28/01/2022 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

 

Սիրելի զինվորներ ու սպաներ, այսօրը` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի օրը, ազդարարում է Հայկական բանակի հասունությունը, ինքնահաստատումը և թշնամուն հաղթելու կարողությունը։

 

Հունվարի 28-ը անգին տոնի խորհուրդ ունի, և այս օրվա պատգամը հայ ազգին` ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆՆ Է, Հայոց եռագույնի բարձր ծածանումը, ազատագրական հաղթերթը` ի փառս Հայրենիքի, աշխարհասփյուռ հայության, բոլոր զինվորների մայրերի...

 

 

Մեր արևելյան սահմաններում` Արցախյան ճակատում, հայոց հաղթամարտի դավադիր ընդհատումը՝ դավաճանաբար ծրագրված, ժամանակավոր է: Վստահ ենք՝ շուտով կծավալվի համահայկական և քաղաքակրթական արժեքների վերագիտակցումից ծնված ազգային-ազատագրական նոր հուժկու ալիքը, որին ընդառաջ՝ ժամանակավորապես նահանջած հայ զինվորն ու սպան իրենց հաղթամարտի առաջին փուլը կնշեն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում` ազատագրված Արցախի կարոտով, հայկական պատարագով։

 

 

Սիրելի հայոց զինվորություն, մեր սրբազան լեռ Արարատի ազատագրումը համահայոց տեսլականն է, հայի ինքնության և հավերժագոյի վավերագիրը, «գետի այն ափին» մնացած մեր գերված հողերի ու ջրերի վերահայացումը՝ մայր արմատներին վերադարձն է, երազանքի իրականացումը։