24/04/2022 ՄԻԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ

 

ՄԻԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ

 

 

«Ես ճանաչում եմ քեզ, երկաթե ժողովուրդ, որին աստվածային տեսչությամբ, վկան քո պատմությունը, տրված է առասպելական փյունիկի իր աճյունից վերածնվելու կարողությունը»...

Գ. Նժդեհ

 

1915 թվական... ապրիլի 24՝ բիբլիական մի ողջ երկիր գեհենի մեջ էր։ Ապրիլի 24՝ աշխարհի շատ ազգերի համար ոչինչ չասող տարեթիվ, սակայն հայի համար արյան, մահասարսուռ ցավի ու կորուսյալ երկրի ցավ։ Երկիր՝ հինավուրց մի բնօրրան, որն արարել և արարում էր, երկնում միտք ու բարիք։ Սակայն Օսմանյան արյունոտ երախը, ամենակուլ որկորը իր մթար ուղեղով անհաղորդ էր արարման աստվածային առաքինությանը կոչված ազգին։ Օսմանը տենչում էր ոչնչացման, Հայի ոչնչացման։

 

Ապրիլի 24... հարյուրավոր մտավորական գործիչների ձերբակալում և գլխատում։ Խաղաղասեր մի ողջ ազգ սրախողխող էր լինում աշխարհի նենգ քաղաքական սարդոստայնի մեջ։ Լայն իմաստով՝ Հայոց ցեղասպանությունը կազմակերպված ձևով սկսվեց 1890-ականներին և շարունակվեց ավելի քան քառորդ դար։ Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի նկատմամբ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, հայության պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, հանցավոր լռությունն ու արդարացման փորձեր որոնող Թուրքիան մինչ այսօր չի դատապարտվել, չի մեղադրվել իր ցեղասպանական անցյալի և ոչ պակաս հայահալած ներկայի համար։ Ներկայիս խառնակ աշխարհաքաղաքական լաբիրինթոսում մենք խարխափում ենք։