ԵՐԿԻՐ (ԷՐԳԻՐ)
«Մեր երազն իրական է և իմաստուն:
Մենք անվերապահորեն հավատում և ընդունում ենք մեր կարոտած սրտի, մեր մորմոքած արյան Երկիրը` ԷՐԳԻՐԸ»:
Մենք հավատում ենք, որ աշխարհում և բնիկ հայկական հողում ապրող հայությունը/հայ ազգը հսկայական համայնք է՝ հիմնված արժեքների ու սկզբունքների վրա, որոնց թվում են՝ ազատությունը, արդարությունը, մարդկային արժանապատվությունը, մարդկային կյանքը, պատասխանատվությունը, հայրենիքի անվտանգությունը և կանաց ու տղամարդկանց միջև հավասարությունը:
Մենք գիտակցում ենք և մտահոգ ենք, որ հայ ազգի ընդհանուր արժեքները վտանգված են և կարող են կորսվել:
Մենք գիտակցում ենք և մտահոգ ենք, որ մեր արժեքների դեմ ուղղված մարտահրավերները կրում են ոչ միայն արտաքին բնույթ` ագրեսիա, հայրենիքի բռնազավթում, աշխարհաքաղաքական գործարքներ և այլն, այլ նաև տեղական` ազգային բնույթ` պայմանավորված բռնակալական` ավտորիտար վարչակարգով, համատարած կոռուպցիայով և անարդարությամբ:
Մենք համոզված ենք, որ հայ ազգի ընդհանուր արժեքների պաշտպանության երաշխիքը ժողովրդավարական, ազգային քաղաքական համակարգի գործունեությունն է հայրենի բնօրրանում:
Մենք համոզված ենք, որ կարող ենք ազդեցություն ունենալ սրընթաց փոփոխվող աշխարհում՝ ի շահ հայ ազգի, գործածելով ժողովրդավարական, ազգային քաղաքական համակարգ, որի ղեկավարմանը մասնակցում է ողջ հայությունը` անդրսահմանային հայ ազգը:
Այսօր մեր արժեքների պահպանման պայքարը, ինչպես առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ ձևավորվում էր նոր աշխարհակարգ, բախվում է արտաքին մեծագույն մարտահրավերների:
Այնուհանդերձ, ի տարբերություն այն ժամանակաշրջանի, այսօր՝ թվայնացման և գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, մենք ունենք պետականություն մեր հայրենի բնօրրանի շուրջ տասը տոկոսի վրա, ունենք ազգային զինված ուժեր և ունենք համասփյուռ անդրսահմանային հայ ազգ:
Մենք առավել զգայուն ենք մեր տարածաշրջանում դարերից ի վեր սկիզբ առած և «Արևելյան հարցի» անվանում ստացած չլուծված խնդրին, որը աշխարհաքաղաքական նոր կարգի և նոր քաղաքական քարտեզի ձևավորման ընթացքում ուղղակի առնչվում է հայ ազգի շահերին: Այս հարցում հայությունը/հայ ազգը և հայոց պետականությունը ունեն իրավունքներ, որոնք վերաբերում են հայկական բարձրավանդակում ու նրա հարակից տարածքներում հայկական պետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և հայ ազգի վերադարձին Դեպի Արարատ:
Մենք համոզված ենք, որ համասփյուռ հայությունը` անդրսահմանային հայ ազգը և հայկական պետականությունը համատեղ գործելով՝ լուրջ ուժ ու քաղաքական գործոն են, և միասին կարող են լավագույնս հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ:
Մենք համոզված ենք, որ աշխարհով մեկ ապրող անդրսահմանային հայ ազգը, այլևս պետք է ապրի ոչ միայն որպես ազգային/կրոնական համայնք, այլ պետք է դառնա միասնական քաղաքական ազգ, որը իր ազգային պետականության ներքո քաղաքական միտք է դարբնում, սնուցում է իր ազգային քաղաքական իդեալները և մաս է կազմում իր ազգային քաղաքական վերնախավի:
Մենք հանձնառու ենք հայոց ազգային պետականությունը դարձնել ուժեղ, անվտանգ և բարեկեցիկ:
Մենք ընդունում ենք, որ մեր խնդիրն է համապատասխանեցնել ներկայիս՝ 21-րդ դարի հայկական պետականությունը, առկա իրողություններին ու հայ ազգի կարիքների բավարարմանը:
Մենք հանձնառու ենք, որ հայկական ազգային ժողովրդավար պետականության յուրաքանչյուր քաղաքացի հայրենի բնօրրանում պետք է նվազագույնը ունենա սեփական հող, տուն, արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք, անվճար որակյալ կթություն, բժշկական ապահովագրություն և հնարավորություն ամենամյա արձակուրդը վայելելու որպես զբոսաշրջիկ:
Մենք հրատապ, անհրաժեշտ պայման ենք ճանաչում ինքնաազատագրումը, ինքնակազմակերպումը և ինքնահամախմբումը հանուն մեր ընդհանուր արժեքների:
Այս պայմանների բավարարման համար հայկական պետականությունը պետք է լինի ժողովրդավարական:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝