ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

Չնայած նրան, որ մենք՝ հայերս, արդեն 25 տարի ունենք անկախ պետականություն, մինչ այժմ, սակայն, շարունակում ենք պարտադրված ապրել օտար երկրներում: Բացի այդ` այս 25 տարիների ընթացքում հին Սփյուռքի շարքերը լրացրել են անկախ Հայաստանից արտագաղթած հայերը:

 

Ազգահավաքի խոչընդոտման և ահազանգող չափերի հասնող արտագաղթի հիմնական պատճառը Հայաստանում շուրջ քառորդ դար գործող անօրինական իշխանությունն է և նրա կողմից սպասարկվող բռնակալական` օլիգարխիկ համակարգը:

 

Անկախության հենց առաջին տարիներից սկսած՝ հայ ազգի բոլոր հատվածներից յուրացվել է քաղաքական իշխանությունը և ճնշվել նրա օրինական ցասումը:

 

1995 թվականին զանգվածային կեղծիքներով ընդունվել է Հայաստանի Սահմանադրությունը, որն արգելում էր սփյուռքահայությանն ունենալ երկքաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում ղեկավարող կուսակցությունները (ՀՀՇ-ն` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանը և ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ) վախենում են ներգրավել ողջ հայությանը Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում:

 

2005 թվականի Սահմանադրական փոփոխությունները թույլատրեցին ունենալ երկքաղաքացիություն, սակայն մտցվեց մեկ այլ արգելք` Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ այն հանգամանքից, որ ունի Հայաստանի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն, կարող է իրացնել ընտրելու և ընտրվելու իրավունքը, եթե մշտապես ապրում է երկրում:

 

Այս 25 տարիների ընթացքում Սփյուռքի ավանդական հայկական կուսակցությունները, և ո´չ հին, ո´չ նոր Սփյուռքը չեն ունեցել հնարավորություն` մասնակցություն ունենալու և ներգրավվելու Հայաստանի քաղաքացիական ու քաղաքական կյանքին: Ներկայումս գործունեության այդ տարածությունը մնում է բաց և կարիք ունի շտապ լրացման:

 

Հայաստանում ապրում է հայ ազգի ընդամենը 10%-ը, որի կեսից ավելին գտնվում է աղքատության մեջ և խոցելի է: Դա նշանակում է, որ նման պայմաններում դժվար է պատկերացնել ժողովրդավարական ձևի կառավարման հիմնադրում և ազատ, անկախ ու անվտանգ Հայաստանի երաշխավորում: Հետևաբար, եթե ցանկանում ենք ունենալ անվտանգ, անկախ և ժողովրդավար Հայաստան, ապա ողջ հայությունը պետք է մասնակցի Հայաստանի քաղաքացիական և քաղաքական գործընթացներին:

 

ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականապես առավել ակտիվ հայկական Սփյուռքը հիմնականում սահմանափակվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնելուն ուղղված գործունեությամբ: Ի տարբերություն նրանց` Ռուսաստանի հայկական համայնքը անմասն է մնում Հայաստանի քաղաքական հարցերի վերաբերյալ շահերի սպասարկումից:

 

Հայաստանում և նրանից դուրս ապրող հայ ազգը  քաղաքական հարցերի շուրջ ապրում են միմյանցից անկախ: Աշխարհով մեկ սփռված հայությունը չունի միասնական ազգային քաղաքական օրակարգ:

 

Անկախության 25 տարիների ընթացքում հայկական Սփյուռքի հիմնական դերը եղել է Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելը: 1991 թվականից առ այսօր Հայաստանը ստացել է մի քանի միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն Սփյուռքից և ԱՄՆ-ի կառավարությունից: Վերջին 15 տարիներին Ռուսաստանի Դաշնության հայերից դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի միջինը 15%-ի չափով (հնարավոր է, որ իրական թիվը երկու անգամ ավելին է՝ եթե հաշվի առնենք ոչ բանկային, ստվերային փոխանցումները):

 

Կարող ենք արձանագրել, որ անկախության 25 տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ են մտել Հայաստան` որպես ֆինանսական օգնություն, սակայն այդ միջոցները չեն ազդել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ նշված ֆինանսական օգնությունը չի ունեցել քաղաքական ուղղվածություն և նպատակայնություն: Եվ հիմնականում այդ օգնության նպատակը եղել է բարեգործությունը:

 

Ժամանակակից աշխարհում հայկական Սփյուռքը՝ մեր անդրսահմանային հայ ազգը, պետք է վերանայի իր դերը Հայաստանի հանդեպ: Դոնոր կառույցից նա պետք է վերածվի քաղաքական դերակատարում ունեցող կառույցի` Հայաստանի ամենօրյա կյանքում:

 

Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից հայկական Սփյուռքի գրեթե կեսը հիմնականում այն հայերն են, ովքեր լքել են Հայաստանն անկախության տարիներին և ունեն ամուր կապ Հայրենիքի հետ, սակայն որպես մարդկային կապիտալ, փաստորեն, չեն մասնակցում քաղաքական կյանքում, կարելի է ասել, որ քաղաքականապես ակտիվ, որակյալ հայկական մարդկային կապիտալը զրկված է հնարավորությունից` ազդելու երկրի զարգացման վերաբերյալ որոշումների ընդունման վրա: Աշխարհով մեկ սփռված այդ միլիոնավոր հայերն ունեն Հայաստանի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն: Սակայն նրանք, գտնվելով Հայաստանից դուրս, ցավոք, իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին (օրենսդրությունը արգելում է):

 

Արցախի Հանրապետության քաղաքացիները ևս զրկված են ընտրական իրավունքից Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանություն ձևավորելու հարցում(օրենսդրությունը արգելում է):

 

Փաստացի, ակտիվ հայությունը չի մասնակցել և չի մասնակցում անկախ Հայկական պետականության կառավարմանը:

 

Հանրային և պետական ինստիտուտները, որոնք կոչված են իրականացնել պետական իշխանությունը Հայաստանում, մասնավորապես` նախագահ, կառավարություն, խորհրդարան և դատարաններ 25 տարիների ընթացքում չեն ձևավորվել ազատ ընտրությունների հիման վրա:

 

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն (2015 թվական) նույնպես կեղծվել է: Փոփոխությունների նպատակն էր ղեկավարող նախագահի՝ որպես գործադիր իշխանության առաջին դեմք, առաջադրվելու արգելքի վերացումը: Փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը նախագահական երկրորդ ժամկետից հետո ցանկանում է շարունակել մնալ որպես երկրի առաջին դեմք:

 

21-րդ դարի Հայաստանն իր աշխարհասփյուռ հայրենակիցների կարիքն ունի ոչ թե իբրև դոնորների, այլ որպես ակտիվ քաղաքացիական և քաղաքական դերակատարների, ովքեր անմիջապես ուղղակիորեն կմասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին:

 

Հայ ազգն իր քաղաքական մարմինների` խորհրդարանի, նախագահի, կառավարության նոր ընտրություներ պետք է անցկացնի: Այդ ընտրություններին պետք է մասնակցի համասփյուռ հայությունը:

 

Այնպիսի քաղաքական ինստիտուտի ներդրումը՝ ինչպիսին է ազատ, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրությունների անցկացումը համասփյուռ հայության մասնակցությամբ, առաջին հիմնաքարն է` նախադրյալ Հայաստանի հզոր զարգացման:

 

 

Այս ուղղությամբ մեր գործողություններն են`

 

  • Ձևավորել անդրսահմանային հայ ազգի քաղաքական կառույցների ցանց Հայաստանի, Արցախի և  աշխարհի հայաշատ քաղաքներում:
  • Մշակել և ընդունել համազգային զարգացման ծրագիր:
  • Ընտրել պատվիրակներ հայ ազգի   երկու հատվածներից (հայկական պետականության  ներքո ապրող և անդրսահմանային հայ ազգի ներկայացուցիչներից) Գլոբալ հայկական համազգային համաժողով հրավիրելու համար:
  • Մշակել Գլոբալ հայկական համազգային համաժողովի օրակարգը:
  • Գլոբալ հայկական համազգային համաժողովում առաջադրել և ընտրել ժամանակավոր կառավարության կազմ, որը պետք է նախապատրաստի համասփյուռ հայության մասնակցությամբ հայկական միասնական պետականության քաղաքական մարմինների ընտրությունները:
  • Հաստատել ժամանակավոր կառավարության գործունեության սկզբունքները և նրա գործունեության կանոնակարգը:
  • Հաստատել ժամանակավոր կառավարության գործողությունների ծրագիրը և ժամկետը:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝