15/12/2021 ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՆԻ ԻՐ ՇԱՀԵՐԻ 2 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ.

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ստեղծված իրավիճակում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից որևէ էական փոփոխություն չի սպասում, քանի որ կարծում է, որ նման հանդիպումներն արդյունք ապահովելու համար չեն։

 

«Արդյունքի համար մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու և մեր գործն անելու։ Միջազգային այդ հարթակները կարևոր են, բայց մեզ համար ցանկալի արդյունքը պետք է ապահովենք մենք՝ գործնական աշխատանք կատարելով»,-Անկախ-ի հետ զրույցում ասում է քաղաքական գործիչը։  

 

Փոստանջյանի խոսքով՝ տեղի է ունենում տարածաշրջանի համար մրցավազք, տարածաշրջանում գործող բոլոր կենտրոները ցանկանում են այդ մրցավազքում իրենց ներկայությունն ապահովել, և քանի որ պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպվում են Կրեմլում, համապատասխան կենտրոններն էլ նման հանդիպում անցացնում են Բրյուսելում, որպեսզի մրցավազքից հետ չմնան։

 

«Մենք հասկանում ենք նաև, որ տարածաշրջանում բավականին լուրջ գործոն է դարձել Էրդողանը։ Թուրքիան փորձում է դիրքավորվել տարածաշրջանում ամեն գնով՝ պատերազմով, խորամանկությամբ, կաշառելով, ամեն միջոց օգտագործելով։ Եվ այսօր Հարավային Կովկասում Թուրքիան ունի իր շահերի 2 ներկայացուցիչ՝ Ալիևն ու Փաշինյանը։ Երկուսի թելերն էլ իր ձեռքում են»։

 

Փոստանջյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա չենք խուսափի ավելի լայնածավալ ու ավելի դաժան պատերազմից։

 

«Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ թուրքերի հետ կարող ենք լավ ապրել, այդ մարդիկ ուղղակի տգետ են, ոչինչ չեն հասկանում, չեն հասկանում դրա անհամատեղելիությունը։ Ցավոք, հիմա մարդկանց ոչինչ չի հետաքրքում, բացի առօրյա հոգսերը հոգալուց, և դա նաև մեր երեսնամյա կրթական բացթողումների հետևանքն է»։

 

Փոստանջյանը կարծում է, որ հիմա խնդիր է դրված Նիկոլ Փաշինյանի ձեռքով իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց մեր «մի բուռ» հողի վրա։

 

«Փոխանակ մենք մտածենք, թե ոնց ենք հետ բերելու Հադրութը, Շուշին, մեր մյուս կորցրած հողերը, մտածում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Եթե մենք խնդիր չդնենք մեր կորցրածը հետ բերելու, որը մեր անվտանգութան գոտին է, ապա անիմաստ է մյուս հարցերը քննարկելը»,-ասում է նա՝ հավելելով, որ եթե Հայաստանում ձևավորվի այս նպատակներն առաջ տանող ռազմաքաղաքական խումբ, ապա հնարավոր է վերականգնել կորուստները։

 

«Բայց ոչ մի ուժ այդ մասին չի խոսում։ Ոչ ոք չի ասում, որ եթե գա իշխանության, չի ճանաչելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կամ չի ասում, որ ճանաչելու է Արցախը։ Բոլորը խոսում են սահմանադրական ճանապարհի մասին։ Սահմանադրական ճանապարհը ո՞րն է։ Սահմանադրական ճանապարհը մեր սահմանադրական իրավունքերը վերականգնելն է, որոնք խախտվել են այդ նույն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և Արցախի կորստով»։

 

Ամփոփելով՝ Զարուհի Փոստանջյանն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը նրա համար էր, որպեսզի ամպուտացներ Հայաստանը, և այդ առաքելությունը հաջողությամբ կատարված է։ Հաջորդ փուլով, ըստ նրա, գալու են այն ուժերը, որոնք արդեն իրագործելու են Միջին Արևելքը օֆշորային գոտու վերածելու ծրագիրը, որտեղ կստեղծվի մի մեծ «լվացքատուն» օֆշորային գումարները լվանալու համար, իսկ դրա համար իրենց պետք է ընդամենը չնչին, սպասարկող բնակչություն, բայց ոչ երբեք ազգային պետություն, որը կխոչընդոտի այդ ծրագրերը։

 

«Եվ հենց այդ նպատակով էլ ազգային ամեն ինչը ջնջվում է։ Ի դեպ, այս պրոցեսը հետևողականորեն իրագործվում է դեռևս Խորհրդային միության փլուզումից սկսած։ Եվ մենք բաց թողեցինք 30-ամյա մեր հնարավորությունը»։

 

Փոստանջյանի խոսքով՝ այս խաղի մեջ են ներգրավված նաև Ռուբեն Վարդանյանը, Արմեն Սարգսյանը և այլ ուժեր, որոնք միշտ են եղել այս պրոցեսի մեջ, սակայն արդեն հանդես են գալիս բացահայտ՝ իրենց դեմքով։

 

ՏԵՍ՝ https://ankakh.com/hy/article/78125?fbclid=IwAR0bUEWWndqHjtl81Az4BkVNbx271i0aAsvqlgQfVFRCXLhvCaOR4MIRI40

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button