28/09/2022 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

 

«Հրապարակի» զրուցակիցն է Զարուհի Փոստանջյանը։

 

- Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց Հանրայինին, որտեղ խոսելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրների մասին, ասաց, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը պետք է ստորագրի ցավոտ որոշումներ, որոնց մասին, բացի Փաշինյանից ոչ ոք տեղյակ չէ։ Եթե չստորագրի պետությունն ավելի  ծանր վիճակում կհայտնվի, ասաց Տեր-Պետրոսյանը։  

 

- Լսել եմ, բայց չեմ մեկնաբանելու և որևէ գնահատական չեմ տալու։ Իր ասածները, որ մեկնաբանեմ, նշանակում է, որ տարածում եմ։

 

- Մեր հարցազրույցներից մեկի ժամանակ, պատմել էիք, որ մինչև 2018թ-ի  հեղափոխությունը, առաջարկ եք ստացել միանալու  Փաշինյանին։

 

-  Դա վաղուցվա պատմություն է, և եթե հետ վերադառնանք 2008 թվական, երբ Նիկոլին հանեցին բեմ, ուղղակի այդ ժամանակ չեղարկեցին դա, բերեցին 2018-ին՝ իրականացնելու։ Ինձ առաջարկել են, որ իրենց հետ մասնակցեմ այդ ամենին ու ես հրաժարվել եմ, որովհետև Նիկոլի հետ ես ոչ մի քայլի չէի գնա։ Հո՞ չէին ասել, որ ազգագործան ծրագիր են իրականացնելու, բայց, ակնհայտ էր, եթե Նիկոլի հետ գնում ես մի ծրագիր իրականացնելու, պարզ էր, թե ինչի համար է...Սա վաղուցվա ծրագիր էր։ Այո, Նիկոլին պետք էին այնպիսի մարդիկ, որ իր կողքը լինեն, որ այս «ավանտյուրան» լիներ արժանահավատ։ Մարդկանցից կազմում էին խումբ, որպեսզի կարողանային այդ «ավանտյուրան» առաջ մղեն։ Ես մերժել եմ միանալ Փաշինայնին` այն բանի համար, որ նա ծախված է, գործակալ է, Բաղրամյան 26-ի պրոյեկտն է, ծրագիրն է, թուրքական պրոյեկտ է, ազգադավ պրոյեկտ է։ Նա երբեք չի էլ թաքցրել իր բոլոր հրապարակումներում։ Այդ մասին նշել է, շեշտել է։ Այնպես չէ, որ սա գաղտնիք է եղել ինչ-որ մեկի համար։

 

-Ավանտյուրա ասելով՝ ինչ նկատի ունեք, տիկին Փոստանջյան։

 

- Ավանտյուրան, այո, այն էր, ինչ-որ արեցին։ Ասեցին, որ իբրև հեղափոխություն են արել, հեղափոխականներն են եկել իշխանության, և ամեն ինչ բերեցին հասցրեցին այս վիճակին։

 

-Ու՞մ ձեռքի գործն էր, ում ծրագրով եկավ Փաշինյանը իշխանության։

 

- Սերժ Սարգսյանն ինքը ասաց, որ պարտվել է ավելի մեծ ուժերի։ Սա, գլոբալ ծրագիր է։ Սերժ Սարգսյանն այս ծրագրում շատ փոքր  երևույթ էր։ Ուղղակի, ինքը լռել է, ինքը թույլ է տվել, որ այս ծրագիրն իրականանա։ Ինքը «կամիկաձե» չի եղել, այնպես չի եղել, որ ինքը դեմ կանգներ այս ծրագրի իրականացմանը։ Ինքը շատ լավ քաջատեղյակ է եղել։ Բացի այդ Փաշինյանին՝ 2008 թվականին ո՞վ մարտի մեկին բերեց, հետո ո՞նց դարձավ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Արարատ Միրզոյանի հետ միասին։ Թե քանի տոկոսով է եղել  Սերժ Սարգսյանի մասնակցությունը, հովանավորչությունը Փաշինյանին  վարչապետ դարձնելուն, դա այդքան էլ էական չէ։ Բայց, իհարկե, նա տեղյակ է եղել այս ծրագրից։

 

- Այնուամենայնիվ, ի՞նչ զարգացումների սպասենք։

 

- Շատ վատ։ Ամեն ինչ տանում է աղետալի զարգացումների։

 

- Բայց Դուք վերջին ժամանակներս լուռ եք` ինչու։

 

- Երբ ինչ-որ բանի մասին ցանկանում եմ խոսել՝ ելույթ ունենում եմ։ Բայց կարծում եմ այլևս դրա կարիքը չկա, որովհետև իրադարձություններն արդեն իսկ զարգանում են նաև այս ծրագրերից դուրս, որովեհտև այն, ինչ տեղի է ունենում մեր սահմաններին, դա արտացոլում է աշխարհաքաղաքականությունը, այլ ոչ թե միայն մեր սահմանների հարցն է, կամ լոկալ կոնֆլիկտ է։ Այլևս, այն ռեգիոնալ վերահսկիչները` մեր տարածաշրջանի, դրանք էլ են դուրս խաղից, որովհետև ամեն ինչ դուրս է եկել այդ նախնական ծրագրավորումից և պայմանավորվածություններից, որոնք գալիս են վաղ ժամանակահատվածից։ Սա նորություն չէ, նոր պատմություն չէ, սա երկարատև պատմություն է։ Եվ հիմա մենք ապրում ենք նոր աշխարհակարգի ձևավորման այս սկզբնական շրջանը։ Հետևաբար, հիմա դիրքորոշում հայտնելու շատ կարիք չկա։

 

-Ինչպես երկիրը հասավ այս վիճակին։

 

- Մի հատ նախագահ ունեինք՝ Արմեն Սարգսյան անունով, ձայն հանե՞ց, ու՞ր է։ Պարզվում է՝ ինքը պատերազմի մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից։ Արմեն Սարգսյանին ես չէի չէ բերել իշխանության։ Արմեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակաշրջանից է, ու բավականին բարձր պաշտոն է զբաղեցրել։

 

- Բայց միայն ղեկավարները չեն, ինչքան երիտասարդ է ներգրավված այս ծրագրերում։

 

- Գիտե՞ք, ես իմ բաժին բողոքը այս հինգ տարիների ընթացքում այնքան եմ հայտնել, որ ընդհուպ ստացել եմ մարմնական վնասվածքներ։ Այս պահին հիմա ես քրեական մեղադրանքների տակ եմ․ Ն․ Փաշինյանն իմ նկատմամբ 2.5 մլն դրամի հայց է ներկայացրել։ Գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, վարչական հետապնդման մեջ եմ։ Այնպես չէ, որ ես լռում եմ, այսինքն, այս բոլոր թվարկածները իմ ոչ լուռ մնալու արձագանքներն են։ Ես իմ բաժինն արել եմ պատերազմի ժամանակ, ճիշտ է՝ ես զինվորական չեմ, բայց որպես  քաղաքացի օգնություն եմ տրամադրել նյութական, ինչպես նաև առողջությունս ներել է՝  արյուն եմ  հանձնել։ Ես ավելին չէի կարող անել։ Հիմա էլ պատրաստ եմ անել ամեն ինչ։ Այո, պետական ինստիտուտ այսօր չի գործում։ Եթե գործեր, մենք այս վիճակում չէինք լինի։

 

Տես՝ 

https://hraparak.am/post/8b6d0e46890e931465f09e328f9062d7?fbclid=IwAR1hLdGrhy5wSfRNfCHQvK4zuivZct_9U2qC-GxO7ty1sajrmL_v_Fi1-wk

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button