ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Մենք խրախուսում ենք էկոլոգիական անվտանգության ու կայունության սկզբունքի հիման վրա սոցիալական շուկայական տնտեսությունը և կանաչ էներգիայի արտադրությունը»:
Մենք ցանկանում ենք պաշտպանել քաղաքացիների անվտանգությունն առօրյա կյանքում՝ նրանց համար ապահովելով ավելի լավ և բարձր բնապահպանական չափանիշներով առողջապահական միջավայր, բարձրորակ սննդամթերք և սպառողների իրավունքների պաշտպանվածություն:
Մենք կողմնակից ենք էկոլոգիական և սոցիալական բարձր ստանդարտներին:
Մենք խրախուսում ենք էկոլոգիական անվտանգության ու կայունության սկզբունքի հիման վրա սոցիալական շուկայական տնտեսությունը և կանաչ էներգիայի արտադրությունը:
Մենք դատապարտում ենք հայոց բնության նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող վայրագ գործողությունները:
Մենք համոզված ենք, որ հայրենի բնությունը և շրջակա միջավայրը վտանգներից ու մարտահրավերներից զերծ պահելու համար անհրաժեշտ պայման է բնապահպանական դեգրադացիայի դադարեցումը:
Մենք համամիտ ենք Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի այն գաղափարի հետ, համաձայն որի`«բնությունը կատակներ չի ճանաչում, այն միշտ ճիշտ է, միշտ լուրջ, միշտ խիստ. սխալներն ու թյուրիմացությունները գալիս են մարդուց»:
Մենք համոզված ենք և ընդունում ենք, որ բնական ռեսուրսների պահպանման և վերականգնման (օդ, ջուր և հող) անհրաժեշտ պայման են հանքարդյունաբերության ու ջրային ռեսուրսների օգտագործման քաղաքականության ամբողջական վերանայումը և շրջակա միջավայրին պատճառված վնասների վերականգնումը:
Մենք բացառում ենք նոր հանքերի շահագործման, Սևանա լճից ջրի բացթողնման և կանաչ տարածքների հաշվին կառուցապատման ծրագրերը:
Մենք խրախուսում ենք ջրամբարների կառուցումը և կանաչ տարածքների վերականգնումը:
Մենք քաջալերում ենք վերականգնվող էներգիայի աղբյուրների հիման վրա արտադրությունը և խրախուսում ենք հանածո վառելիքի փոխարինումն այլընտրանքային, վերականգնողական էներգիայի աղբյուրներով:
Մենք քաջալերում ենք հնարավորությունների ստեղծումը գործարար այն ընկերությունների համար, որոնք կայուն տեխնոլոգիաների մշակման միջոցով կարող են ներդնել վերականգնվող, այլընտրանքային էներգիայի արտադրություն, ապահովել նոր աշխատատեղեր և նվազեցնել մեր կախվածությունը ներմուծվող հանածո էներգակիրներից:
Մենք գիտակցում ենք, որ էներգետիկ անվտանգության, մրցունակ տնտեսության և կայուն շրջակա միջավայրի ապահովման համար հրամայական է Հայաստանի Հանարապետության էներգակիրների և էներգաբաշխիչների մենաշնորհի վերացումը:
Մենք քաջալերում ենք էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը և ներքին էներգետիկ շուկայի ձևավորումը:
Մենք քաջալերում ենք էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը մատչելի գներով ապահովելու համար այնպիսի անհրաժեշտ ներդրումներ, որոնք կենսական նշանակություն կունենան աշխատատեղերի և կայուն տնտեսական աճի համար ու կնպաստեն մրցունակության բարձրացմանը:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝