«Երկիր Ծիրանի»կուսակցությունը ներկայացնում է Սփյուռքից պարզաբանում հայ հանրությանը` ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության

 «Ես Ձեզ հետ ի սկզբանե համաձայն չեմ: Դուք դա անվանում եք ռուսական կապիտալ: Բայց պարզից էլ պարզ է, որ ռուսական կապիտալը բոլորովին այլ է` և՛ իր կառուցվածքով, և՛ մեծությամբ, և՛ մասնակիցների թվով, և՛ առավել ևս` այն նպատակներով ու պատճառներով, որոնց հիման վրա կատարվում են ներդրումներ:

 

Հսկայական ռուսական սփյուռքը մի քանի տասնյակ հայեր չեն: Դա հազարավոր մարդիկ են` լավ գումարներով և բիզնես կարողությամբ: Եվ ինչու միայն հայերը: Ռուսական կապիտալը հսկայական է: Բայց բիզնեսը ներդրում է կատարում այնտեղ, որտեղ ռիսկերը քիչ են: Եվ առաջին հերթին` ուսումնասիրում է քաղաքական իրավիճակը:

 

Դա ճիշտ չէ, երբ ցանկացած բիզնեսմենի, չունենալով այլ հիմնավորում, առաջարկում են, այսպես կոչված, տանիք` մարզպետների, նախարարների և վարչապետի, իսկ վերջում` նախագահի ու կաթողիկոսի մակարդակով.  հովանավորչություն, իհարկե` բիզնեսում  փայաբաժին ունենալու եւ եկամուտները կիսելու դիմաց: Արդեն ձևավորված հասարակական-քաղաքական իրավիճակը որոշել է բիզնես իրականացնելու կանոնները: Այսինքն` օրենքները չեն աշխատում, Սահմանադրությունը գրված է ոչ բոլորի համար: Իշխանությունների հանդեպ համընդհանուր անվստահությունը, տիրող անարդարությունը, ինչի հետևանքով մարդիկ հեռանում են` փնտրելով բարենպաստ հասարակական և քաղաքական հարաբերություններ:

 

Իսկ Կարեն Կարապետյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ գեղեցկատես արտաքինի և թոփ-մենեջերի ոճային պահվածքի ներքո նա իր ժողովրդի աչքերին փչող թոզով, ըստ էության, մոլորեցնում է իր իսկ ժողովրդին: Բազմաչարչար ժողովուրդ, Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, ժողովուրդ`  արժանի  երջանիկ կյանքի, և առավել  ևս` իր հայրենի հողում: Ինձ դժվար չէ գնահատել այդ մարդու բարոյական դեգրադացիան: Կարեն Կարապետյանը ձևացնում է, թե ինքը չի հասկանում, որ մարդիկ կհասկանան` ուր անհետացան այդ ակտիվները, այդ թվում նաեւ` նրանք, որոնք վերցվել էին միջազգային կառույցներից` դրանով իսկ ավելացնելով երկրի պետական պարտքը: Վաղ թե ուշ` դրանք պետք է վերադարձնել: Եվ տեղին է հարցը` ո՞վ պետք է վերադարձնի: Գուցե նա, ով վերցրել է: Այդ իսկ պատճառով պետք է լինի հստակ պատասխան` ուր անհետացան գումարները մինչեւ վերջին լուման:

 

Վերադառնանք, այսպես կոչված` ռուսաստանյան երկու տասնյակ ներդրողներին: Նրանք բոլորը նոր դեմքեր չեն, ամենակարևորը` նրանք բոլորը ոչ այդքան ռուսական են: Սամվել Կարապետյանը, ինչպես երևում է, ամենագլխավոր գործող անձն է: Նրա բիզնեսի ոչ փոքր մասն արդեն նաև Հայաստանում է` առևտրի  և բիզնես կենտրոններ, ռեստորաններ: Գործարարի գործունեության պսակը Հայաստանի էլեկտրական ցանցերն են, որոնք հրաշքով հայտնվել են նրա սեփականության ներքո` կիպրոսյան օֆշորում: Բայց չէ՞ որ միայն էլեկտրական ցանցերը չեն, այլ նաև ` Գազպրոմ-Արմենիան, հեռախոսացանցը, ինտերնետը, կապը, ավիաուղիները, ՀԷԿ-երը, երկրի ընդերքը և այլն, որոնք անմիջական կապ ունեն երկրի անվտանգության հետ: Ո՞ւմ ձեռքերում են այդ ամենը: Իհարկե` ոչ այդ հնարավոր ռուսական ներդրողների: Հավանաբար, դրանք հենց այն մարդիկ են, ովքեր պետք է ապահովեն գոյություն ունեցող իշխանության «անվտանգությունը և առաջընթացը»: Կարծում եմ` անհրաժեշտություն չկա բացատրելու, որ այդ ամենը պետք է լինի բացարձակապես պետական սեփականություն,  և ոչ թե այն մարդկանց ձեռքերում, որոնք չեն կարող ապահովել պետական սակագները և գնացուցակները:

 

Նրանք պետք է դատական կարգով սնանկ ճանաչվեն կամ ներդրում կատարեն հեռահար եկամտի ակնկալիքով: Բայց ոչ, ինչո՞ւ: Կարծում եմ` ամեն ինչ հասկանալի է: Այսպիսով` ինչպիսի՞ փողեր են պատրաստվում ներդնել այդ մարդիկ:

 

Ռուսական ներդրողների Ակումբ-Հիմնադրամ: Թոզ փչոցի խեղճ ժողովրդի աչքերին: Ավելի շուտ` երկիրն աղետի հասցնողների կլանների Ակումբ: Երկրին անհրաժեշտ է ոչ թե երկու տասնյակ, այլ Սփյուռքի համընդհանուր օգնությունը: Ներդրողներ` ոչ միայն գումարով, այլ նաև` ինտելեկտով, խելքով, մասնագետներով, երիտասարդությամբ, իրենց երկիրը սիրող հայ մարդկանց ուժով և եռանդով:

 

Երկիրն ի սկզբանե գտնվում է անբարենպաստ ներդրումային վիճակում: Գրեթե տրանսպորտային շրջափակման մեջ: Ակնհայտ է, որ հույսը միայն հայրենակիցներն են: Եվ նրանց կհետևեն նաև ուրիշները: Մեզ անհրաժեշտ են հազարավոր ներդրողներ, որպեսզի փրկենք մեր երկիրը և մեր հայկական գենը: Եվ մեզ անհրաժեշտ են այնպիսի մարդիկ իշխանության ղեկին, որոնք հասկանում են այդ պարզ ճշմարտությունը: Բայց դա հասկանալու համար պետք է սիրտ ունենալ` Հայաստանը  և իր ժողովրդին իսկապես սիրող Սիրտ»:

 

Ռուբեն Գրիգորյան

Մոսկվայի Ազգերի և Մշակույթի Հայկական Թանգարանի հիմնադիր, գործարար

26.03.2017թ.

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝