Զարուհի Փոստանջյան

 

Իմ տարերքը:

 

Տասը տարի լինելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, հանդես գալով հայ ազգի անունից, օգտագործել եմ և´ միջազգային, և´ ազգային ամբիոնները` բարձրաձայնելու ճշմարտությունը, տարածելու ազգային շահը հետապնդող գաղափարներ, սկզբունքեր ու ծրագրեր: Իսկ մինչ այդ` շուրջ տասը տարի, եղել եմ փաստաբան, ծավալել եմ իրավապաշտպան գործունեություն:

 

Ես ընտրել էի իրավաբանությունը, ինձ ընտրեց քաղաքականությունը:

 

Իմ կյանքի երիտասարդության և հասունության այս երկու տասնամյակներն անցել են տարերքի մեջ: Զույգ ճակատներում ծավալածս գործունեությունը եղել է բուռն ու կրքոտ, ավելի հաճախ սառը շրջահայեցությամբ պայքար, որն արձանագրել է նաև հաջողություններ` երբեմն ամենաանհնարինը դարձնելով հնարավոր:

 

 

 

 

Որտեղից եմ ես գալիս:

 

Ծնվել եմ Երևանում, ծնողներս նույնպես ծնվել են Երևանում: Ինձ մեծացրել և դաստիարակել են տատիկներս: Իմ մայրական կողմը Վանից է, հայրականը` Արաբկիրից: Իմ երկու տատիկները ճաշակել էին Մեծ եղեռնի դառնությունը: Վանեցի տատիկս ճակատագրի բարեկամեցողությամբ կոտորածից հետո հայտնվել էր Ալեքսանդրապոլի` ներկայիս Գյումրու որբանոցում, որտեղից նրան գտել էր քույրը: Հայրական տատիկս նույնպես` հրաշքով ողջ մնալով ու փրկվելով թուրքական յաթաղանից, ջարդերից հետո արաբկիրցիների ցիրուցան շառավիղով, 1925 թվականին կազմակերպված առաջին ներգաղթի շնորհիվ եկել է Երևան: Որքա՜ն երախտապարտ և շնորհակալ եմ իմ ճակատագրից, որ իմ պապերն ու տատերը փրկվել, եկել են Արևելյան Հայաստան, և որ ունեմ Հայրենիք ու ինձ լիարժեք հայ եմ զգում: Հավանաբար` նախախնամության մատը խառն էր, որ նրանք փրկվեցին և օջախ հիմնեցին այս մի բուռ Հայրենիքում, չգնացին օտար ափեր կամ էլ չմնացին ու չապրեցին որպես թուրք կամ քուրդ:

 

Արաբկիրցիների միասնական կազմակերպված ներգաղթը և Նոր Արաբկիր ավանի հիմնադրումը բնիկ արաբկիրցիների համար  հնարավորություն էր նոր կյանք սկսելու` հարազատ կենցաղին և նիստուկացին համապատասխան, ինչի շնորհիվ նաև ինձ են փոխանցվել արաբկիրցիների վարքն ու բարքերը, ավանդույթները: Նոր Արաբկիրի իմ հայրական տունը, որ ցայսօր կանգուն է, 1928 թվականին կառուցել է հորական պապս` Համազասպ աղան, ով ճարտարապետ-շինարարի մասնագիտությամբ աշխատել էր Պոլսում:

 

Արաբկիրը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի կարևոր և զարգացած քաղաքներից էր: Արաբկիրցիների համար առևտրային կենտրոնը հիմնականում Հալեպն էր, իսկ մշակութայինը` Պոլիսը: Տատիկս պատմում էր, որ Երևանում ապրող բոլոր պոլսահայերն ամուսնու` իմ Մինաս պապիկի ընկերներն էին, որոնք, համաձայն ավանդույթի, հյուրընկալվում էին մեր հայրական տանը: Խոսում էին ոսկեղենիկ արևմտահայերենով և լի էին հավատով, որ «օր մը կուքա», կվերադառնան Արաբկիր` սրբազան Եփրատի վտակի` Ոսկե գետակի ափին փռված իրենց հարազատ քաղաքը:

 

Ցավոք, վանեցի տատիկս ծննդավայրից գրեթե ոչինչ չէր հիշում: Վանի մասին նա գիտեր քրոջ պատմածից: Գիտեր, որ ինքը «փեշով» Տիգրանի` հարուստ վաճառականի, կրտսեր դուստրն է: Մեծանալով քրոջ խնամքի ներքո՝ հասունանալով և ընտանիք կազմելով ըմբոստ Գրիգորի հետ, ով արդեն ճաշակել էր ստալինյան բռնաճնշումները, վանեցի տատիկս հետո պետք է տեսներ նաև ստալինյան 1949 թվականի աքսորը` արդեն իր չորս զավակների հետ միասին, որոնց թվում նաև մայրիկս էր:

 

Տատեր-պապերս, նրանց ծնողները, նաև իմ ծնողները ճարտարագետներ են, ուսուցիչներ, շինարար-ճարտարապետներ, արհեստավորներ և, միևնույն ժամանակ, քաղաքականապես հասուն, մեծ գաղափարի կրողներ, ովքեր ինձ պարգևել են երջանիկ և բարեկեցիկ մանկություն, փոխանցել ազատատենչ պայքարի ոգի:

 

Իմ աշխարհընկալումը ձևավորվել է մի ընտանիքում, որն ապրել ու կրել է իր վրա Օսմանյան և Խորհրդային կայսրությունների ոճրագործությունների կնիքը: Իմ ընտանիքում հասկանում և գիտակցում էին մայրաքաղաքներ Պոլսի ու Մոսկվայի ժամանակավորությունը պետականություն չունեցող հայ ազգի կյանքում և մշտապես քաջալերում պայքարը հանուն ազատությունների ու ազգային իղձերի իրականցման:

 

Ուսանողական տարիներին հանդիպել եմ ամուսնուս, ով դարձավ իմ կյանքի կարևոր մարդը: Նա բժիշկ է, ղեկավարում է ատամնաբուժական կլինիկա: Ծնողներս ինձ նվիրել են կյանք և բարի աշխարհ, ամուսինս` անսահման սեր ու չորս դստրերիս:

 

 

 

Ինչ եմ ես ցանկանում, փնտրում, երազում:

 

Երբեք չեմ դադարում լինել ըմբոստ: Բանն այն է, որ երկու երևույթի հանդեպ խորն ատելություն ունեմ` անտարբերության և անարդարության: Սրանց մեջ են թերևս իմ ըմբոստության արմատները: Եվ այդ առումով իմ ըմբոստությունը իմ հոգուն կարծես անդորր է բերում:

Իմ երևակայությունն անկանգ գործում է, ես շատ եմ երազում և հավատում  իմ անսահման երազանքների իրականացմանը:

 

Ինձ համար`

 

ազատությունը բարձրագույն իմաստնություն է,

սերը` անսահման ուժ,

հավատը` բացարձակ հավերժություն:

 

Ես մշտաներկա մի համոզմունք ունեմ՝ կրթությունը և աշխատասիրությունը ստեղծում են բարեկեցիկ կյանք, իսկ ազատությունը և հայրենիքը` պարգևում երջանկություն:

 

Իմ երազը դարավոր է: Իմ երազը միայն իմը չէ: Իմ երազը միայն իմ պապերինն ու տատերինը չէ. այն պատկանում է մեր բոլոր ազատատենչ նախնիներին, միլիոնավոր անմեղ նահատակներին և ներկա ու ապագա  սերունդներին: Մենք` որպես ազգ, սերվել ենք մաքրամաքուր ակունքներից, և մեր ազգի մայր Ծովինարի ուժը, իմաստնությունն ու սերը մեր մեջ ապրելու է հավերժ:

 

 

Զարուհի Փոստանջյան 

 

 

 

ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝