10/01/2022 ՀԱՂՈՐԴՈՒՄ

                                                  

 

 

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին

 

10 հունվարի, 2022թ.

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանի, Արմեն Ժորայի Բեկթաշյանի և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի կողմից էական կարգապահական խախտում թույլ տալու՝ իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ

 

I. ՓԱՍՏԵՐԻ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

 

10.12.2021թ.-ին ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանը, Արմեն Ժորայի Բեկթաշյանն ու Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը հրապարակել են դատական ակտ: Դատական ակտի գործն ըստ էության լուծող մասով՝ ամբաստանյալ Արմեն Բիլյանի արդարացման դատավճիռը բեկանվել է և կայացվել է դատապարտման դատավճիռ՝ նրան դատապարտել են ազատազրկման 25 տարի ժամկետով, իսկ դատական ակտի գործն ըստ էության չլուծող մասով` ամբաստանյալ Արմեն Բիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին վերացրել են` նրան կալանավորել են դատարանի դահլիճից: Ամբաստանյալ Պավել Մանուկյանի նկատմամբ հաստատել են առաջին ատյանի դատական ակտը:

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով քննությունը տեղի է ունեցել ոչ անկախ ու անաչառ դատարանի կողմից, ողջամիտ ժամկետների խախտմամբ և ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:

 

Դեռ ավելին, ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 10.12.2021թ.-ին կայացված դատական ակտը չեն տրամադրել դատավարության մասնակիցներին, քանի որ այն դեռ պատրաստ չէ: Դատական ակտի վերաբերյալ չկա որևէ տեղեկություն նաև Datalex` դատական ակտերի հրապարակման կայքում:

 

Առ այսօր ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանի, Արմեն Ժորայի Բեկթաշյանի և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի կողմից    10.12.2021թ.-ին հրապարակված դատական ակտը չեն տրամադրել դատավարության մասնակիցներին, համաձայն դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի օգնականի բանավոր պատճառաբանության՝ դատական ակտը դեռ պատրսատ չէ:

 

Այսինքն` Դատավորների կողմից խախտվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերը: Խախտումն ակնհայտ է, կոպիտ է և էական, ուստիև Դատավորները ենթակա են կարգապահական պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության դատական  օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա: Հետևաբար Դատավորները պետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության դատական  օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի, խախտում թույլ տալու համար: Առ այն, որ նրանք թույլ են տվել էական խախտում, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման:

 

II. ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  • Դատավարական նորմի խախտման վերաբերյալ

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե նրանք մասնակցել են գործի քննությանը վերաքննիչ դատարանում:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Ըստ գործող իրավակարգավորումների, համապատասխանաբար ամբաստանյալներ՝ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը չստանալով իրենց գործի վերաբերյալ  ըստ էության լուծող և ըստ էության չլուծող դատական ակտը, զրկված են վճռաբեկ ու այլ բողոքներ ներկայացնելու իրավունքից: Ամբաստանյալ Արմեն Բիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 10.12.2021թ.-ի դատական ակտը խախտել է նրա ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը և մինչև դատաքննության ավարտն ազատության մեջ լինելու իրավունքը:

 

  • Արդար դատաքննության և դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից ԵՔԴ/0091/01/17 գործով 10.12.2021թ. դատական ակտը չտրամադրելու համատեքստում

 

ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով տեղի է ունեցել արդարացման դատավճռի վճռաբեկության կարգով բեկանում և մեղադրական դատավճռի հրապարակում, սակայն ամբաստանյալ Արմեն Բիլյանին այդ դատական ակտը չեն տրամադրել: Այլ կերպ ասած,  վճռաբեկ կամ այլ  բողոքներ ներկայացնելիս պաշտպանական կողմը զրկված է ծանոթանալու  ԵՔԴ/0091/01/17 գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 10.12.2021թ. դատական ակտին։ Չնայած պաշտպանական կողմի մի շարք դիմումներին՝ տրամադրելու ՀՀ վերաքննիչ դատարանի 10.12.2021թ. դատական ակտը, դատարանը որևէ որոշում չի տրամադրել։ Պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու այն դատական ակտի պատճառաբանությանը, որով ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Արմեն Բիլյանի արդարացման դատավճիռն ու հաստատել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Պավել Մանուկյանի վերաբերյալ։ Հետևաբար, պաշտպանական կողմը զրկված է  իր դեմ կայացված դատական ակտը ստանալու և այն վճռաբեկության կամ այլ  արդյունավետ կարգով բողոքարկելու հնարավորությունից, որի արդյուքում խախտվել է արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքները։ Պաշտպանական կողմին անհասկանալի է արդարացման դատավճիռը բեկանելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը։ Հետևաբար, Արմեն Բիլյանը զրկված է  իր վճռաբեկ բողոքն ու այլ բողոքներն արդյունավետ կերպով փաստարկելու հնարավորությունից։ Բացի այն, որ խնդրո առարկա դատական ակտը չի տրամատրվել Արմեն Բիլյանին և Պավել Մանուկյանին, այն նաև հրապարակված չէ Datalex դատական ակտերի հրապարակման կայքում։

 

Այսինքն, տվյալ դեպքում խախտվել է ոչ միայն պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքը, այլև առհասարակ կողմերին չի տրամադրվել ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը:

 

Վերաքննիչ դատարանը զրկել է Արմեն Բիլյանին և Պավել Մանուկյանին իրենց վերաբերյալ համապատասխանաբար արդարացման դատավճիռը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Պավել Մանուկյանի մասով ուժի մեջ թողնելու վերաբերյալ դատական ակտ ստանալու և դրան ծանոթանալու իրավուքնից։ Նման պայմաններում Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի վճռաբեկ դատարան  բողոք ներկայացնելը, ինչպես նաև այլ բողոքներ ներկայացնելը դառնում է պատրանքային։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի արդար դատաքննության և դատական մատչելիության իրավունքները, քանզի վերջիններս չեն ստացել իրենց կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ որոշումը:

 

III.ՀԱՂՈՐԴՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 6-րդ մասի 1-ին կետով Որոշում կայացնել` դիմել միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին պահանջելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ` Տիգրան Վազգենի Սահակյանի, Արմեն Ժորայի Բեկթաշյանի և Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի լիազորությունների դադարեցում՝ էական կարգապահական խախտման հիմքով:

 

ԵՔԴ/0091/01/17 քրեական գործով Ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի Պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button