Մենք ընտրեցինք «Երկիր Ծիրանի»
Ճանաչելով հայ ազգի հայրենի բնօրրանը` Հայկական բարձրավանդակը և հարակից տարածքները որպես հիմք ժամանակակից հայկական քաղաքական հայտի իրացման համար՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նպատակ է հետապնդում միավորել համայն հայությանը ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ և ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտման շուրջ:
Հայաստանի տարածքային ամբողջականության դրսևորումը բնիկ հայկական տեղանունների համակարգն է: Հայաստան-Արմենիան պատմական սկզբնաղբյուրներում փաստարկված է Արատտա, Արմանի/Արմանում, Հայասա, Նաիրի, Արարատ (Ուրարտու), Բիայնա (Վան), Արմինա, Մեծ Հայք և Փոքր Հայք թագավորությունների անվանումներով:
Մեր հայրենիքի անվան առաջացման մասին գոյություն ունեն ավանդական և էթնիկական ստուգաբանություններ։ Արմանի/Արմանում անվան ստուգաբանությունը ԾԻՐԱՆԻ անունն է, որով մի շարք հին լեզուներով կոչվել է մեր հայրենիքը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիրները, որոշելով մեկտեղել միևնույն ժամանակ և՛ հայկական, և՛ քաղաքական, և՛ հայոց երկիրը, և՛ արդարություն խորհրդանշող հասկացությունները, ընտրեցին անուն, որը թույլ է տալիս մեկ հասկացության մեջ միավորել այս ամենը և մեր երկրի հինավուրց անուններից մեկը` «Երկիր Ծիրանի»:
Հայկական քաղաքական պատմության մեջ առաջին անգամ կուսակցությունը ստացավ չթարգմանված, չկրկնվող և չօգտագործված հասկացություն՝ ներառելով հայ ժողովրդի հայրենիքի անվանումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիրները նախընտրեցին անվանել կուսակացությունը հայ ազգին պատկանող հայրենիքի այն աշխարհագրական և քաղաքական հին անվամբ, որը հիշատակվել է հայոց ավելի քան հինգհազարամյա պետականության ու քաղաքակրթական արժեքների էթնոհոգևոր, քաղաքական և մշակութային պատմությունը փաստարկած հնագիտական, սեպագիր, անտիկ և միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներում ու պատմական հուշարձաններում:
«Երկիր Ծիրանի» անվանումն աշխարհագրական և քաղաքական քարտեզ է` Հայկական բարձրավանդակ և հարակից տարածքներ:
Ծիրան բառի «Ստուգաբանությունը»
Ծիրան բառն ունի հայկական ծագում: Ստուգաբանորեն ծիրան նշանակում է տիեզերական պտուղ: Հայոց լեզվում ծիրանանալ նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ, կայսերանալ, ծիրանազարդվել: Ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է թագավորածին, արքայածին, արքայազն կամ արքայորդի: Ծիրանակիր նշանակում է թագավոր, արքա:
«Ծիրանենու մասին»
Ծիրանենին ամենահայկական ծառն է՝ ի բնե սերված, մերված է հայկական հողից և հայկական հողն ամուր պահողն է:
Մեծ Մասիսի լանջի Ակոռի գյուղը եղել է հայկական հնագույն բնակավայրերից մեկը։ Այն կործանվել է 1840 թվականին՝ երկրաշարժի ժամանակ։ Գերմանացի ճանապարհորդ, բնագետ Մորից Վագները այդ երկրաշարժից երեք տարի անց` 1843 թվականին, Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը։ Նրանց զարմացնում է, որ երկրաշարժը Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, բայց ահա գյուղի հռչակավոր այգուց անվնաս էր մնացել տասներեք ծիրանենի։
- Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,- զարմացած բացականչում է Մորից Վագները։
- Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները։ Չէ՛, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի։
-Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է, - ասել է Մորիս Վագները։
«Հայկական ազնվագույն երգերից մեկը կոչվում է Ծիրանի ծառ: Ծիրանի ծառ մեծ, սիմվոլիկ արժեք ունի հայոց հոգիին մեջ»:
Վիլյամ Սարոյան
«Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի և նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը»:
Ակսել Բակունց
«Ծիրանի գույն»
Ծիրանի գույնը ոչ միայն ծիրանի պտղի գույնն է, այլ ներառում է նաև այլ գույներ` porphyreos (πορφύρα porphúra) «մուգ կարմիր, բոսոր», երբեմն` «յասամանագույն, կարմիր, մանուշակագույն»:
Հայերը «ծիածան» հասկացության ներքո օգտագործել են նաև «ծիրանի գոտի» անվանումը, որի օգտագործումն առնչվում է ծիրանի գույնի հետ, ինչը մատնանշում է ոչ միայն ծիրան պտղի գույնը, այլ ծիածանի բոլոր գույները: Հայկազյան բառարանը ծիրանի գույնի համար ներկայացնում է բազում իմաստներ` կարմրից մինչև մանուշակագույն, այսինքն, ծիածանի գրեթե ողջ գունաշարը: Ծիածանի երկնային էության պարագայում, այս գույնն առնչվում է երկնային «ծով ծիրանի» պատկերացման հետ: Դա ամպրոպի աստծո և նրա հակառակորդի կռվի «մարտադաշտն է, երկնքի ու երկրի միջև ընկած տարածությունը, տեսանելի ջրային երկինքը», որը կոչվում է նաև արյունակարմիր, արյուն ծով:
Այս «ծով ծիրանին» նաև ուղղակի Ծովինարի անագրամն է` Ծովինարը մարմնավորում է այդ երկնային ծիրանի ծովը: Այսինքն` անկախ իր պարզորոշ գունային, նկարագրական թվացող իմաստից, այս անվանումը կապված է հին` ժողովրդական տիեզերաբանական պատկերացումների հետ:
Հայոց արքաների պատմուճանները որդան-կարմիրով էին ներկված: Որդան-կարմիրը շատ հարգի գույն էր, արքայական պատմուճանները կոչվում էին «ծիրանի», արքաներին նաև ծիրանավոր էին կոչում, իսկ արքայազներին՝ «ծիրանածին», այսինքն՝ ծիրանի հագնողից՝ արքայից ծնված։
«Ծիրանի» բառն իր մեջ ներառում է տարբեր գույներ, իսկ թե ո՞ր դեպքում որ գույնն է որոշիչ, կախված է այն բանից, թե ի՞նչ իմաստով է այն օգտագործվում և որ բառերի հետ:
Ծիրանը մի շարք հին լեզուներում կոչվել է Հայաստանի անունով՝ որպես հայկական կամ հայաստանյան պտուղ: Այսպես. հին հռոմեացիները իրենց լեզվով (լատիներեն) ծիրանն անվանել են armeniacum (հայկական), բուսաբանության մեջ այժմ ծիրանի ընդունված լատիներեն անվանումն է Prunus armeniaca (հայկական սալոր), իտալերենով ծիրանի անուններից է armellino, արաբերենով ծիրանը կոչել են տուֆֆահ ալ-արմանի (հայկական խնձոր): Միջագետքում արաբներին նախորդել են արամեացիները, ովքեր ծիրանը կոչել են hazzura armenaja, դարձյալ՝ հայկական խնձոր: Արամեացիներին Միջագետքում նախորդել են աքքադացիները, որոնք այս երկրի բնակիչներ են եղել հնագույն ժամանակներից (նրանց լեզվով արձանագրությունները գալիս են մ.թ.ա. III հազարամյակից): Աքքադերեն ծիրանը կոչել են armanu: Օգտագործվել է նաև armanis աքքադական բառը, որը նշանակել է ծիրանանման:
«Կենաց ծառ»
Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական ժողովուրդների դիցաբանական, ծիսական և հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Կենաց ծառի պաշտամունքը փաստում է այդ ժողովուրդների նստակյաց ապրելակերպի և երկրագործությամբ զբաղվելու մասին: Հայկական բանահյուսությունը վկայում է ծիրանենու Կենաց ծառ լինելը։ Կան բազմաթիվ և բազմաբնույթ հինավուրց օտարերկրյա գրավոր հիշատակություններ, որոնց մեջ Հայկական բարձրավանդակը և նրա հարակից տարածքները հին ժողովուրդների պատմական և դիցավիպական աշխարհընկալումներում ներկայացվում են որպես Ծիրանի կամ աստվածների երկիր, արարչագործության կամ աշխարհի կենտրոն, սրբազան դրախտավայր կամ երկրի «պորտ», որով անցնում է երկրի և տիեզերքի առանցքը, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին:
Հնագիտական պեղումների ժամանակ Սևանա լճի մոտ՝ Լճաշենում, հայտնաբերվել է արիական Տիեզերական ծառը խորհրդանշող բրոնզե գտածո, որը պատկանում է ք.ա. II հազարամյակին: Այդ գտածոյի մի հատվածն է խորհրդանշում «Երկիր Ծիրանի» կուսակցության պատկերանշանը։
Ծիրանենին հայ ժողովրդական երգերում խորհրդանշում է հայրենիքը։
Մրգերից միայն ծիրանն է հեշտությամբ ձեռքով երկու հավասար մասերի բաժանվում և միայն ծիրանի փայտից են պատրաստում մեր ազգային երաժշտական գործիքը՝ ծիրանափողը։ Մենք՝ հայերս, հենց այդ ծիրանափող գործիքի աստվածային երաժշտությունն ենք նախընտրում։
Հայկական դիցաբանության մեջ Կենաց պտուղը` Ծիրանը, աստվածային սիրո հավերժական ծիրն է, որի սերմն ինքը՝ Արարիչն է գցել մեր հողի մեջ։
«Ծիրանափողի երաժշտությունը»
Մենք՝ հայերս, երաժշտական մշակույթ կրող ազգերից ենք և ունենք մեր ուրույն հայկական երաժշտությունը։
Մեր երաժշտական մշակույթը սկիզբ է առնում մ.թ.ա. հազարամյակներ առաջ։
Դուդուկ կամ Ծիրանափող հայկական եզակի փողային գործիքի միջոցով մենք և ողջ աշխարհը վայելում են անկրկնելի հայկական մեղեդիներ:
«Երկիր Ծիրանի»` աշխարհում ամենախորհրդավոր, առեղծվածային երաժշտական գործիքներից մեկի` հայկական դուդուկի հայրենիք: Հայկական ծիրանի ծառից պատրաստված այս գործիքը անասելի խորության հնչյունների միջոցով թափանցելով մարդու ներաշխարհ՝ ալեկոծում է այն:
Դուդուկը հայկական խորհրդանիշներից մեկն է:
2005 թ.-ին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:
ԿԻՍՎԵԼ ՆՅՈՒԹՈՎ՝