Նշանաբան

 

 

 

 

«Կուսակցության պատկերանշանը»

 

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր պատկերանշանը վերցրել է Սևանա լճի ավազանից գտնված՝ բրոնզից պատրաստված Երկրի և Մարդկության վերաբերյալ պատկերացման հինավուրց մոդելի  հիմքային հատվածից: Հինավուրց գտածոյի հիմքային հատվածը պտտված դիրքով ընտրվել է որպես «Երկիր Ծիրանի» կուսակցության խորհրդանիշ: Ամբողջական նշանը, որը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում, հանդիսանում է Երկրի եռաչափ մոդելը, որը հին մարդու պատկերացումն է աշխարհի կառուցվածքի վերաբերյալ: Նշանի մեջտեղում շեղանկյունն է, ինչն ըստ հնագետների Աստծո պատկերավոր նշանն է, որից չորս ուղղություններով գնդում ամփոփված ճառագայթներ են արձակվում: Այսպես պատկերված են աշխարհի չորս կողմերը: Ճառագայթներից երեքը վերցված են գնդի մեջ, ինչը նշանակում է միասնություն, պտղաբերություն և ներդաշնակություն: Մեջտեղում՝ երեք մասերից բաղկացած, մեկը մյուսի մեջ միահյուսված մասերը պատկերում են եռամիասնությունը՝ սկիզբ, զարգացում և ավարտ: Տարբեր կողմեր մատնացույց անող երկու սլաքները հանդիսանում են հակադիր կողմերի՝ միասնության, բազմազանության խորհրդանիշ, որը հիմնականում ունի նույն սկզբնաղբյուրը: Ձախ և վերևի շրջանակներն ունեն ճառագայթներ, որոնք խորհրդանշում են Կրակը և Հավերժությունը, հաստատուն, կրկնվող Շրջափուլը: Աջ սլաքն ամփոփված չէ շրջանակի մեջ. այն Շարժման, Ժամանակի, Առաջընթացի  խորհրդանիշն է, որն իրականանում է միայն մեկ անգամ և այլևս երբեք չի կրկնվում: Նրա ետևում գտնվող շրջագիծը խորհրդանշում է հիշողությունը, որտեղ մնում է այդ սլաքի շարժման մասին տեղեկատվությունը: Ներքևի սլաքն ամփոփված է երկու շրջանակի մեջ: Այս նշանը պտղաբերության, արական և իգական միասնության, պահպանող և արարող սկզբի խորհրդանիշ է: Այս նշանը պատկերում է Երկիրը, նրա ամուր հիմքը, որի վրա կանգնած է ողջ աշխարհը:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այս նշանի հիմքը հանդիսացող մասը նախընտրել է ունենալ որպես կուսակցության պատկերանշան՝ այն համարելով հինավուրց՝ պտղաբերության, արական և իգական միասնության, պահպանող և արարող սկզբի խորհրդանիշ, Երկրի ամուր հիմք, որի վրա կանգնած է ողջ աշխարհը: Առասպելական ավանդապատումներում շատ հաճախ Կենաց ծառը պատկերվում է Երկրի կենտրոնից կամ «պորտից» դեպի Երկինք խոյացող ծառի տեսքով, որի ուղղաձիգ առանցքը կապում է երեք աշխարհները՝ վերևինը (երկինքը), մեջտեղինը (երկիրը) և ներքևինը (ստորերկրյա աշխարհը): Կենդանիները, մարդիկ և ոգիները Կենաց ծառի վրա տեղաբաշխվում են ըստ այդ երեք աշխարհների: Իր էությամբ Կենաց ծառի խորհուրդը շատ մոտ է Տիեզերական լեռան` Արարատի խորհրդին: Երբեմն դրանք համընկնում են, հաճախ՝ լրացնում մեկ մեկու: Որոշ դեպքերում Կենաց ծառը պատկերվում է շրջված, այսինքն՝ արմատները գտնվում են երկնքում, իսկ տերևները՝ երկրի վրա:

 

Ղևոնդ Ալիշանը վեդայական գրականությունում հիշատակվող հենց Կենաց ծառն է նկատի ունեցել որպես Աստծո առավել հավանական խոհրդանիշ, երբ գրել է. «Գուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական Աստուատթան, որ գերագույն մի բան է նշանակում` արմատը երկնքում, գլխիվայր աստվածային ծառ, որից կյանքն է բխում, որ ինքն իսկ Բրահման է, և շատ այլ բան, շատ այլ առասպել»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր պատկերանշանն ընտրել է՝ հիմնվելով հենց այս ուսմունքի վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝