ԳԻՏԵԼԻՔՆԵՐ/ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կրթությունը զորեղ զենք է, առանց որի հայ ազգը չի կարող ակնկալել տնտեսական վերելք և ոգու կատարելություն»:
Մենք համոզված ենք` ներդրումը կրթության և գիտության մեջ` ներդրում է բարեկեցիկ, անվտանգ և երջանիկ ապագայի մեջ:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է ուսուցանել աշխարհի լավագույն լսարաններում, սակայն յուրաքանչյուրիս պարտքն է մեր սեփականություն հանդիսացող գիտելիքի զգալի մասը նվիրաբերել մեր հայկական պետականությանը` ի բարօրություն ողջ հայ ազգի:
Գիտությունը ծնունդ է ժողովրդավարական համակարգի, քանզի այն միանշանակ առաջադիմական և հակաբռնատիրական ներուժ ունի:
Մենք համոզված ենք, որ գիտության և կրթության զարգացումը մարդուն դարձնում է ազատ:
Մենք գիտակցում ենք, որ գիտելիքը չի կարող տրվել մարդկանց առանց նրանց սեփական ջանքերի և միևնույն ժամանակ նրանց դեպի ուսումը ուղղորդող հատուկ ծրագրի:
Մենք կարևորում ենք որակյալ կրթության դերը:
Մենք համոզված ենք, որ մեր նպատակին հասնելու համար` այն է դառնալ մրցունակ ազգային պետություն, անհրաժեշտ է ունենալ գիտելիքների վրա հիմնված հասարակություն:
Անվիճելի փաստ է՝ գիտական հետազոտությունները և դրանց ձեռքբերումները առանցքային գործոն են մրցունակ պետություն ունենալու համար:
Մենք գտնում ենք, որ կրթության և գիտության համար նախատեսված ֆինանսավորումը պետք է կազմված լինի պետական բյուջեի ծանրակշիռ չափաբաժնից:
Կրթությունը և գիտությունը պետք է ունենան անկախության ամենաբարձր աստիճանը պետական իշխանություններից:
Ժամանակակից աշխարհում կրթվելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Դրանք են, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների հնարավորությունները, առցանց կրթությունը, թվային բուհերը և այլն:
Հայաստանը պետք է կենտրոնանա թվային գիտելիքների/հմտությունների վրա ու շեշտը դնի կրթության նոր տեխնոլոգիաների և նորարարության վրա:
Մենք խրախուսում ենք գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում զբաղվածությունը:
Մենք ձգտելու ենք աշխարհում հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման ոլորտում հասնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) ամենաբարձր ցուցանիշի:
Մենք վերահաստատում ենք կարևորությունը` բոլոր տարիքի մարդկանց ապահովել որակյալ ուսուցման հնարավորություններով:
Աշխատանքի տեղաշարժը կարևոր նշանակություն ունի: Մենք պարտավորվում ենք պաշտպանել աշխատանքի և աշխատողների ազատ տեղաշարժման իրավունքը: Աշխատուժի շարժունակությունը պետք է խրախուսվի, որպեսզի բոլոր քաղաքացիները կարողանան օգտվել աշխարհի խոշորագույն աշխատուժի շուկայից:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝