ձեռնարկատիրական ընկերությունների արդյունավետ գործունեության համար կարևոր նշանակություն ունի սոցիալական արդարությունը և բնակչության բարենպաստ սոցիալական վիճակը:

 

Մենք համոզված ենք, որ տնտեսությունը պետք է զերծ լինի մենաշնորհից և բոլորի համար պետք է երաշխավորված լինեն հավասար հնարավորություններ:

 

Մենք գտնում ենք, որ ազգային հզոր պետականության հիմնադրումը և կառուցումը անհնար է առանց փոքր և միջին ձեռներեցության: Փոքր և միջին ձեռներեցությունը պետք է գտնվի խրախուսող վարկային և հարկային քաղաքականության ներքո:

 

Մենք համոզված ենք, որ մեր ազգային տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտության և նորարական տեխնոլոգիաների վրա:

 

Մենք համոզված ենք, որ ազգային հզոր պետականության համար անհրաժեշտ պայման է այլընտրանքային  էներգետիկայի համակարգի ներդրումը:

 

Մենք լիովին հավատարիմ ենք ազատ սոցիալական շուկայի սկզբունքներին: Շուկան պետք է գործի հնարավորինս ազատ՝ ազատ մրցակցության և ազատ առևտրի սկզբունքների հիման վրա՝ զերծ մնալով չարամիտ հովանավորչությունից: Միևնույն ժամանակ, աշխատողների իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական շուկայի տնտեսությանը բնորոշ սկզբունքներին համապատասխան:

 

Մենք համոզված ենք՝ մարդու ազատ ընտրությունը զբաղվելու իր նախընտրած գործունեությամբ (հանրային ծառայություն կամ ձեռնարկատիրություն) հնարավոր է, երբ յուրաքանչյուր ոք հավասար պայմաններում կարող է օգտվել քաղաքական, տնտեսական և սոցիալական հնարավորություններից: 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝