![]() |
||
Զարուհի Փոստանջյան
Նախագահ
«Մենք հավատարիմ ենք մարդկության բարիքների միակ աղբյուրին՝ ազատությանը»:
|
Հազարամյակներ առաջ մեր նախնիները, ապրելով և արարելով հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում, կազմավորել են հինավուրց հայ ազգը: Այսօր մեզ` ժամանակակից հայերիս, բախտ է վիճակվել ներկայացնել ու փոխանցել հինավուրց հայ ազգի քաղաքակրթությունը ապագա սերունդներին և մարդկությանը:
Մենք՝ հայերս, հավատում ենք, որ մեր ազգի ծնունդը սկիզբ է առել ազատությունից և համոզված ենք, որ քաղաքակիրթ աշխարհում մենք ունենք հավասար իրավունքներ:
Մենք հավատարիմ ենք «մարդկության բարիքների միակ աղբյուրին»՝ ազատությանը:
Մենք գիտակցում ենք, որ ինչպես հազարամյակներ և դարեր առաջ, այսօր էլ մեր ազատությունները և իրավունքները պահանջում են պաշտպանություն:
Մենք պատերազմի մեջ ենք և վարում ենք սրբազան պատերազմ հանուն մեր Հայրենիքի և Ազգի ազատության:
Մենք ունենք և արտաքին և ներքին թշնամի:
Եթե արտաքին թշնամու հետ հանդիպումը և բախումը տեղի է ունենում սահմանին, ապա հանդիպումը և բախումը ներքին թշնամու հետ տեղի է ունենում ազգային մեծ մարտադաշտում` կառավարություն, նախագահ, խորհրդարան, դատարան, եկեղեցի և այլն:
Ներքին թշնամին ազգային գորշ միջակություններից կազմված վերնախավն է և նրան սպասարկող ավտորիտար համակարգը, որը ժամանակակից հայ ազգի համար ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին:
Մենք՝ ժամանակակից հայերս, պարտավոր ենք նվիրել մեզ այն գործի ավարտին, որը մեզանից առաջ սկսել և արժանապատվությամբ առաջ են մղել Հայրենիքի և Ազգի ազատության կամավոր մարտիկները:
Մենք պարտավոր ենք մեր նախնիների` ազատության կամավոր մարտիկների նման «գրկել ազատությունը», «ուխտել` սիրել ազատությունը», կամավոր անցնել «ազատության փշոտ ճանապարհը» և «չնահանջել նեղությունից»:
Մեր Հողի և մեր Ազգի համար մենք շատ ենք զոհաբերել: Այսօր մեր մեծ հարցի լուծումը և մեր բաղձալի ազատություններին հասնելը շարունակում է մնալ որպես հիմնահարց: Մենք պետք է պարտավորություն ստանձնենք ավարտին հասցնել մեր ազատատենչ նախնիների սրբազան գործը, ովքեր մեզանից դարեր առաջ և այսօր նվիրաբերել և նվիրաբերում են իրենց կյանքը:
Մենք համոզված ենք, որ մեր Հողի և Ազգի ազատության համար նվիրաբերված անգին կյանքերը և կատարված անգին գործը իր նպատակին է ծառայել: Ազատության կամավոր մարտիկների գործը ունի շարունակություն: Նրանց պատգամները և երկերը ապրում են մեր մեջ, նրանք ունեն հետևորդներ, ովքեր տոգորված լինելով քաղաքական կամքով, ունենալով քաղաքական ծրագիր և ազգային հավատամք, ինքահամախմբման, ինքնակազմակերպման և ինքնաազատագրման միջոցով դառնալու են հայոց հզոր ազգային պետականության քաղաքացիներ:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝
|