19/11/2021 ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ» ԳՈՐԾՈՎ ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ ԴԱՏԱՐԱՆ ՀՐԱՎԻՐԵԼ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ» ԳՈՐԾՈՎ ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ ԴԱՏԱՐԱՆ ՀՐԱՎԻՐԵԼ

 

 


«Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի» հայցով դատական նիստում այսօր ապացույցներ թույլատրելու եւ ապացույցներ պահանջելու վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունները քննվեցին։



Հիշեցնենք, որ այս հայցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանից պահանջում է հերքել տեսագրության ձեւաչափով իր հարցազրույցում ասվածը, որը համարում է զրպարտություն։ «․․․ես կատարել եմ արտահայտություններ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, գործակալ լինելու մեջ, և որ նրան նախորդ իշխանություններն են բերել, մտցրել խորհրդարան։ Հայտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Փաշինյանին»,-որպես պահանջ ասված է Փաշինյանի հայցադիմումի մեջ։ Ինչպես այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատասխանող կողմի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը (լուսանկարում)՝ իրենց միջնորդությունները, բացի մեկից, դատարանը բավարարել է․ «Իսկ մերժված միջնորդությունը վերաբերում է Նաիրի Հոխիկյանին որպես վկա դատարան հրավիրելուն։ Եթե կհիշեք, Նաիրի Հոխիկյանը որոշակի հայտարարություններ էր արել, իր եւ Ալեքսանդր Լապշինի խոսակցության ձայնագրությունն էր հրապարակել։ Այն, ինչ ասել է Նաիրի Հոխիկյանը, այս դատավարության ընթացքում բավականին մեծ նշանակություն կարող է ունենալ։ Բայց դատարանը մերժեց նրան որպես վկա հրավիրելու միջնորդությունը՝ գտնելով, որ նրա ցուցմունքներն այս գործով չեն կարող որեւէ ապացուցողական նշանակություն ունենալ։ Դատավարության ընթացքը դա ցույց կտա։ Ես պատրաստվում եմ դատաքննության ավարտական փուլում եւս մեկ անգամ պնդել այս միջնորդությունը»։



Հայկ Ալումյանը նաեւ շեշտեց՝ այս դատական նիստը չի տեսագրվում ԶԼՄ-ների կողմից, որովհետեւ հայցվոր կողմն է առարկել։



Հիշեցնենք՝ նախորդ նիստում Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Ինչ ես ասել եմ, դա հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են»։

 

ՏԵՍ՝

https://www.aravot.am/2021/11/19/1230355/?fbclid=IwAR2e8IHzt37jZS_N_do3QrRr0g2pXGRB956V92yiDpsmbcr34GI22c6eKYs

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button