14/04/2021 Ննջիր խաղաղությամբ, իմ պաշտելի՛ ծնող

 

Հա՛յր, վիշտն ու արցունքները խեղդում են ինձ…

 

Չգիտեմ՝ ի՛նչ բառերով արտահայտեմ մորմոքս…

 

Գիտեմ՝ լսում ես ինձ և ա՛յժմ, ինչպես որ ես իմ ողջ կյանքում լսեցի քեզ, խորհուրդներդ, պատմություններդ, պատգամներդ, և մեծացա ու դաստիարակվեցի դրանցով…

 

1925-ին մեր գերդաստանը գաղթեց հին Արաբկիրից և հաստատվեց խորհրդայնացված Հայաստանում` դառնալով Նոր Արաբկիրի առաջին բնակիչներից ու կառուցողներից: Եվ 1928-ին քո պապը` Համազասպ աղան, կանգնեցրեց մեր տունը`Արարատին նայող…

 

Սերված լինելով հին արաբկիրցիների, Համազասպ աղայի ու Հայկուհի տատի ազնվական գեներով` դու ողջ կյանքում կրեցիր դրանք` խորթ մնալով քաղքենիությանն ու գավառամտությանը:

 

 

Հա՛յր, դու միշտ սրբությամբ պահեցիր մեր գերված Արաբկիրից այստեղ բերված մասունքներն ու նմուշները, և իհարկե` մեծագույն սերն ու հողի կարոտը, որոնց կանչը քեզ 1999-ին տարավ հին Արաբկիր (ընկերոջդ` «Զորավար Անդրանիկ» միության նախագահ և ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, լուսահոգի Նորայր Մուշեղյանի հետ):

 

Ինձ միշտ կրթում էիր քո սիրելի հերոսի և իմ սիրելի հերոսը դարձած Զորավար Անդրանիկի մասին պատմություններով. մեր Ազգային հերոսի հուշակոթողը 2007-ին մենք միասին կանգնեցրեցինք մեր տան առջև…

 

Հա՛յր, դու երբեք չտրվեցիր փորձություններին, մանր սնափառությանը, կեղծակերպ հայրենասիրությանը, և մնացիր հավատարիմ քո արմատներին, բոլոր իրական հայրենասերների դավանանքին` Զենք ու Հավատ, որոնց գործածության հերոսական դրվագները ևս կան մեր գերդաստանի պատմության մեջ…

 

Հա՛յր, ես հավատում եմ, որ երկնքում կհանդիպես Հայոց ազգային հերոս և քո սիրելի Զորավարի հոգուն, և խիղճդ հանգիստ` շիտակ կնայես մեծն Անդրանիկին ու կավետես, որ իր կիսատ թողած գործը շարունակողներ հիմա՛ էլ կան (չնայած ամենասև դավաճանության պատճառով մեր ազգին նորից պատուհասած ցեղասպանությանն ու հայրենազրկմանը): Հիմա՛ էլ կան և կշարունակեն սուրբ գործը` մինչև հաղթական ավարտ, մինչև ազատագրված Արարատ և Հայրենի մեր բնօրրան…

 

Ննջիր խաղաղությամբ, իմ պաշտելի՛ ծնող: Դու միշտ կլինես իմ սրտի ամենանվիրական տեղում:

 

Զարուհի Համազասպի Փոստանջյան

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝

 

 

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
email sharing button