Արդարությունն առանց ուժի՝ թուլություն է, ուժն առանց արդարության՝ բռնակալություն:

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

«Արդարությունն առանց ուժի՝ թուլություն է, ուժն առանց արդարության՝ բռնակալություն»:

Բլեզ Պասկալ

Մենք գիտակցում ենք, որ ավելի քան երբևէ, արտաքին և ներքին սպառնալիքների տարանջատումը այլևս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` մենք գնահատում ենք հայկական արդի պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունը (կառավարվող ժողովրդավարություն հասկացության ներքո) ու համատարած կոռուպցիան (էնդեմիկ բնույթով և հասարակության բոլոր ոլորտների ներթափանցվածությամբ) հայ ազգի ու հայոց պետականության համար նույնքան վտանգավոր են,  որքան  արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը և աշխարհաքաղաքական գործարքները:

 

Մենք համոզված ենք, որ հայ ազգի բնականոն զարգացման անհրաժեշտ երաշխիքը ազգային, ժողովրդավար կառավարման կառուցակարգերի գործունեությունն է և հասանելի քաղաքացիական ու քաղաքական ազատությունները:

 

Մենք պարտադիր ենք համարում հանրային իշխանության ինստիտուտների անկախությունը միմյանցից, նրանց տարանջատման ու հավասարակշռման սկզբունքի անխափան աշխատանքը և գործունեության թափանցիկությունը:

 

Մենք գերակա ենք համարում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը:

 

Մենք գերակա ենք համարում օրենքի առջև բոլորի հավասարությունը:

 

Մենք գերակա ենք համարում իրավունքի գերակայությունը:

 

Մենք գերակա ենք համարում քաղաքացիական և քրեական արդարադատության իրականացումը:

 

Մենք գերակա ենք համարում արդարադատության իրականացումն օրենքի ուժով:

 

Մենք պարտադիր  պայման ենք ճանաչում, որ արդարության հասնելու համար արդարադատություն իրականացնող մարմինը պետք  է լինի արդարության աստվածուհու՝ Ֆեմիադայի պես, աչքերը կապած՝ անաչառ, կշեռքը ձեռքին՝ արդար, սուրը աջ ձեռքին՝ ուժեղ՝ պատրաստ օգտագործման անհրաժեշտ ցանկացած պահի:

 

Մենք գտնում ենք, որ անարդարությունը և դրա հետևանքով տեղի ունեցած հանցագործությունների դատապարտումը պարտադիր պայմանն են արդարության երաշխավորման համար:

 

Մենք դատապարտում ենք 1991 թվականից սկիզբ առած բռնակալական` ավտորիտար, վարչակարգը:

 

Մենք պահանջում ենք 1991 թվականից սկիզբ առած ավտորիտար վարչակարգի կողմից կատարված հանցագործություններին և դրանց հետևանքով հայ ազգին պատճառված վնասներին տալ քաղաքական և իրավական գնահատական:

 

Մենք անհրաժեշտ  և հրատապ ենք համարում հայկական պետականությունը բռնակալության` ավտորիտարիզմի ախտից զերծ պահելու ու ժողովրդավար համակարգի գործունեությունը երաշխավորելու համար  քաղաքական ու քաղաքացիական համաձայնության ներքո  կատարել մի շարք քայլեր հետևյալ ուղղություններով` անցկացնել գաղտնազերծում, դատապարտել հանրային իշխանության բռնազավթումը, խոսքի ազատության ապօրինի սահմանափակումը, քաղաքական ընդդիմախոսների ապօրինի հետապնդումը, այլակարծության համար բռնության ենթարկելը (ծեծ, ջարդ, խոշտանգումներ և սպանություններ), հանրային և մասնավոր սեփականության ապօրինի օտարումն ու ապօրինի հարստացումը:

 

Մենք անհրաժեշտ ենք համարում Գաղտնազերծման մասին օրենքի ընդունումը, որը կվերաբերի 1991 թվականից մինչ օրս  գործող վարչակարգի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքների ոտնահարման մեջ, զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել են և կապ են ունեցել (համագործակցել են) օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:

 

Մենք անհրաժեշտ ենք համարում մինչև օրինական գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ձևավորումն ու ազգային շահի հիման վրա ժողովրդավար, ազգային սահմանադրության ընդունումը, ընդունել հայկական պետականության քաղաքական կառուցվածքի վերաբերյալ սահմանադիր օրենքների համախումբը` Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին օրենք, Դատախազության մասին օրենք և այլն: Վերոնշյալ օրենքները պետք է հիմնված լինեն հետևալ սկզբունքերի վրա`

 

  • Աշխարհասփյուռ հայությունը ընտրական իրավունքի իրացման միջոցով մասնակցում է  Հայկական պետականության քաղաքական կյանքին (ընտրվելու և ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում կամ բնակվում:

 

  • Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասարապես օգտվում են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությանը ընտրելու և այս մարմիններում  ընտրվելու  իրավունքից:

 

  • Արտասահմանում բնակվող (երկրներ, քաղաքներ և տարածաշրջաններ) յուրաքանչյուր 100 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ունենա իր պատգամավորը հայոց խորհրդարանում:

 

  • Ընտրական տեղամասերի առկայությունը պետք է ապահովված լինի արտասահմանում ապրող կամ  ժամանակավոր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

 

  • Հայկական ներկայիս պետականության ամբողջ տարածքը` շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր, պետք է լինի մեկ ընտրական տարածք:

 

  • Ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական ընտրական կարգով: Ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը պետք  է սահմանվի 2,5 %:

 

  • Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա ուղղակի ընտրության միջոցով:

 

  • Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը և Նախագահը պետք է ընտրվեն 4 տարի ժամկետով:

 

  • Խորհրդարանական կուսակցությունները պետք է պարտադիր ստանան համապատասխան պետական և կայուն ֆինանսավորում:

 

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրությունների կազմակերպման ու անցկացման բոլոր օղակները պետք է հավասարապես ներկայացված լինեն քաղաքական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներից:

 

  • Մարդու իրավունքների պաշտպանը և գլխավոր դատախազը պետք է առաջադրվեն համատեղ քաղաքական ու                                                                                     քաղաքացիական հատվածների նախաձեռնությամբ և ընտրվեն խորհրդարանի կողմից մրցակցային սկզբունքով:

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝