20/10/2021 ԴԻՄՈՒՄ

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում`

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն  Լույոնին

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին

 

ՀՀ-ում ՌԴ դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին

 

ՀՀ-ում Իրանի դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին

 

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչին

 

ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

 

20 հոկտեմբերի, 2021թ.

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի տիկնայք և պարոնայք,

 

Սույն դիմումով կրկին հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում:

 

2021 թվականի օգոստոսի 5-ի գիշերը իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ: Քրեական հետապնդման մեջ գտնվող, գրավի դիմաց ազատ արձակված երկու անձ հատուկ պատվերի ներքո, գումարի դիմաց հանրավտանգ եղանակով ոչնչացրել են իմ ընտանիքին պատկանող  ավտոմեքենան, տուժել է նաև  հարևանս` հրկիզվել է նրա ավտոմեքենայի հետնամասը, բարեբախտաբար զոհեր չկան: Այս տեսարանը տեսագրվել է մի քանի տեսախցիկներով, սակայն հարուցված քրեական գործի շրջանակում ահաբեկչական ակտ կատարած անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը մի քանի օր առաջ, իսկ նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ չեն ստացվել:

 

Նախաքննական մարմինը մի քանի օր առաջ ինձ տեղեկացրեց, որ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը երկու անձի նկատմամբ (անձինք ովքեր մեկ այլ  քրեական գործով ունեն ամբաստանյալի կարգավիճակ և գրավի դիմաց ազատ են արձակվել),  նրանցից մեկը կալանավորված է, իսկ երկրոդի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր տիկին Արմինե Մելիքսեթյանը մերժել է կալանք կիրառելը: Տիկին Արմինե Մելիքսեթյանը այն անձն է, ով գործող իշխանության դեմ  քաղաքական դիրքորոշում հայտնողների նկատմամբ կիրառում է կալանքի որոշումներ:

 

Վերը նշված երկու անձինք ունեն հարուստ քրեական անցյալ, նրանցից մեկը գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ նաև վրաերթի միջոցով մարդ է սպանել: Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ահաբեկչական ակտ կատարող անձինք ունեն պատվիրատու և պատվիրատուն բավականին խոշոր գումար է վճարել նրանց:

 

Չնայած, որ նախաքննական մարմնին հայտնի է, որ իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան ոչնչացրել են հանրավտանգ եղանակով պատվերի ներքո, խոշոր գումարի դիմաց հանցավոր խմբի անդամները, ովքեր գտնվել են քրեական հետապնդման մեջ և գրավի դիմաց ազատ են արձակվել, սակայն քրեական հետապնդումը նրանց նկատմամբ տեղի է ունենում սեփականության դեմ ուղղված հանցագործության հանցակազմով: Մինչդեռ ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է իրականացվի հասարակության դեմ ուղղված հանցակազմ պարունակող, հանցագործություններ նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` ահաբեկչություն և ահաբեկչության ֆինանսավորում:

 

Այսինքն նախաքննական մարմնին` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներին, հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պայթյունի, հրկիզման, զգալի գույքային վնաս պատճառելով, հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման պայմաններում` վտանգ ստեղծող գործողություններ կատարելով, այն ուղղակի ֆինանսավորվել է, այն հետապնդել է հատուկ նպատակ՝ խախտել հասարակական անվտանգությունը, բնակչությանն ահաբեկել, ինչը ունեցել է և ունի նպատակ՝ հանցավորի կողմից լռեցնել ինձ ու իմ նման քաղաքական դիրքորոշում ունեցող անձանց, ովքեր դեմ են Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությանը և համարում են, որ նրանց վարած քաղաքականությունը դավաճանական է:

 

Ահաբեկիչները քրեական հետապնդման մեջ գտնվող անձանցից  ստեղծել են հանցավոր խումբ, նրանց ֆինանսավորել և տրամադրել են հատուկ նյութ, որի միջոցով իրականացվել է ահաբեչական ակտը: Թեպետ նախաքննական մարմնին հայտնի են նաև որոշ տվյալներ ահաբեկչական ակտը ֆինանսավորողի վերաբերյալ, սակայն այս ուղղութամբ անհապաղ գործողություններ չեն իրականացվում:

 

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև գործող իշխանության կողմից իմ հանդեպ տեղի ունեցած  ոտնձգություններին, որը կատարվել է 2021 թվականի մայիսի 20-ին և սեպտեմբերի 21-ին: ՀՀ ոստիկանության աշխատակիցները իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը խաղաղ հավաքների ժամանակ:  Առևանգման հատուկ գործողությունների ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, ինձ սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդումներ հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգով չեն արձագանքել:

 

Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումները ևս ու ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում:

 

https://www.youtube.com/watch?app=desktop&v=vNvatc3IHgs&fbclid=IwAR24mnyzaiT3FztiKsIvX0eag9CrSH0dF-ixIaRWcWL49L5HS--0UHR7tcw

 

https://www.youtube.com/watch?v=2TFMLDCA75o

 

https://m.youtube.com/watch?v=zCrTnFSBCG0&feature=youtu.be

 

Հարգանոք`

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button